Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   20 Սեպտեմբեր

«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի

«Քաղաքացիական պայմանագիրն» ընտրություններին կմասնակցի առանց դաշինքի

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի որպես առանձին կուսակցություն՝ առանց դաշինքի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը դաշինքով չի մասնակցելու ընտրություններին, այլ մասնակցելու է որպես առանձին կուսակցություն»,- ասաց Մակունցը:

ՔՊ-ի ցուցակի հետ կապված հրապարակում դեռ չարեց՝ նշելով, որ մայիսի 10-ից հետո կսկսեն ներկայացնել, թե ցուցակներն ինչ տրամաբանության կլինեն, ովքեր ներգրավված կլինեն: Սակայն նա ասաց. «Նոր մարդիկ կլինեն նախընտրական ցուցակում: Ցուցակը կազմվելու է առաջին հերթին կուսակցությունների մասին օրենքին համապատասխան»:

Անդրադառնալով հարցին՝ գործարարներ կլինե՞ն ցուցակում, Մակունցը չցանկացավ այդ առումով որևէ մեկնաբանություն անել այս պահին:

Անդրադառնալով նրան, որ քարոզարշավը չսկսած՝ Երևանում արդեն կան «Քաղաքացիական պայմանագրի» պաստառներ՝  նա ասաց, որ Երևանում և ոչ միայն Երևանում կան տարբեր պաստառներ, որոնք ներկայացնում են տարբեր քաղաքական թիմեր, ինչը գործող օրենքներին համապատասխան է և որևէ կերպ չի հակասում:

ՔՊ-ի նախընտրական կարգախոսն է՝ «Ապագա կա»:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպումներից հետո հայտարարել էր, որ երկրում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել ՀՀ վարչապետի պաշտոնից, որպեսզի, խորհրդարանի լուծարմամբ, երկրում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ ՀՀ սահմանադրության, եթե խորհրդարանում երկու անգամ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովը լուծարվում է: «Իմ քայլը» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Ազգային ժողովը մայիսի 3-ի հատուկ նիստում քվեարկության արդյունքում Փաշինյանին չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում՝ ապահովելով երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]