Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Հունիս

Ավարտական քննությունները դեկտեմբերին չհանձնած 148 շրջանավարտ կկարողանա հանձնել հունիսին

Ավարտական քննությունները դեկտեմբերին չհանձնած 148 շրջանավարտ կկարողանա 
հանձնել հունիսին

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020-2021 ուստարվա դեկտեմբեր ամսվա պետական ավարտական քննությունների հայտ ներկայացրած, բայց քննություններին չմասնակցած շրջանավարտներին հնարավորություն կտրվի քննությունները հանձնել հունիս ամսին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԳԹԿ մամուլի խոսնակ Խաչանուշ Գրիգորյանը և հավելեց, որ ընդհանուր առմամբ այդ շրջանավարտների թիվը 148-ն է:

«Այս որոշումը կայացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ քննարկումների արդյունքում: Հայտագրումը կարելի է կատարել մինչև 2021 թվականի մայիսի 17-ը, ժամը 18:00-ն: Արդեն տևական ժամանակ է ձևաչափ է մշակվել և այդպես են իրականացվում պետական ավարտական քննությունները: Աշակերտների համար, որպեսզի ավելի հեշտ լինի և երկրորդ կիսամյակում կարողանան սևեռվել այն 2 առարկայի վրա, որոնցից միասնական քննություն պետք է հանձնեն, նրանց հնարավորություն է տրվում ավարտական քննությունները հանձնել դեկտեմբերին: Այժմ, այն անձինք, ովքեր դեկտեմբերին հայտագրվել են, սակայն ինչ-ինչ պատճառներով չեն մասնակցել այդ քննությանը, հնարավորություն են ստացել հունիսին մասնակցել»,- նշեց Գրիգորյանը:

Արագածոտնի, Արարատի, Տավուշի մարզերից 9-ական շրջանավարտ հունիսին կհանձնի պետական ավարտական քննությունը, Գեղարքունիքի մարզից՝ 2, Կոտայքի մարզից՝ 5, Լոռիից՝ 6, Շիրակից՝ 1, Սյունիքից՝ 4, Վայոց Ձորից՝ 41 շրջանավարտ:

Երևան քաղաքից հունիսին քննություն կհանձնի 62 հոգի:

 

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ