Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   3 Օգոստոս

ՀՀ-ում պատվաստվում են նաև զբոսաշրջիկները. Հյուսիսային պողոտայի շարժական բուժկետում ակտիվություն է  

ՀՀ-ում պատվաստվում են նաև զբոսաշրջիկները. Հյուսիսային պողոտայի շարժական 
բուժկետում ակտիվություն է  

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված՝ Հյուսիսային պողոտայում շարժական COVID-19-ի դեմ պատվաստումային խմբի տեղակայումը հասարակության շրջանում հետաքրքրություն է առաջացրել: Այս մասին փաստում են «Արմենպրես»-ի նկարահանման պահին պատվաստումային խմբի հերթափոխով աշխատող բուժաշխատողները: Նրանք  նշում են, որ թե հարցումների, թե պատվաստումների այնպիսի ակտիվություն է, որ նույնիսկ որոշ ժամերի հերթեր են գոյանում: Մոտենում են և՛ տեղացիները, և՛ արտասահմանցիները:  

Իրանի քաղաքացի Մահմուդ Դաշթբանը Հայաստանում է հիմնականում զբոսաշրջության նպատակով: Եկել է ինչպես հայաստանյան պատմամշակութային վայրերը, խոհանոցը բացահայտելու, այնպես էլ այստեղ սովորող իր տղային տեսնելու: 

«Պատվաստումների շարժական խումբ ունենալը շատ լավ գաղափար է: Լինելով Հայաստանում՝ որոշեցի օգտվել այս հնարավորությունից, ինչու ոչ: Ուզում եմ պատվաստվել և լինել պաշտպանված»,- ասաց Մահմուդ Դաշթբանը: 

Պատվաստումային շարժական խումբը գործում է երկու հերթափոխով՝ առավոտյան ժամը 12:00-16:00-ն, և 16:00-20:00-ն: Բուժաշխատողները նշում են, որ անհրաժեշտության դեպքում երկար են մնում: Պատվաստման համար մոտեցող քաղաքացիները նախ բուժզննում են անցնում: Բուժաշխատողները չափում են նրանց ճնշումը, թթվածնային հագեցվածությունը, ջերմաչափում են: Եթե լինում են շեղումներ, ապա քաղաքացին անցնում է մանրամասն զննություն՝ թոքեր, սրտի աշխատանք և այլն: Բուժաշխատողների ձեռքի տակ են թե «Astrazeneca», թե «Sputnik V» պատվաստանյութերը, որոնք կիրառվում են ըստ ՀՀ առողջապահության նախարարության ցուցումների: Առաջիկա օրերին հասանելի կլինի նաև չինական պատվաստանյութը։ 

61-ամյա Արմեն Գրիգորյանը, Հյուսիսային պողոտայում տեղակայված շարժական խմբի մասին իմանալով, շտապել էր պատվաստվելու: 

«Գաղափարն ինձ դուր եկավ, անկեղծ: Սկզբում մտածում էի պոլիկլինիկա դիմելու մասին, սակայն եթե այս հեշտ տարբերակը կա, ինչու չգալ այստեղ»,-ասաց Արմեն Գրիգորյանը: 

Քաղաքացիները, պատվաստվելուց հետո բուժկետի մոտ սպասում են մինչև 20 րոպե, եթե ամեն ինչ կարգին է, ապա համապատասպան ցուցումներ ստանալուց հետո կարող էին գնալ: 53-ամյա Հարմիկ Շահնազարյանը, որը մասնագիտությամբ դեղագետ է, նշեց, որ երկմտելու խնդիր չի տեսնում, պատվաստման կողմնակից է և կարծում է, որ դա է ճիշտ ճանապարհը: 

«Ես պոլիկլինիկայում գրանցվել էի, արդեն քանի օր է` ինձ չէին կանչում, ես էլ որոշեցի չսպասել ու գալ այստեղ պատվաստվելու: Կարծում եմ, որ պատվաստվելը շատ կարևոր է»,-ասաց Հարմիկ Շահնազարյանը:  

Առողջապահության ազգային ինստիտուտի գլխավոր խորհրդական Դավիթ Պետրոսյանը մեր նկարահանման պահին Հյուսիսային պողոտայում էր, հետևում էր շարժական պատվաստումային խմբի աշխատանքներին: Դավիթ Պետրոսյանը Հայաստանում առաջին պատվաստվողներից է, նա պատվաստվել է դեռ նախորդ տարվա վերջին: Պատմում է, որ որևէ բարդություն ու վատ հետևանք չի եղել, իրեն շատ լավ է զգում: 

«Նման նախաձեռնությունները շատ անհրաժեշտ են, քաղաքացիները կարողանում են հեշտությամբ մասնակցել պատվաստումների գործընթացին: Մենք պետք է կարճ ժամանակում կարողանանք ստեղծել բնակչության իմունիզացիա: Եթե բնակչության մոտ 70 տոկոսը պատվաստվի, ապա կարող ենք ասել, որ համաճարակ չի լինի մեր երկրում, այսինքն՝ ռիսկը բավական կնվազեցվի: Ասեմ, որ սա միջազգային փորձ է, այլ երկրներում ևս կիրառվում է: Մարդկանց պատվաստվելու այս ակտիվությունն ինձ ուրախացնում է, դա նշանակում է, որ մեր բնակչության մոտ գիտակցությունը բավական բարձր է: Այս վարակից ազատվելու այլընտրանք գոյություն չունի ու եթե մենք ուզում ենք նորմալ կյանքով ապրել, միմյանց պաշտպանել, ապա պետք է պատվաստվենք: Ամբողջ աշխարհում որոշվեց, որ ճանապարհը պատվաստումն է»,-ասաց  Դավիթ Պետրոսյանը:  

Պատվաստման գործընթացին զուգահեռ Հյուսիսային պողոտայում երիտասարդներն իրազեկման թերթիկներ էին բաժանում անցորդներին: Նման պատվաստումային շարժական կենտրոն գործում է նաև «Դալմա Գարդեն Մոլ»-ում: 

Լուսանկարները` Տաթև Դուրյանի

Հայաստանն ունի «Astrazeneca» , «Sputnik V», « Coronavac» պատվաստանյութերը: COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում: 18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար:

Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00: 

Աննա Գզիրյան








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]