Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Արմենպրեսը» համագործակցության համաձայնագիր է կնքել Իտալիայի «Նովա» գործակալության հետ

«Արմենպրեսը» համագործակցության համաձայնագիր է կնքել Իտալիայի «Նովա» 
գործակալության հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Իտալիայի «Նովա» լրատվական գործակալությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր: Փաստաթուղթը հեռահար ստորագրել են «Արմենպրես» գործակալության տնօրեն Արամ Անանյանը և «Նովա» գործակալության գործադիր տնօրեն Ֆաբիո Սքուիլլանտեն:

Հայ-իտալական լրատվական նոր կամուրջների կառուցման գործում մեծ է Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանի ներդրումը:

«Հայաստանի և Իտալիայի լրատվական գործակալությունների միջև ստորագրված համաձայնագիրը լավ հնարավորություն է ամրապնդելու մասնագիտական համագործակցությունը, ինչպես նաև խթանելու տեղեկատվության փոխանակումը: Կարծում ենք՝ համաձայնագրի ստորագրումը երկու գործակալությունների համար գործակցության նոր էջ կբացի»,-նշել է «Արմենպրես»-ի տնօրեն Արամ Անանյանը:

Համաձայնագրով` կողմերը պայմանավորվել են զարգացնել մեդիա ոլորտում երկկողմ մասնագիտական համագործակցությունը` նպատակ ունենալով ամրապնդել փոխգործակցությունը Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև:

Ստորագրված փաստաթղթի համաձայն` կողմերը կօգտագործեն կուտակված փորձը` տարբեր նախագծերի համատեղ իրականացման համար։

Իտալիայի «Նովա» լրատվական գործակալությունը խոշորագույն իտալալեզու լրատվական աղբյուրն է Բալկաններում, Մերձավոր Արևելքում և Աֆրիկայում, ինչպես նաև խոշորագույն իտալական գործակալությունը` միջազգային քաղաքականության և տնտեսությանը վերաբերող հրապարակումներով:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հիմնադրվել է 1918 թվականի դեկտեմբերի 18-ին (այն ժամանակ՝Հայկական հեռագրական գործակալություն): Գործակալությունն ունի հարուստ տեղեկատվական եւ լուսանկարչական արխիվ, որոնք Հայաստանի եւ տարածաշրջանի յուրահատուկ պատմությունն են ներկայացնում: Միայն ֆոտոարխիվում ներկայումս պահվում է շուրջ 100 հազար լուսանկար: Գործակալությունն օրական հրապարակում է շուրջ 350 լուր հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և արաբերեն լեզուներով։

«Արմենպրես»-ը միջազգային լրատվական 4 կազմակերպությունների անդամ է: Գործակալությունը Հայաստանը ներկայացնում է ԱՊՀ Ինֆորմխորհրդում, Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհրդում, Հարավարևելյան Եվրոպայի և բալկանյան պետությունների ազգային լրատվական գործակալությունների խորհրդում (դիտորդ) և Լրատվական գործակալությունների համաշխարհային կոնգրեսում: 2014-2016թթ. «Արմենպրես»-ը ղեկավարել է Սևծովյան տարածաշրջանի ազգային լրատվական գործակալությունների խորհուրդը, որի և ԱՊՀ Ինֆորմխորհրդի 2014թ. նիստերն անցկացվել են Երևանում:

 «Արմենպրես»-ը երկկողմ են գործակցության պայմանագրեր ունի աշխարհի ավելի քան 20 առաջատար լրատվական գործակալությունների հետ, որոնց շուրջ մեկ երրորդը կնքվել է վերջին յոթ տարիներին: Գործընկերների թվում են ՏԱՍՍ-ը, Ռոյթերսը, Սինխուան, ԻՌՆԱՆ, ՄԵՆԱՆ, ԲՏԱ-ն, Ագերպրեսը, ԲԵԼՏԱՆ, Կազինֆորմը, «Լետա»-ն, «Յոնհապ»-ը, շատ այլ լրատվամիջոցներ, որոնց հետ իրականացվում է տեղեկությունների եւ լուսանկարների փոխանակում:

Գործակալության աշխատակիցները պարբերաբար մասնակցում են միջազգային տարբեր համաժողովների, լրատվական ցուցահանդեսների և ուսուցման ծրագրերի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am