ԱԻՆ նախարարն անդրադարձավ Լելե Թեփե բարձունքի գրավման վերաբերյալ իր անվան շուրջ տարածվող լուրերին
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը անդրադարձավ Արցախի Վարազաթումբ (Լելե Թեփե) բարձունքի գրավման վերաբերյալ իր անվան շուրջ տարածվող լուրերին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վերջինս Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում մասնակցե՞լ է բարձունքի գրավման օպերացիայի մշակման գործընթացին, Փիլոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Վարազաթմբի հետ ինքը կապ ունի այնքանով, որ 1996-1997 թթ. այդ տարածքում եղել է գումարտակի հրամանատար:
«Որպեսզի մարդկանց մոտ թյուր կարծիք չառաջանա, կասեմ, որ այդ տարիներին Լելե Թեփեն եղել է իմ գումարտակի հրամանատարական դիտակետը: Խոսվում է նաև, որ 2020 թվականին տեղի ունեցած Արցախյան 44-օրյա պատերազմում այդ բարձունքում լինելով հարավային ճակատի հրամանատարը՝ հազարավոր զոհեր եմ տվել: Հարավային ճակատի հրամանատարը մինչև 2020 թվականի հոկտեմբերի 20-ը եղել է ԶՈՒ գլխավո շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը, ում վիրավորվելուց հետո, շտաբի պետի հրամանով ես եմ ստանձնել հրամանատարությունը: Անգամ, եթե ես լինեի Լելե Թեփե օպերացիայի մասնակից, ապա ոչ մի առումով կապ չպետք է ունենայի, քանի որ որպես զինվորական կատարել եմ ինձ տրված հրամանները: Կարծում եմ, որ վատ չեմ կատարել»,- նշեց Փիլոյանը:
Լելե Թեփե բարձունքի գրավման վերաբերյալ խոսակցություններ են եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվան շուրջ, թե Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում ինքն է նման (Վարազաթումբը գրավելու) որոշում կայացրել: Փաշինյանը ապրիլի 14-ին Ազգային ժողովում պատասխանելով անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, անհեթեթ էր համարել այդ խոսակցությունները և ասել, որ ինքը միայն մոդերացիա է արել գեներալների խոսակցությունը և ոչ մի կարծիք չէր հայտնել:
«Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել են այնպիսի գեներալներ, որոնք այդ պահին այդ որոշումն իրականացնելու հնարավորությունն ունեցել են: Ես մոդերացիա եմ արել խոսակցությունը և սեփական կարծիք ընդհանրապես չեմ հայտնել: Ամենաբարձրաստիճանին եմ հարցրել, ասել է, որ լավ միտք է, որից հետո գնահատել է իրադրությունը և զեկուցել է, որ այո, դա պետք է և կարելի է անել»,- ԱԺ-ում ասել էր Փաշինյանը: