Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վրձնի եւ զենքի ասպետը. կյանք՝ նվիրաբերված ազգին ու հայրենիքին

Վրձնի եւ զենքի ասպետը. կյանք՝ նվիրաբերված ազգին ու հայրենիքին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես որոշել էի դառնալ պրոֆեսիոնալ հեղափոխական… Ժողովրդի բարօրության եւ հաղթանակի համար չպետք է ափսոսանք մեր արյունը՝ թեկուզ այդ գաղափարների եւ ձգտումների իրականացումը մեր մահից հետո կատարվի…

Բոլոր պատահարները, որոնք հանդգնորեն դիմագրավել-անցել եմ, բոլոր այն դժվարությունները, որոնց դեմ պայքարել եմ, օգնել են ինձ. ես չեմ ափսոսում իմ ապրած կյանքի համար…

…Անհրաժեշտ է, որ նկարիչն ուժգնորեն սիրի բնությունը, որից իր աչքերում լեցված գեղեցկությունները իր հոգու քուրայում հուզականության կրակի մեջ զտելով՝ տա իր գործի հիմնական բնույթը, նրա նկարագիրը, նրա հարաբերական մասերի ընդհանրությունը եւ տիրապետող գաղափարը…»:

Փանոս ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Արեւմտահայ ազգային-ազատագրական պայքարի պատմության էջերում անխամրելի անունների պակաս չկա: Սակայն սակավաթիվ են այն նվիրյալները, ովքեր ծնվել էին մուսաների հովանու ներքո, օժտված եղել ստեղծագործական շռայլ տաղանդով, բայց հարկ եղած պահին նրանց գրչին կամ վրձնին փոխարինելու է եկել ազգափրկիչ զենքը: Սակավաթիվ այդ նվիրյալներից է Վանի ինքնապաշտպանական հերոսամարտերի անձնուրաց մասնակից, շքեղ գեղանկարիչ Փանոս Թերլեմեզյանը, արվեստագետ, որի «ոգեշնչված պոետական կտավները» հայ գեղանկարչության նահապետի՝ Մարտիրոս Սարյանի բնութագրմամբ՝ «միշտ մեր նկարասրահների զարդը կլինեն…»: Մինչդեռ նա կյանքի երիտասարդական շրջանը՝ քսանից երեսուն տարեկան հասակը, նվիրաբերեց իր ժողովրդի ազգային ազատագրության գործին:

1865 թ. մարտի 11-ին հայոց հնամյա մայրաքաղաք-բնօրրանում՝ Վանում է ծնվել գեղանկարիչը: Նրա նախնիները արմատներով մոկսեցիներ էին, որ եկել ու հաստատվել էին քաղաքի Այգեստան թաղամասում: Տեղի տարրական դպրոցում սովորելիս էլ սկսել է նկարել ու երազել նկարիչ դառնալ. չէ՞ որ հասակակիցների շրջանում արդեն «նկարչի» համբավ էր ձեռք բերել: Ուսումը շարունակել է Մկրտիչ Փորթուգալյանի հիմնած Վանի Կենտրոնական վարժարանում, որտեղ դասավանդում էին մեծամասամբ Եվրոպայում կրթված, առաջադեմ հայացքներով տոգորված ուսուցիչներ ու մտավորականներ:

1895-97 թթ. Թերլեմեզյանը սովորում է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: 1897-ին թուրքական իշխանությունների ջանքերով ձերբակալվում եւ աքսորվում է Ռեւելի (Տալլին) բանտ: Վեց ամիս անց, որպես քաղաքական հանցագործի, տեղափոխում են Մետեխի բանտ, իսկ այստեղից աքսորում Պարսկաստան: 1899 թ. հաջողվում է նոր անձնագիր ստանալ, եւ Խրիմյան Հայրիկի օրհնությամբ ու նյութական օժանդակությամբ մեկնում է արվեստների մայրաքաղաք՝ Փարիզ, ընդունվում Ժյուլիան ակադեմիա, այստեղ սովորում է հինգ տարի՝ աշակերտելով Ժան-Պոլ Լորանսին, Բենժամեն Կոնստանին: Ուսումնառությունն ավարտելուց հետո նրա պրոֆեսորները ջանում են գեղանկարչին պահել Փարիզում, բայց Փանոսին կանչում էր հայրենիքը:

1910 թվական: Գեղանկարիչը Պոլսում է, հանճարեղ Կոմիտասի հետ նույն հարկի տակ: Տան երկրորդ հարկում Կոմիտասն էր, երրորդում՝ ինքը՝ իր արվեստանոցով: Այդ տանն էին հավաքվում հայության պաշտելի դեմքերը՝ Վարուժան, Սիամանթո, Զոհրապ, Օտյան, Սեւակ, Երուխան, այլ երեւելիներ: 1912 թ. Թերլեմեզյանը մեծ երգահանի հետ մեկնում է նրա ծննդավայր Կուտինա, որտեղ էլ արարվում է Կոմիտասի քաջածանոթ նկարը՝ ծառի տակ նստած, երաժշտական գործիքը կողքին, խորասուզված նոտաների ընթերցանության մեջ…

Այդ օրերից է Թերլեմեզյանի այն հուշը, թե ինչպես է սուլթանի արարողապետը ծանոթանում Կոմիտասի հետ եւ դիմում իրեն՝ գեղանկարչին, որպեսզի երգահանը կատարի իր խնդրանքը՝ նվագի իր համար: Կոմիտասի Շուբերտի երգից հետո թուրքը չկարողանալով զսպել իրեն՝ ձեռքը սեղանին է խփում եւ ասում. «Գրողը տանի, ութ հարյուր տարվա պետություն ենք, ցարդ այդպիսի մի արվեստի եւ արվեստագետի տաճար չունեցանք…»:

Երկու մեծերի մտերմությունն այնքան ամուր է եղել, որ Փարիզի հիվանդանոցի խցում պառկած-բանտարկված հանճարը տասը տարի անց ճանաչել է միայն իրեն այցելած ընկերոջը՝ Փանոսին, թեեւ անզոր է եղել խոսելու…

1914 թ. Թերլեմեզյանը բաղձալի ծննդավայրում է՝ Վանում, որտեղ էլ ծնվում են մի քանի շքեղ բնանկարներ: Սակայն այստեղ ավարտվում է նրա կյանքի խաղաղ շրջանը. նվիրվում է իր ժողովրդի ազգային ու քաղաքական կյանքին, նրա ազատագրական պայքարին: Վրձինն ու գրիչը փոխարինվում են զենքով: «Հրաժարվեցի ուսուցչությունից եւ աշխատեցի լինել պրոֆեսիոնալ հեղափոխական, այսինքն՝ կազմակերպող, պրոպագանդիստ, գիտենալ ինչպես կայունացնել տատանվող տարրերը, գիտենալ ինչպես խուսափել ոստիկանությունից ու շեղել նրա հետապնդումները»,- գրել է նա իր հուշերում:

1915-ի գարնանը սկսվում է Վանի ինքնապաշտպանությունը, որն ինքն արդարացիորեն անվանում է դյուցազնամարտ: Ինքնապաշտպանությունը ղեկավարելու նպատակով ստեղծվում է ժամանակավոր զինվորական շտաբ, որի կազմում էին Բուլղարացի Գրիգորը, Կայծակ Առաքելը, Արամ Մանուկյանը, Փանոս Թերլեմեզյանը, Հ. Գալիկյանը եւ Գ. Սեմիրջյանը:

Գեղանկարչի հուշերում նկարագրված ինքնապաշտպանության դրվագները բացառիկ սկզբնաղբյուրային արժեք են ներկայացնում: Դրանցում թեեւ ինքը ներկայանում է որպես կռվի սովորական մասնակից, սակայն ժամանակակիցների վկայություններում եւ պատմական աղբյուրներում Թերլեմեզյանը ներկայանում է որպես հերոսամարտի ամենանշանավոր, հանդուգն ու հերոսական կազմակերպիչներից մեկը եւ առաջնակարգ նշանառու: Ավելին՝ իր հուշերից ենք տեղեկանում, թե ինչպես է իրեն հաջողվել մի քանի անգամ Վանից անցնել Պարսկաստան, զենք գնել ու հասնել մարտնչողներին: Եվս մեկ փաստ. նշանառու գեղանկարչի գնդակից է սատկում Վանի դավաճան ոստիկանապետ Նուրին, որը նպատակային ծանոթություններ էր հաստատել հայ հայտնի մտավորականների, ազգային գաղափարներին հավատարիմ երիտասարդների հետ, ովքեր բանտարկվելու եւ դաժանաբար սպանվելու էին նրա դավադիր լրտեսության եւ մատնությունների հետեւանքով:

Այսօր անձնական երջանկությունը հայրենիքի սիրուն զոհաբերած մեծանուն արվեստագետի, ազգանվեր գործչի, հայրենասիրության բացառիկ օրինակ ծառայող նվիրյալի հիշատակի օրն է: Նրա անմահ արվեստին հերթական անդրադարձը վերապահելով այդ բնագավառի մասնագետներին, մեր այս խոսքով խոնարհումի տուրք կամեցանք մատուցել մեծ հային՝ ապրողներիս հիշեցնելով, թե որոնք են իսկական ԱԶԳԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆ ու ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹՅՈՒՆԸ…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ    

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]