Պաշտոնական

Փոխվարչապետը տեսակապով զրուցել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահի հետ

2 րոպեի ընթերցում

Փոխվարչապետը տեսակապով զրուցել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով զրուցել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է կառավարության պաշտոնական կայքը:

«Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, շարունակելով իր քննարկումները Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի գարնանային հանդիպումների շրջանակներում, տեսակապի միջոցով զրույց է ունեցել ՀԲ տարածաշրջանային փոխնախագահ Աննա Բյերդեի հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու մի շարք գերատեսչությունների նախարարների տեղակալները»,- ասված է հաղորդագրությունում:

Զրույցի ընթացքում փոխվարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համագործակցությունը՝ հատկապես համավարակի և հետպատերազմյան բարդ շրջանում, և զրուցակցին ներկայացրել երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության կողմից նախաձեռնված քայլերը:

«Մհեր Գրիգորյանն առանձնահատուկ կարևորել է ՀԲ-ի կողմից սոցիալական աջակցության ծրագրերի համաֆինանսավորումը, ինչպես նաև ՀԲ-ի հետ առողջապահության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքները՝ միտված հոգալու համավարակի արդյունքում առաջացած հրատապ կարիքները: ՀԲ տարածաշրջանային փոխնախագահը հայտնել է Համաշխարհային բանկի պատրաստակամությունը՝ ապահովելու շարունակական աջակցություն Հայաստանի Հանրապետությանը՝ ինչպես ֆինանսական, այնպես էլ փորձագիտական ձևաչափերով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ կարևորելով դրանք ժողովրդավարական արժեքների ամրապնդման և ներքաղաքական իրավիճակի կայունացման տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև կորոնավիրուսի դեմ պատվաստման գործընթացը և դրա շրջանակներում Կառավարության որդեգրած քաղաքականությունը: Աննա Բյերդեն տեղեկացրել է փոխվարչապետին նաև պատվաստանյութերի ձեռքբերման հարցում ՀԲ աջակցության հնարավորության մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում