Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՌԴ-ից մինչև հեռավոր Բրազիլիա. «Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի տարբեր համայնքներից կունենա 400 մասնակից

ՌԴ-ից մինչև հեռավոր Բրազիլիա. «Քայլ դեպի տուն»-ը Սփյուռքի տարբեր համայնքներից 
կունենա 400 մասնակից

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Քայլ դեպի տուն» ծրագիրն այս տարի Սփյուռքի տարբեր համայնքներից կունենա 400 մասնակից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Ենգիբարյանը նշեց, որ ծրագիրն իրականացվելու է 4 փուլով, յուրաքանչյուր փուլի ժամանակ ընդունելու են 100 մասնակցի:

«Նախորդ տարիներին յուրաքանչյուր փուլի ընթացքում մասնակիցների թիվը 100-ից ավելին է եղել, սակայն այս անգամ, համավարակով պայմանավորված, սահմանել ենք այդ թիվը: Ասեմ, որ Հայաստան ժամանող մասնակիցը պետք է ունենա Covid-19-ի ախտորոշման թեստի պատասխան՝  72 ժամ վաղեմությամբ: Ամեն ինչ արվելու է համավարակի հետ կապված անվտանգության կանոնները պահպանելու համար, երեխաները պարտադիր ձեռքի տակ ունենալու են ախտահանիչ միջոցներ, դիմակներ»,-ասաց Հայկ Ենգիբարյանը:

Ծրագրին մասնակցելու հայտարարությունն արդեն տրված է, դիմումներն ընդունվում են: Մինչ այդ հանձնակատարի գրասենյակը Սփյուռքում մեր հայրենակիցների շրջանում ճշտել է մասնակցության հետ կապված տրամադրությունները: Հայկ Ենգիբարյանն ընդգծեց, որ հենց այդ տրամադրությունները հիմք հանդիսացան, որ ծրագիրն այս տարի անցկացվի, մանավանդ, որ 2020 թվականին, համավարակով պայմանավորված, այն անցկացվել էր առցանց:

«Շատ մեծ է եղել պահանջը, որպեսզի այս տարի հնարավորություն տրվի  սփյուռքահայ երիտասարդներին ծրագրի շրջանակներում գան Հայաստան, ճանաչեն իրենց երկիրը: Ասեմ, որ արձագանքներ կան Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Նիդերլանդներից, անգամ հեռավոր Բրազիլիայից, ԱՄՆ-ից»,-ասաց Հայկ Ենգիբարյանը: 

«Քայլ դեպի տուն» ծրագիրն այս տարի մեկնարկելու է հունիսի 21-ին և անցկացվելու է  մինչև օգոստոսի 14-ը: Ծրագրին կարող են մասնակցել 13-18 տարեկան սփյուռքահայ այն պատանիները և աղջիկները, որոնք նախորդ տարիներին չեն մասնակցել «Արի տուն» և «Քայլ դեպի տուն» ծրագրերին: Հայկ Ենգիբարյանը նշեց, որ  պատանիներին ու աղջիկներին հետաքրքիր ու հագեցած ծրագիր է սպասվում: Նախատեսված է 14-օրյա ճամբարային ծրագիր, ճանաչողական այցելություն Հայաստանի պատմամշակութային վայրեր, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ: Կլինեն հայոց լեզվի, հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, կանցկացվեն հանդիպումներ պետական, հասարակական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, տեղի կունենան մարզական և մշակութային միջոցառումներ: 

«Հիմնականում այցելության վայրերը պահպանել ենք՝ Դիլիջանի միջազգային դպրոց, Հաղարծին, «Մոնթե Մելքոնյան» վարժարան, Էջմիածին, Գառնի, Գեղարդ, Երևանի Թումո կենտրոն և այլն: Բազմազան ծրագիր է սպասվում: Այս ամբողջ ընթացքում երեխաները ոչ թե հյուրընկալող ընտանիքում են ապրելու, այլ ճամբարում: Դա հնարավորություն կտա այդ ընթացքում միասին լինել, ավելի շուտ ընկերանալ, մտերմանալ: Նախորդ փորձը ցույց տվեց, որ երեխաները շատ տպավորվում են, ու դժվարությամբ են հեռանում»,-հավելեց Հայկ Ենգիբարյանը: 

Ծրագրի 14-օրյա ժամանակահատվածի բոլոր ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը:

Աննա Գզիրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]