Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարևոր է Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների համար. Կիրիակոս Միցոտակիս

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարևոր է Հունաստանի և Հայաստանի 
ժողովուրդների համար. Կիրիակոս Միցոտակիս

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին:

«Հայոց ցեղասպանության հիշատակի օրը կարևոր օր է Հունաստանի և Հայաստանի ժողովուրդների համար, որոնք կապված են միմյանց դարերի պատմություն ունեցող կապերով: Նաև բարեկամությամբ, որը ձևավորվել է դժվարին պայմաններում: Այսօր մենք, ինչպես ամեն ապրիլի 24-ին, ոգեկոչում ենք անմեղ զոհերի հիշատակը՝ բարձրաձայնելով մեր հարգանքը մարդու կյանքի և արժանապատվության նկատմամբ: Քանի որ միայն խաղաղ համագոյակցությունը ժողովուրդներին կարող է տանել առաջ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը:

Իր ուղերձում նա խոսել է դիցաբանական, պատմական, մշակութային և ավանդույթների ընդհանրությունների մասին, որոնք ունեն Հունաստանն ու Կովկասը:

«Այդ պատճառով մեր երկիրը չէր կարող չկանգնել Հայաստանի տառապած ժողովրդի կողքին իր վերջին փորձության ժամանակ: Երկիրն անմիջապես արձագանքեց մարդասիրական օգնության հայցին: Իսկ այսօր Հունաստանն աջակցում է տարածաշրջանում անվտանգային կոնսոլիդացիային՝ հիմնված միջազգային իրավունքի վրա: Հանուն լուծման, որը կհարգի տեղի բնակչության իրավունքները՝ հեռու մնալով անարդար, նոր արյունահեղությունից»,- նշել է Միցոտակիսը:

Նա հիշատակել է, թե ինչպես է Հունաստանը, անգամ դժվարին ժամանակներում, ընդունել Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայերին: «Մենք պետք է մշտապես լինենք զգոն: Եվ թող մեր խոսքերին ուղեկցեն գործողություններ, որոնք կանխում են խտրականությունը, ատելությունն ու բռնությունը: 106 տարի անց մենք հիշում ենք և համագործակցում», - եզրափակել է Հունաստանի վարչապետը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am