Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Սեպտեմբեր

ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

ՄԻԵԴ Մեծ պալատը կքննի Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ բողոքները

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատը քննարկման համար ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ոտնահարումների մեղադրանքներով Հայաստանի և Ադրբեջանի բողոքները միմյանց դեմ: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից:

Հաղորդագրությունում, մասնավորապես, նշվում է, որ Մեծ պալատը կուսումնասիրի երկու միջպետական գործերը:

Նշվում է, որ դիմումները վերաբերում են հիմնականում Հայաստանի և Ադրբեջանի միջեւ վերջին ռազմական գործողություններին և պարունակում են ռազմական գործողությունների ընթացքում Կոնվենցիայի համատարած խախտումների մասին մեղադրանքներ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական անձանց, ինչպես նաև քաղաքացիական և հանրային ունեցվածքի ու ենթակառուցվածքների վրա, զինվորների և խաղաղ բնակիչների նկատմամբ վատ վերաբերմունք և խեղումներ,  գերեվարում և ռազմագերիների շարունակական պահում, քաղաքացիական բնակչության բռնի տեղահանություն ռազմական գործողություններից տուժած տարածքներից:

«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դիմումը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ներկայացվել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, իսկ «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» դիմումը՝ 2020 –ի հոկտեմբերի 27-ին:

«Նշված միջպետական գործերի համատեքստում Դատարանը միջնորդություններ էր ստացել՝ միջանկյալ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ: Հաշվի առնելով կարծիքը, որ իրավիճակը Կոնվենցիայի լուրջ խախտումների ռիսկ է առաջացրել, դատարանը ժամանակավոր միջոց էր նշանակել՝ դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի համաձայն և  Ադրբեջանին և Հայաստանին կոչ էր արել ձեռնպահ մնալ որևէ միջոցառումներից, մասնավորապես՝ ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության իրավունքների ոտնահարման, այդ թվում ՝ նրանց կյանքը և առողջությունը ռիսկի տակ դնելուն, և կատարել Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները»,-ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ 2021-ի մարտի 9-ին Պալատը, որին հանձնարարվել էր փոխադարձ հայցերի քննարկումը, կողմերին տեղեկացրել է, որ գործը կքննի Մեծ պալատը:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը՝ Թուրքիայի և վարձկանների աջակցությամբ պատերազմ է սանձազերծել Արցախի դեմ: Պատերազմի ընթացքում Ադրբեջանը բազմիցս կիրառել է չթույլատրված զինատեսակներ՝ այդ թվում խաղաղ բնակչության ուղղությամբ: 2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրել են հայտարարություն, որով պատերազմը դադարեցվել է: Հայաստանի Հանրապետությունը հայտարարել է, որ հավատարիմ լինելով գերիների և պահվող այլ անձանց փոխանակման «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքին՝ Ադրբեջանին վերադարձրել է բոլոր ռազմագերիներին և պահվող այլ անձանց: Սակայն, Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը՝ գերիների վերադարձը: Կան փաստական ապացույցներ՝ հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, խոշտանգումների մասին. հաստատվել է գերիների սպանության 19 դեպք:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]