Պաշտոնական

ՀՀ նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

4 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը չի ստորագրել «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և դիմել է ՍԴ

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել նախագահի ստորագրմանը ներկայացված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների մասին: «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հայտարարությունը.

«Ազգային ժողովի ընդունած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից օրենքների փաթեթն Ազգային ժողովի կողմից Հանրապետության նախագահի ստորագրմանն է ներկայացվել 2021 թվականի ապրիլի 2-ին:

Հանրապետության նախագահն Օրենքը քննարկել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ղեկավարության, ակադեմիկոսների, բուհերի, գիտության և կրթության ոլորտի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց կարծիքներն ու դիտարկումները:

Ըստ Օրենքին կից ներկայացված հիմնավորման՝ Օրենքի գլխավոր նպատակն է կրթության և գիտության համակարգերի կառավարման արդյունավետության բարձրացումը: Սակայն հարկ է ընդգծել, որ Օրենքը համակարգային բնույթ չունի, և դրանով նախատեսված կարգավորումներով գիտության և կրթության ոլորտում առկա խնդիրների համար առավելապես հատվածական լուծումներ են առաջարկվում:

Նման օրենքի ընդունման համար նախ և առաջ պետք է ունենալ գիտության և կրթության զարգացման հստակ տեսլական, ռազմավարություն, ծրագիր՝ ինչ ուղղությամբ ենք գնում, ինչպիսի գիտություն ու կրթություն ենք ուզում զարգացնել: Օրենքը ներկա վիճակով լիարժեքորեն չի արտացոլում գիտության և կրթության զարգացման ժամանակակից միտումները:

Միևնույն ժամանակ, Օրենքի վերաբերյալ Հանրապետության նախագահի աշխատակազմի ուսումնասիրությունները և փորձագիտական կարծիքները հանգեցրել են այն եզրակացության, որ Օրենքի առանձին դրույթներ առերևույթ խնդրահարույց են սահմանադրականության տեսանկյունից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Հանրապետության նախագահը չի ստորագրել Օրենքը՝ դիմելով Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը Օրենքի համապատասխանությունը որոշելու համար»:

ՀՀ ազգային ժողովը մարտի 24-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել էին փոփոխություններ: Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվել են էական փոփոխութուններ. կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով:

Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը:Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում