Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնդկաստանը կարող է ՀՀ-ն դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան և Եվրոպա. Ավինյան

Հնդկաստանը կարող է ՀՀ-ն դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի 
Ռուսաստան և Եվրոպա. Ավինյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մարտի 16-ին ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դևալին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Տիգրան Ավինյանի գրասենյակից:

Փոխվարչապետն ընդգծել է հայ-հնդկական ավանդական բարեկամական հարաբերությունների կարևորությունը և արտահայտել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ բարձրացնել դրանք նոր և հավակնոտ մակարդակի:

Կողմերը քննարկել են «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շուրջ ընթացիկ զարգացումները: Նկատի ունենալով Հայաստանում Իրանից մինչև Վրաստան ձգվող «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման ծրագիրն ու երկաթուղային հաղորդակցությունների բացման հնարավորությունը՝ փոխվարչապետն ընդգծել է, որ Հնդկաստանը կարող է Հայաստանին դիտարկել որպես տրանսպորտային դարպաս դեպի Ռուսաստան և Եվրոպա:

Տիգրան Ավինյանը շնորհավորել է Հնդկաստանին 2021թ.-ից ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու կապակցությամբ և համոզվածություն հայտնել, որ Հնդկաստանի գործունեությունն Անվտանգության խորհրդում կնպաստի համաշխարհային անվտանգությանն ու խաղաղությանը:

Անդրադառնալով տարածաշրջանում ստեղծված իրադրությանը՝ փոխվարչապետը նկատել է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է լինի համալիր և ամբողջական, որը պետք է ներառի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ հիմնված Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքի իրականացման վրա: Այս համատեքստում կարևորվել է Հնդկաստանի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը պետք է լուծվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ բանակցությունների միջոցով:

Տիգրան Ավինյանը միաժամանակ առանձնացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների՝ առանց նախապայմանների և շուտափույթ վերադարձի հարցը:  

Զրուցակիցներն անդրադարձել են պաշտպանության բնագավառում առկա փոխգործակցությանն ու դրա խորացման և ընդլայնման հնարավորություններին:

Կողմերը համակարծիք էին, որ առևտրատնտեսական հարաբերությունների ներկայիս մակարդակը չի համապատասխանում առկա ներուժին, հետևաբար հարկ է իրացնել համագործակցության լայն հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների, կրթության, առողջապահության, գիտության, գյուղատնտեսության, արևային էներգիայի օգտագործման ոլորտներում: Այս առումով կարևորվել է Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը:

Կարողությունների զարգացման ոլորտում Հայաստանին հնդկական աջակցության կարևոր օրինակ է մատնանշվել Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, որի գործունեության շրջանակները հնարավոր է ընդլայնել՝ շեշտադրում կատարելով արհեստական բանականության ոլորտի վրա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am