Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Մարուքյանը ներկայացրեց, թե Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցում ինչ թերություն է նկատել

Մարուքյանը ներկայացրեց, թե Ապրիլյան պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի 
զեկույցում ինչ թերություն է նկատել

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցում նկատել է որոշակի թերություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մարուքյանն այդ մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ փակ ռեժիմով քննարկումից հետո:

Ըստ ԼՀԿ ղեկավարի՝ Ապրիլյան պատերազմի խորքային պատճառները, գոնե այն մարդկանց շրջանակներում, որոնք ունեն գաղտնիության մատչելիություն, ի սկզբանե պարզ են եղել:

«Հանձնաժողովը բավականին աշխատանք է կատարել: Չեմ կարող ասել, թե զեկույցից գոհ եմ: Զեկույցն ունի որոշակի թերություններ, դրա մասին ես խոսեցի փակ ռեժիմով: Եթե այսօրվա ԳՇ պետն (Արտակ Դավթյանը- խմբ.) այդ մեղավորներից է, իսկ նա, ըստ զեկույցի, նաև ըստ Անդրանիկ Քոչարյանի նախկին հարցազրույցների, մեղավորներից է, չպետք է հիմա լիներ ԳՇ պետ: Դա ինձ համար ցուցիչ է, որ եթե այդպես է, ուրեմն մենք այդ իմաստով չունենք անկողմնակալ քննություն»,-ասաց Մարուքյանը:

Նա հավելեց, որ Արտակ Դավթյանի մեղավորության մասով ինքը հղում է անում հրապարակային տեղեկատվությանը, այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանի հարցազրույցներին, ոչ թե զեկույցին: 2020թ. նոյեմբերի 16-ին Անդրանիկ Քոչարյանը նշել էր, թե Արտակ Դավթյանը, իր կարծիքով, շատ վատ դերակատարություն է ունեցել 2016-ի պատերազմական գործողությունների ժամանակ՝ որպես օպերատիվ վարչության պետ:

Զեկույցը գաղտնի է, Մարուքյանը խոստացավ մեկնաբանել այն հատվածները, որոնք կհրապարակվեն: Նա վստահ է, որ ինչ-որ հատվածներ կարող են գաղտնազերծվել: ԼՀԿ-ն լոբբինգ է անում, որ բացեն, գաղտնազերծեն զեկույցը:

«Ուզում ենք, որ դա հանրության հարստությունը դառնա, հանրությունն իմանա, թե ինչ է եղել և ովքեր են մեղավոր, և նաև տեսնի՝ արդյոք այդ մեղավորները պատժվել են, թե ոչ, նաև տեսնի՝ այդ մեղավորներից նրանք, որոնք իշխանության դեմ են, ինչ-որ քրեական գործերով անցնո՞ւմ են և նրանք, որոնք իշխանության հետ են, ինչ-որ քրեական գործերով չե՞ն անցնում»,-նշեց Մարուքյանը:

2016-ի Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը ստեղծվել է 2019թ. մայիսի 31-ին: 2016 թվականի ապրիլին ծավալված ռազմական գործողությունների հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստերին հրավիրվել և մասնակցել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը և մի խումբ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Քննիչ հանձնաժողովի զեկույցը քննարկվեց մայիսի 5-ին ԱԺ փակ նիստում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]