Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թշնամանքի ևս մեկ օջախ. ՄԻՊ-ն ուսումնասիրել է «պուրակի» ազդեցությունը Ադրբեջանի հասարակությունում

Թշնամանքի ևս մեկ օջախ. ՄԻՊ-ն ուսումնասիրել է «պուրակի» ազդեցությունը 
Ադրբեջանի հասարակությունում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր զեկույց կհրապարակի, որում ապացույցներով վեր է հանվում, որ Բաքվում բացված «պուրակը» Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ատելության քաղաքականության վառ դրսևորում է և թշնամանքի լրացուցիչ օջախ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նման համոզմունք հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի mարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացմանը:

Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության, թշնամաքնի քաղաքականությունը ներկայումս նույնպես շարունակվում է: Դրա վառ դրսևորումը ՄԻՊ-ը համարում է Բաքվում բացված «պուրակը»:  ՄԻՊ-ը լրացուցիչ արտահերթ զեկույց է մշակել, որը կհրապարակվի 1-2 օրվա ընթաքում:

«Ուսումնասիրել ենք այդ «պուրակի» ազդեցությունը ադրբեջանական հասարակությունում: Ապացույցներով վեր ենք հանել, ցույց ենք տալիս, որ դա ատելության, թշնամանքի լրացուցիչ օջախ է, և դա արվում է մտադրված՝ նաև տառապանքներ պատճառելու հայ հասարակությանը»,-նշեց Թաթոյանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանում կան էթնիկ պատկանելիությամբ սպանություններ, դաժանություններ, ինչն ապացուցված, հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով:

Նա բացատրեց, թե ինչու է նշում, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը ֆաշիզմի հասնող է: Ադրբեջանի նախագահը իր՝ հատկապես ապրիլի 12-ի և 13-ի ելույթներում արձանագրել է, իր կարծիքով, ադրբեջանական ժողովրդի առավելությունները՝ հայ ժողովրդի նկատմամբ՝ դա անելով արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: «Դա ենթադրում է, որ ազգային պատկանելիության հիմքով մարդը վատն է»,-նշեց ՄԻՊ-ը:

ՄԻՊ-ը ուսումնասիրել է նաև թուրքական աղբյուրները և նկատել, որ նույն ատելությունը նույնությամբ տարածվում է նաև թուրքական աղբյուրներով:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 12-ին Բաքվում այցելել էր արցախյան վերջին պատերազմի հետևանքով որպես ավար վերցված հայկական զրահատեխնիկայի նորաբաց «պուրակ»: Այն տեղակայվել է  5 հեկտար տարածքում: «Պուրակում» ցուցադրվում են հայկական բանակի զրահամեքենաներ, հայ զինվորներին պատկանած սաղավարտներ և այլն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am