Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հուլիս

Ֆրանսիան ըստ անհրաժեշտության պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել. Փաշինյան

Ֆրանսիան ըստ անհրաժեշտության պատրաստ է նաև ռազմական աջակցություն 
ցուցաբերել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հայտնել է, որ Ֆրանսիան, ըստ անհրաժեշտության, պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել  հարցի կարգավորման միջազգային ջանքերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ արտահերթ նիստում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

Փաշինյանը հիշեցրեց, որ հեռախոսազրույց է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հետ:  «Ֆրանսիայի նախագահի դիրքորոշումը նույնպես եղել է միանշանակ: Ավելին՝ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ ինքը դիտարկում է հարցի տեղափոխումը ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ և ասել է, որ անվտանգության ՄԱԿ-ի մանդատով, ըստ անհրաժեշտության, Ֆրանսիան պատրաստ է նաև ռազմական աջակցություն ցուցաբերել հարցի կարգավորման միջազգային ջանքերին»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի պաշտոնակատարը շատ կարևոր համարեց, որ անվտանգության խորհրդի մշտական անդամներն այդ թեմայով միմյանց հետ հաղորդակցության մեջ լինեն, քննարկեն:

Մայիսի 12-ից Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ են արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]