1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը. ՄԱՍ 2

Վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի 
քննարկմանը. ՄԱՍ 2

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2020թ. կատարողականի զեկույցի քննարկմանը: «Արմենպրես»-ին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տրամադրել են վարչապետի ելույթը, որը ներկայացնում ենք ստորև.

ՄԱՍ 1

«Հետպատերազմական շրջանում նախկինում Հայաստանը ղեկավարած անձինք հանդես են եկել հայտարարություններով, որոնք պետք է հստակ պարզաբանվեն: Մեր իրականության մեջ ստեղծվել է, այդ թվում իմ ասած շրջանակի կողմից, մի այսպիսի ըմբռնում՝ թե այն կողմը, որը բանակցություններում, այսպես ասած, ցուցաբերում է ոչ կառուցողական մոտեցում, այդ կողմի նկատմամբ միջազգային հանրությունը ճնշումներ է գործադրում՝ նրան կառուցողական դաշտ բերելու համար:

Սա ուղղակի պարզ մոլորություն է, ժողովրդին և բոլորին մոլորության մեջ գցելու փորձ է, որովհետև իքս պահից՝ առնվազն 2011 թվականից սկսած, երբ ադրբեջանական կողմը որդեգրել է ապակառուցողական դիրքորոշումներ, միջազգային հանրությունը ոչ թե Ադրբեջանին համոզել է, որ արի կառուցողական դաշտ, այլ հայկական կողմի առաջ դրել է խնդիր, որ գիտես, ավելի շատ զիջումներ արա, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ:

Եվ, ընդ որում, պնդումները, որ հանրաքվեի շուրջ պայմանավորվածություններ կան, ովքեր պիտի մասնակցեին հանրաքվեին՝ ես ուզում եմ պարզաբանել, որ սա նույնպես մեր ժողովրդին մոլորության մեջ գցելու փորձ է:

Այո՛, բանակցային փաթեթներում, այդ թվում 2015-2016 թվականներից հետո քննարկվող, եղել է հանրաքվեի դրույթ, և ասվել է, որ այդ հանրաքվեն պետք է արտահայտի Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչության ազատ կամարտահայտումը՝ խնդրում եմ ձևակերպումներին ուշադրություն դարձրեք, որովհետև առաջին հայացքից ոչ մի տարօրինակ բան այդ ձևակերպումներում չեք գտնելու:

Թվում է, թե ամեն ինչ նորմալ է, բայց չկա ընդգծում՝ իսկ որտե՞ղ է տեղի ունենալու այդ հանրաքվեն, հանրաքվեի արեալը նկարագրված չէ, և սա սկզբունքային կարևոր հարց է: Որովհետև Ադրբեջանը միշտ ունեցել է այն դիրքորոշումը, որ իր Սահմանադրության համաձայն և իր տրամաբանության համաձայն՝  միջազգայնորեն իր տարածքի մաս համարվող որևէ հատվածի կարգավիճակի հարց կարող է ճշգրտվել միայն այնպիսի հանրաքվեով, որը պետք է տեղի ունենա Ադրբեջանի ամբողջ տարածքում: Եվ սա եղել է բանակցություններում Ադրբեջանի դիրքորոշումը:

Երբ հարց է ծագել, թե ինչպես ենք մեկնաբանելու այս դրույթը, այդ թվում համանախագահներին է այդպիսի հարց առաջադրվել, պատասխանը եղել է՝ այն մեկնաբանությունը, որի շուրջ կհամաձայնվեն և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, ահա այդ մեկնաբանությունն ընդունելի է մեզ համար:

Հաջորդ հարցը՝ իսկ  ի՞նչ է նշանակում Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն: Ադրբեջանի մեկնաբանմամբ՝ դա նշանակում է ներքին տեղահանվածներ, այդ թվում՝ տեղահանումից հետո նրանց ընտանիքի անդամներ, որոնք ծնվել են դրանից հետո: Եվ եկեք արձանագրենք, որ, համենայնդեպս, ըստ եղած տվյալների, հայտնի իրադարձությունների բերումով Արցախյան առաջին պատերազմի համատեքստում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքից հեռացել է շուրջ 40000 ադրբեջանցի, եթե ոչ ավելի, գոնե պաշտոնական տվյալներով:

Հաջորդ հարցը՝ իսկ ի՞նչ կոնկրետ հարց է դրվելու հանրաքվեի, ո՞վ է ձևակերպելու այդ հարցը: Այս հարցին նույնպես հստակ պատասխաններ չեն եղել:

Եվ շատ կարևոր է մի սկզբունքային կարևոր նրբություն, որ երկար ժամանակ և հետևողականորեն թաքցվել է հայ հանրությունից: Երբ ասվում է Սերժ Սարգսյանի կողմից, որ Ադրբեջանը հրաժարվում է խնդրի լուծման մադրիդյան տարբերակից, սա պետք է հասկանալ, թե ինչ է նշանակում:

Մադրիդյան տարբերակում կա այսպիսի հասկացություն՝ միջանկյալ կարգավիճակ: Ադրբեջանը, ըստ էության, 2011 թվականից սկսած հրաժարվում է միջանկյալ կարգավիճակի քննարկումից: Եվ թվում է, թե այս պայմաններում, բանակցային հմտությունների արդյունքում՝ ճիշտ քաղաքականության արդյունքում, ճիշտ արտաքին քաղաքականության արդյունքում՝ հայ-ամերիկյան, հայ-ֆրանսիական, հայ-ռուսական, ճիշտ հարաբերությունների կառուցման արդյունքում՝ հայկական կողմը պետք է կարողանար հասնել նրան, որ միջնորդներն Ադրբեջանին համոզեին, որ գիտես ինչ, արի, այս միջանկյալ կարգավիճակն ընդունի:

Բայց փաստն այն է, որ Ադրբեջանի այս դիրքորոշումը, 2014-2015 թվականներից սկսած, արժանացել է միջնորդների աջակցությանը, և 2016 թվականի Ապրիլյան պատերազմն սկսել է այն բանից հետո, երբ միջնորդների կողմից հայկական կողմին առաջարկվել է, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման պահանջից: Ես ուզում եմ հստակ արձանագրենք՝ 2016 թվականի ապրիլից 2 ամիս առաջ միջնորդների կողմից եղել է հստակ առաջարկ, որ հայկական կողմը հրաժարվի միջանկյալ կարգավիճակի արձանագրման ձգտումներից: Հայկական կողմը հրաժարվել է, և դրանից 2 ամիս անց սկսել է Ապրիլյան պատերազմը, որը տարածքային կորուստներից հետո կանգնեցնելու հանգամանքով, ըստ էության,  դառնում է, պիտի դառնար իմ նշած օրակարգի, այսինքն՝ միջանկյալ կարգավիճակից հրաժարումի պարտադրում:

Կրկին ուզում եմ անդրադառնալ Հայաստանում նախկինում ղեկավարած անձանց արած հայտարարություններին: Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանը 2020 թվականի դեկտեմբերի 4-ին «5-րդ ալիք» հ/ը-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Կարելի է մի շարք օրինակներ բերել, այս ամենը համադրության մեջ միասին ստեղծել է մի վիճակ, երբ դու Ադրբեջանին շանս չես թողել հույս պահելու, որ դիվանագիտական ճանապարհով ինքը կարող է որևէ բանի հասնել: Իսկ եթե այսպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը»:

Սա ուղղակի հանճարեղ նախադասություն է, որն արտահայտում է հայկական կողմի 20-ամյա դիվանագիտության և բանակցային տրամաբանությունը: Այսինքն՝ հայկական կողմը բանակցությունների շուրջ ունեցել է մի խնդիր՝ անընդհատ հույս ներշնչել Ադրբեջանին, որ նա բանակցությունների արդյունքում կհասնի այն բանին, ինչ ինքն ուզում է: Իսկ ինքն ուզում է, որ Ղարաբաղը լինի իր կազմում՝ մշակութային կամ որևէ ինքնավարության կարգավիճակում, իսկ եթե հնարավոր է՝ նույնիսկ առանց դրա: Բայց եթե դու 20 տարի անընդհատ հույս ես տալիս, գալիս է պահը, երբ այդ հույսը պիտի արդարացնես: Չի կարող լինել այնպես, որ դու 20 տարի հույս տաս, այսինքն՝ հույս ես տալի, պիտի՞ արդարացնես այդ հույսը:

Սա ամենամեծ ձախողումն է, երբ ամբողջ հայ ժողովրդին ներշնչվել է, որ գիտեք ինչ, մենք պետք է հրաժարվենք մեր բոլոր իրավունքներից, մենք պետք է հրաժարվենք Արցախյան շարժման բոլոր արդյունքներից: Շրջանառության մեջ է դրվել ամենաանհեթեթ թեզը, որ կարելի էր դնել՝ ամենավատ բանակցություններն ավելի լավ են, քան ամենալավ պատերազմը: Ավելի մեծ անհեթեթություն դժվար էր հորինել: Ամենավատ բանակցությունները բերում են ամենավատ պատերազմի: Էլ չեմ ասում, որ հենց Ռոբերտ Քոչարյանի ժամանակներում՝ 1997-1998 թվականներին, ոչ միայն հույս են տվել Ադրբեջանին, որ Ադրբեջանը կհասնի իր նպատակին, այլև երաշխիք են տվել, և այդ երաշխիքը Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն էր:  Չգիտեմ՝ Լևոն Տեր- Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հիմա վիճում են, թե չեն վիճում, բայց մի 2 տարի առաջ վիճում էին՝ ո՞վ է իրենցից դուրս թողել: Բայց առանց Ղարաբաղի բանակցությունների գնալը հույս և երաշխիք է եղել Ադրբեջանին, որ նրանք պիտի հասնեն իրենց նպատակին: 

Ի՞նչ պիտի անեին: Այո, ինչ մենք փորձեցինք անել 2019 թվականին՝ ասելով, որ մենք առանց Ղարաբաղի չենք պատկերացնում բանակցություն և հարցի լուծում, իրենք պետք է անեին 1997-1998 թվականներին, որովհետև այն ժամանակ Ադրբեջանը պատրաստ չէր և չէր կարող ռազմական լուծում տալ խնդրին: Եվ մենք ոչ միայն մեզ չէինք խաբի, թե մենք բանակցություններով խնդիր ենք լուծում, այլև Ադրբեջանին զուգահեռ կպատրաստվեինք պատերազմի և ոչ թե զինվորի հացը գողանալով բադեն-բադեններում, եվրոպաներում, փարիզներում դղյակ կառնեինք:

Ռոբերտ Քոչարյանն ասում է՝ եթե վարչապետը լիներ թուրքական գործակալ, կաներ այն ամենը, ինչ արվել է: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, և 1997-1998 թվականներին եթե Հայաստանը ղեկավարեին թուրքական գործակալներ, ամենամեծ ծառայությունը, որ նրանք կարող էին մատուցել Ադրբեջանին, Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնելն է՝ երաշխիք տալով, որ նրանք ներքուստ Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս: Եթե Ռոբերտ Քոչարյանը լիներ թուրքական գործակալ, այո՛, նրա օրոք Հայաստանի խորհրդարանում կգնդակահարեին Վազգեն Սարգսյանին և Կարեն Դեմիրճյանին, որովհետև ում, եթե ոչ թուրքական գործակալի, գործակալների օրոք կարող էր: Եթե Ազգային անվտանգության ծառայությունը 1999 թվականին ղեկավարվեր թուրքական գործակալի կողմից, այո՛, կգնդակահարեին խորհրդարանում Հայաստանի արցախյան հաղթանակի հեղինակին և Հայաստանն արդյունաբերական երկիր դարձրած առաջնորդին: Այո՛, դա կարող էր տեղի ունենալ մի պայմաններում, եթե նրանց անվտանգությունն ապահոված լիներ թուրքական գործակալների կողմից:

Էլ չեմ ասում, որ 1998 թվականին իշխանության հասնելով՝ Քոչարյան-Սարգսյան զույգը դավաճանություն էր համարում Ղարաբաղի հարցը փուլային եղանակով լուծելու հնարավորությունը, նույնիսկ դա քննարկելը: Մինչդեռ 2018 թվականի դրությամբ՝ սեղանին է եղել բանակցային մի փաթեթ, որը վերնագրված է այսպես՝ «Декларация о первом этапе и о дальнейших шагах в Нагорно-Карабахском урегулировании»: 1998 թվականին նրանք համարում էին, որ Ղարաբաղի հարցը չի կարող փուլային տարբերակով լուծվել, և նրանց գործունեության արդյունքում մենք հասանք մի կետի, որտեղ սեղանին դրված է «Декларация о первом этапе и о дальнейших шагах в Нагорно-Карабахском урегулировании»:

Եվ որտե՞ղ է հետևությունը, որտե՞ղ է եզրակացությունը, որտե՞ղ է վճիռը, որ, այո՛, Քոչարյան-Սարգսյան զույգը, 1998 թվականին Ղարաբաղի հարցն օգտագործելով, իշխանության հասնելու համար 20 տարվա ընթացքում տանուլ է տվել Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացը, Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը, հայ ժողովրդի բոլոր զրկանքները տանուլ են տվել, խուրդել են, մանրել են բադեն-բադեններում, հունական կղզիներում առանձնատներ կառուցելով, փարիզներում ու հռոմներում հյուրանոցներ ու առանձնատներ կառուցելով ու ձեռք բերելով: Տանուլ են տվել դիվանագիտության դաշտում, տանուլ են տվել բանակաշինության դաշտում՝ ոտի վրա բանակի կենացը խմելով, զինվորի հացը գողանալով: Տանուլ են տվել ենթակառուցվածքների և ընդհանրապես պետության զարգացման հարցում:

Սա 2017 թվականին արված վերլուծություն է՝ ֆինանսավորված այն ժամանակ գործած իշխանությունների կողմից, այսինքն՝ սա ընդդիմությունը չի ֆինանսավորել, իշխանությունն է ֆինանսավորել: Ըստ այդմ՝ կրիտիկական ենթակառուցվածքների զարգացման տեսակարար կշռով Հայաստանի Հանրապետությունը պայմանական միավորներով 10:1 հաշվով զիջել է Ադրբեջանին, դեռ 2017 թվականին: Սա իշխանական ֆինանսավորմամբ արված վերլուծություն է: Ընդ որում, այս հաշվարկի մեջ հաշվի չեն առնված էլեկտրաէներգետիկ համակարգը, տրանսպորտը և սպառազինությունը: Եթե սրանք ներառեին, այս հարաբերակցությունը կլիներ 20:1:

Հաջորդը՝ ուզում եմ այս վերլուծությունից ևս մի անդրադարձ անել. Հայաստանի Հանրապետությունում ռազմարդյունաբերական համակարգն սկսեց ձևավորվել միայն 2016 թվականի ապրիլից: Այդ ժամանակ էր, որ օրենսդրություն ընդունվեց, ինստիտուցիոնալ տեսք տրվեց՝ Ադրբեջանից 11 տարի ուշացումով: Կառուցվածքային առումով ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը նախարարական մակարդակով Հայաստանում կազմավորվել է միայն 2016 թվականին՝ Ադրբեջանից 12 տարի ուշացումով: Բարձր տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում, ի տարբերություն Ադրբեջանի, նախարարական մակարդակով 2017 թվականին տակավին ձևավորված չէր: Մինչդեռ Ադրբեջանում 13 տարի առաջ այդ ոլորտում նախարարություն էր ձևավորված, և 2017 թվականին Ադրբեջանն ուներ երկրի ուղեծրում 3 արբանյակ, որոնցից մեկը՝ հետախուզական, որը գնել էր: Այո՛, Ադրբեջանը հետախուզական արբանյակ էր գնում, իսկ Հայաստանի իշխանությունները գնում էին հողամասեր հունական կղզիներում, եվրոպաներում, այնտեղ, որտեղ հնարավոր էր:

Եվ, ուրեմն, պետք է արձանագրել, որ մենք պիտի ասենք՝ այո՛, նրանք տանուլ են տվել պետության ինստիտուցիոնալ կայացման հարցում՝ պետությունը վերածելով մի մաֆիոզ կառույցի, որը քամում է Հայաստանի կենսական միջոցները: Ու այդ մաֆիոզ կառույցները մինչև այսօր իրենց շոշափուկներն ունեն ամենուր՝ սկսած դատական համակարգից վերջացրած, ցավոք, մինչև անգամ, մենք տեսանք դրա կոնկրետ երևույթները Զինված ուժերում: Ու մենք պետք է արձանագրենք, որ մենք կռիվ ենք տվել ընդդեմ այդ 20-ամյա դավաճանության, ընդդեմ այդ 20-ամյա կապիտուլյացիայի: Բայց նույնիսկ բուն կռվի և պատերազմի ժամանակ նրանք պաշտպանել են իրենց պարտությունը՝ մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով դավաճան, որ իրենց դավաճանությունը քողարկեն, մեր հասցեին հնարավորինս բարձր գոռալով կապիտուլյանտ, որ իրենց կապիտուլյացիայից ուշադրությունը շեղեն: Կապիտուլյանտը դուք եք, դավաճանը՝ առավել ևս:

Ասում եմ՝ 20 տարի Հայաստանը թալանած, իշխած էլիտա են, իսկ մենք ամեն օր, երբեմն կենաց մահու կռիվ ենք տվել ձեր կապիտուլյացիայի և դավաճանության դեմ: Եվ ուզում եմ այս բարձր ամբիոնից հայտարարել, որ շարունակելու ենք մեր պայքարը, մեր անմնացորդ ու նվիրական պայքարը հանուն ազատ, հզոր, երջանիկ Հայաստանի: Ու մենք հիմա, հենց հիմա Հայաստանի Հանրապետության ժողովրդին՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, ասում ենք ուղիղ՝

Սիրելի՛ ժողովուրդ, չհուսահատվե՛ք, չվհատվե՛ք: Դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, որովհետև, այո՛, Հայաստանում կա ապագա, Հայաստանում ապագա կա, Արցախում կա ապագա, Արցախում ապագա կա, հայ ժողովուրդն ունի ապագա, և մենք միասին կերտելու ենք ազատ, երջանիկ և հզոր այդ ապագան:

Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մենք, այնուամենայնիվ, պետք է խոսենք ապագայի մասին:

Ապագայի մասին այդ խոսակցության ամենակարևոր մասը Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն է: Եվ ես ուզում եմ ընդգծել, որ որպես քաղաքական և ոչ թե որպես ռազմական հարց - ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել այս փաստի վրա - որպես բանակցային հարց, այո՛, պետք է դնենք Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի դեօկուպացիայի խնդիրը: Բայց էլի եմ ասում՝ մենք սա պիտի ձևակերպենք ոչ թե որպես ռազմական հարց, այլ որպես բանակցային քաղաքական հարց, և մենք պետք է հետևողականորեն շարունակենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» բանաձևի իրագործումը, որովհետև դուք տեսաք թե երեկ կամ նախօրեին ինչ իրադարձություններ տեղի ունեցան Ադրբեջանում: Դա ուղղակի աներևակայելի մի բան է, և կարծում եմ՝ մենք բոլոր ամբիոններից, բոլոր հնարավոր տեղերից պետք է հրավիրենք բոլորի ուշադրությունը, որ կարող է պատերազմի տառապանքների և զոհերի թանգարան բացվել մի երկրում, որը հայատյացության, ատելության ամենամեծ և ամենակարևոր դրսևորումն է: Եվ սա ամենամեծ հիմքն է, որ մենք միջազգային հանրությանն ի ցույց դնենք Լեռնային Ղարաբաղի համար «անջատում հանուն փրկության» սկզբունքի կիրառելիությունը, որը մեր հետագա բանակցային գործընթացի առանցքը պետք է կազմի:

Հաջորդ խնդիրը որը մեզ համար շատ կարևոր է, հարցն է, և մենք պետք է պատասխանենք, թե ինչպես է ապահովում մեր երկրի անվտանգությունը: Պետք է արձանագրենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առանցքը հայ-ռուսական ռազմական դաշինքն է, որն ամրապնդված է մի քանի տասնյակ ռազմավարական բնույթ ունեցող միջազգային պայմանագրերով և փոխադարձ դաշնակցային պարտավորություններով: Այս առումով Հայաստանի անվտանգության համար գործնական կարևոր նշանակություն ունեն Հայ-ռուսական միացյալ զորախմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հայ-ռուսական հակաօդային պաշտպանության միացյալ համակարգը: Այս երկու համակարգերը ձևավորած պայմանագրերի տրամաբանությամբ՝ հարձակումը Հայաստանի վրա նշանակում է հարձակում Ռուսաստանի վրա, և երկու երկրները համատեղ պետք է դիմակայեն   արտաքին մարտահրավերները:

Այս համատեքստում մեկնարկել է նաև Հայաստանի Զինված ուժերի բարեփոխումների լայնածավալ գործընթացը, որը նախ կներառի կառուցվածքային, ապա և բովանդակային բարեփոխումներ: Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ լրջորեն պետք է քննարկենք Հայաստանի Հանրապետության անցումը պրոֆեսիոնալ բանակի, և ժամկետային կամ զորահավաքային զինծառայության կառուցվածքն էականորեն պետք է կարողանանք փոփոխել:

Բացի դա, մենք հույս ունենք և քննարկում ենք Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավորությունները հարստացնելու հարցը: Պաշտպանության նախարարն այդ մասին արդեն հայտարարել է, որ Սյունիքի մարզում մենք նաև 102-րդ ռազմաբազայի հենակետ ստեղծելու վերաբերյալ բավական արդյունավետ քննարկումներ ենք ունենում Ռուսաստանի մեր գործընկերների հետ: Սյունիքի մարզի մի շարք հատվածներում Հայաստանի պետական սահմանի պահպանությանը մասնակցում են նաև ռուս սահմանապահները: Ռազմավարական հեռանկարում մենք պատկերացնում ենք, որ Հայաստանի պետական սահմանների այն հատվածների պահպանությունը, որն իրականացնում են Հայաստանի Զինված ուժերը, կդրվի սահմանապահների վրա, իսկ բանակի ստորաբաժանումները կզբաղվեն բացառապես մարտական պատրաստականության, մարտունակության բարձրացման հարցերով:

Արցախի անվտանգությունը կշարունակի իրականացնել Պաշտպանության բանակը՝ ռուսական խաղաղապահ ուժերի հետ համատեղ, և առումով որևէ մեծ փոփոխություն մենք չենք ունենա:

Ես ուզում եմ պարզաբանել մեր ձևակերպումը՝ պայմանագրային և պրոֆեսիոնալ հասկացությունների մեջ մենք պետք է որոշակի տարբերակումներ մտցնենք:

Մենք ի՞նչ պրոբլեմ ունեինք երկար տարիներ: Գիտեինք այդ պրոբլեմը, բայց, ցավոք, չնկատելու էինք տալիս: Պայմանագրային բավական մեծ թվով զինծառայողներ ընդգրկված էին մարտական հերթապահության մեջ, բայց մեր պայմանագրայինները, ըստ էության, 14 օր իրականացնում էին մարտական հերթապահություն, 14 օր գնում, զբաղվում էին իրենց գործերով՝ մեկը գյուղատնտեսությամբ, մյուսը՝ այլ աշխատանքով: Եվ, ըստ էության, մարտական պատրաստության բարձրացման հետ կապված աշխատանքները շատ թերի էին և սահմանափակ:

Պրոֆեսիոնալ զինվորականն ինչո՞վ է տարբերվում. նախ, արդեն ասացի, ես կարծում եմ, որ սահմանների պահպանությունը պետք է իրականացնեն սահմանապահները: Զինված ուժերը ոչ պատերազմական իրադրության ժամանակ պետք է գտնվեն իրենց մշտական տեղակայման վայրերում, և նրանք պետք է 24 ժամ, շաբաթվա մեջ 7 օր, ամսվա բոլոր աշխատանքային օրերին զբաղված լինեն բացառապես մարտական պատրաստության խնդիրներով: Այսինքն՝ այս ընթացքում նրանք չպետք է շաբաթվա կեսը զբաղվեն, օրինակ, գյուղատնտեսությամբ, մյուս կեսը՝ զինվորականությամբ, նրանք պետք է զբաղվեն իրենց աշխատանքով: Բայց մենք պետք է հասկանանք նաև, որ սա բավական երկար գործընթաց է: Դա 1-2 օրում, որքան էլ ցավալի է, հնարավոր չէ անել, և այդ գործընթացն սկսվել է 2018 թվականից: Որովհետև 2018 թվականին Երրորդ բանակային կորպուսում, մասնավորապես, մենք սկսեցինք բավական մեծ ծավալների հատուկ նշանակության արագ արձագանքման պրոֆեսիոնալ ջոկատների ձևավորումը, և հետագա գործընթացներում այդ կառուցվածքը ցույց տվեց իր արդյունավետությունը:

Շատ կարևոր եմ համարում, որ մենք կոմունիկացիաների բացման թեման պահենք մեր ուշադրության կենտրոնում, որովհետև ես ունեմ, ցավոք, կասկածներ, որ հենց Ադրբեջանն ամեն ինչ անում է՝ այս գործընթացը տորպեդահարելու և Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար: Ուզում եմ՝ արձանագրենք, որ մենք հետևողականորեն գնալու ենք հունվարի 11-ին Մոսկվայում ստորագրված համատեղ հայտարարության իրականացմանը, որովհետև մեզ համար ռազմավարական խնդիր է՝ օր առաջ երկաթուղային կապ հաստատել Ռուսաստանի Դաշնության հետ, օր առաջ երկաթուղային կապ հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ: Եվ սա կնշանակի, որ մենք կարողանում ենք տրանսպորտային-տրանզիտային ուղի դառնալ Պարսից ծոցից մինչև Խաղաղ օվկիանոս և ամենուր: Եվ կրկին ասում եմ՝ խնդրում եմ մեր ուշադրությունը հարցի վրա, որովհետև իրականում Ադրբեջանը շատ մեծ հավանականությամբ ամեն ինչ կանի, որպեսզի կոմունիկացիաների բացումը տեղի չունենա:

Ուզում եմ տնտեսական լավատեսությունը կրկին հիմնել, հենել նախկինում իմ արած հետևյալ հայտարարության վրա, որն ուղիղ կապ ունի կոմունիկացիաների բացման հետ: Ես արդեն ասել եմ, շատ է խոսվում այդ մասին, և դա արդարացի է, որ, օրինակ, Ադրբեջանի տնտեսական հզորացման գործում շատ մեծ դեր է ունեցել նավթը, գազը, նավթամթերքը: Բայց ուզում եմ էլի մեր ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա, որ Հայաստանը տիրապետում է, պայմանական ասած, 21-րդ դարի նավթի հսկայական պաշարների, 21-րդ դարի 2 նավթի հսկայական պաշարների՝ մեկը պղինձն է, մյուսը ջուրը: Մենք պետք է կարողանանք այնպես անել, որ Հայաստանի Հանրապետությունը ոչ թե հանքաքար արտահանող երկիր լինի, այլ մետաղական պատրաստի արտադրանք արտահանի: Սա ուղիղ կապ ունի կումունիկացիաների բացման հետ, որովհետև ներդրումային միջավայրի, այդ կարգի մեծ տնտեսական նախագծեր իրագործելու համար էական է երկաթուղային կապի առկայությունը:

Իհարկե, մենք արդեն 2018 թվականից սկսել ենք ջրային պաշարների կուտակման հնարավորությունների ուսումնասիրությունը: Մյուս կողմից՝ Հայաստանը ոռոգման և խմելու ջրի կուտակման մեծ ծրագիր պետք է իրականացնի, և այս երկու հենքի վրա պիտի հիմնված լինի մեր տնտեսությունը: Կրկին ուզում եմ ընդգծել, որ, այո՛, մենք տիրապետում ենք 21-րդ դարի նավթի, պղնձի և ջրի հսկայական պաշարների՝ տարեկան 7 մլրդ խմ ջուր է ձևավորվում Հայաստանի Հանրապետության տարածքում, և դրա մի չնչին մասն է, որ մենք ի վիճակի ենք լինում կուտակել:

Հաջորդը, որ մեզ համար ունի ռազմավարական նշանակություն, կրթության ոլորտի բարեփոխումներն են: Ես ուզում եմ ընդգծել, որ մենք շարունակում ենք Հայաստանում նախակրթարանների ստեղծման բավական լայնածավալ ծրագիրը և այդ ծրագիրը հետևողականորեն շարունակելու ենք: Ըստ էության, այս շղթայի մաս է, որ մենք, մեր կարծիքով, վերջապես կարողացել ենք գտնել մի բանաձև, որով պրոֆեսիոնալ ուսուցիչների աշխատավարձը հետևողականորեն, շարունակաբար և, պայմանական ասած, անընդհատ կավելանա: Եվ դրա համար, ես արդեն ներկայացրել եմ, ներդրվում է ուսուցիչների որակավորման հաստատման ատեստացիայի գործընթաց, և այս տարվանից սկսած՝ ատեստացիա անցած ուսուցիչների աշխատավարձը նոյեմբերից 30-50 տոկոսով կբարձրանա: Եվ շարունակաբար՝ բոլոր այն ուսուցիչները, ովքեր իրենց որակավորումը կվերահաստատեն, նրանց աշխատավարձերն առաջին փուլում կբարձրանա 30-50 տոկոսով: Հետագայում նրանք իրենց գործունեության արդյունքում հնարավորություն կունենան հավաքել կրեդիտներ, բարձրացնել իրանց որակավորման հավաստման մակարդակը և շարունակաբար ունենալ աշխատավարձերի բարձրացում:

Հաջորդ ուղղությունը, որ մենք որդեգրել ենք՝ գիտության ֆինանսավորման ավելացումն է: Գիտեք, որ մենք այս տարի խորհրդարանի հետ համագործակցությամբ 14.5 տոկոսով ավելացրեցինք գիտության ֆինանսավորումը՝ 2 մլրդ դրամ հավելյալ միջոցներ տրամադրելով: Ուզում եմ ասել, որ 2022-2025 թվականների ընթացքում ամեն տարի գիտության ֆինանսավորումը միջինում աճելու է 3-5 մլրդ դրամով: Ընդ որում, ուզում եմ ընդգծել, որ ինչպես ուսուցիչների պարագայում, այս դեպքում էլ մենք հիմա ներդրում ենք մի համակարգ, որը գիտաշխատողների աշխատավարձերի շարունակական բարձրացման հնարավորություն պիտի ընձեռի՝ սկսած ասպիրատներից վերջացրած գիտահետազոտական ինստիտուտների տնօրեններից:

Հարգելի գործընկերներ,

Հաջորդ ուղղությունը, որ մենք որդեգրել ենք, արդեն ասացի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ձևավորմամբ, և այստեղ էլ մենք ֆինանսավորման էական ավելացում ունենք: 2019 թվականին Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունեցել է 5 մլրդ 570 մլն դրամի ֆինանսավորում, 2020 թվականին բյուջետային ֆինանսավորումը հասել է 9 մլրդ 137 մլն դրամի՝ ավելի քան 40 տոկոսով ավելանալով նախորդ տարվա նկատմամբ:

Եվ ես, հենվելով այս ամենի վրա, ուզում եմ կրկին ընդգծել իմ համոզմունքը, որ Հայաստանում, այո՛, ապագա կա, որ Հայաստանում, այո՛, կա ապագա:

Ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել մի այսպիսի կարևոր հանգամանքի վրա. Կառավարության՝ 2019 թվականին ընդունված ծրագրում մեզ համար սկզբունքային հարց է բռնության բացառումը որպես ներհայաստանյան հարցերի լուծման միջոց կամ նույնիսկ օրինական բռնության կիրառման դեպքերից հնարավորինս խուսափելը, և դա մեզ համար ծրագրային դրույթ է: Ես ուզում եմ ուրախությամբ ընդգծել, որ այն իրավիճակները, որ մենք ունեինք, խորհրդանշական ձևով ասած, Երևանի Հանրապետության հրապարակում, Երևանի Բաղրամյան պողոտայում, Երևանի Դեմիրճյան փողոցում, մենք այդ իրավիճակները հանգուցալուծել ենք առանց որևէ բռնության: Եվ սա շատ կարևոր արձանագրում է: Այն ժամանակ, երբ Հայաստանի՝ ձեզ հայտնի շրջանակներն ամենօրյա ռեժիմով առաջարկում էին գլխատել, կախել, գնդակահարել իշխանության ներկայացուցիչներին, այդ նույն ընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, իրավապահ մարմինները իրավիճակները հանգուցալուծեցին ոչ միայն առանց որևէ կրակոցի, նույնիսկ մեկ ոստիկանական մահակ չի բարձրացել վերև:

Ես ուզում եմ կրկին ընդգծել, որ համաձայն խորհրդարանական ընդդիմության հետ ձեռք բերված պայմանավորվածության, և այդ պայմանավորվածությունը նախապես քննարկվել է նաև Հայաստանի Հանրապետության նախագահի հետ՝ Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սրա ամենակարևոր և մեծ սիմվոլն այն է, որ մենք սրբորեն պահել ենք, պահպանել ենք ժողովրդից ստացած իշխանությունը, թույլ չենք տվել, որ պատահական մարդիկ, որոնք իշխանագողության շատ հարուստ փորձ ունեն, ձեռք գցեն այդ իշխանությունը, և մենք այդ իշխանությունը վերադարձնում ենք ժողովրդին: Եթե ժողովուրդը կորոշի այդ իշխանությունը կրկին պատվիրակել մեզ՝ ազատ, արդար ընտրություններով, մենք կշարունակենք մեր գործունեությունը, մեր պայքարը հանուն ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի:

Համոզված եմ, որ հայ ժողովուրդը կհաղթի:  

Շնորհակալ եմ: Պատրաստ եմ պատասխանել ձեր հարցերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]