Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Լիտվան միանում է Բաքվի կողմից բոլոր գերիների վերադարձի ԵՄ դիրքորոշմանը. Լանդսբերգիսը՝ Փաշինյանին

Լիտվան միանում է Բաքվի կողմից բոլոր գերիների վերադարձի ԵՄ դիրքորոշմանը. 
Լանդսբերգիսը՝ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ապրիլի 26-ին ընդունել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է Լիտվայի հետ հարաբերությունների զարգացմամբ՝ երկկողմ ու բազմակողմ ձևաչափով: «Որպես ժողովրդավարական երկիր՝ Հայաստանը կարևորում է Լիտվայի հետ համագործակցությունը, նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում», - ասել է նա: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հետպատերազմական դժվարին ժամանակաշրջանում  Հայաստանը հանձնառու է շարունակելու  ժողովրդավարական բարեփոխումների իրականացումը՝ ի շահ իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության:

Արտգործնախարար Լանդսբերգիսը նշել է, որ Լիտվան զորակցում է հայ ժողովրդին պատերազմի, կորոնավիրուսի հետևանքների հաղթահարման գործում և պատրաստ է, նաև որպես ԵՄ անդամ, սատարել այս գործընթացին, հումանիտար օժանդակություն ցուցաբերել: Նրա խոսքով՝ ԵՄ-ն կարևորում է Հայաստանում ժողովրդավարության զարգացումը և այդ գործընթացում առավել ակտիվ ներգրավվումը:

Ըստ աղբյուրի՝ Նիկոլ Փաշինյանն ու Գաբրիելյուս Լանդսբերգիսը մտքեր են փոխանակել տարածաշրջանում անվտանգային մարտահրավերների և զարգացումների շուրջ:

Անդրադառնալով հետպատերազմական վիճակին՝ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին դեռևս անազատության մեջ պահելու, Բաքվի կողմից շարունակվող ագրեսիվ հայատյաց հռետորաբանության, «ռազմավարի պուրակի», Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ հնչող նկրտումների, Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման գործողությունների մասին: Այս ամենը, ըստ նրա, ակնհայտ է դարձնում այն, որ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ անհրաժեշտ է կիրառել «անջատում հանուն փրկության» սկզբունքը: Վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն է հայտնել աջակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ ժողովրդավարական ուղիով առաջ շարժվող Հայաստանը, հաշվի առնելով արժեհամակարգային ընդհանուր հենքը, ԵՄ-ից և ԵՄ անդամ երկրներից նախևառաջ ակնկալում է համարժեք գնահատական Ադրբեջանի հակահայ քաղաքականությանը:

Լիտվայի ԱԳ նախարարը նշել է՝ ԵՄ-ն հստակ դիրքորոշում է  ներկայացրել, որ բոլոր պատանդները, գերիները պետք է վերադարձվեն, և Լիտվան ևս միանում է այդ դիրքորոշմանը: Նա նաև ընդգծել է, որ Լիտվան լիովին սատարում է հայկական պատմամշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ջանքերին:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am