Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Արցախի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հարցը

Արցախի ԱԳ նախարարը ԵԱՀԿ գործող նախագահի հետ քննարկել է Ադրբեջանում 
պահվող հայ գերիների վերադարձի հարցը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեի հետ: Երևանում կայացած հանդիպմանը նրանք քննարկել են ԼՂ հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը և հետագա զարգացումները: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մարտի 16-ին տեղի ունեցած հանդիպումից հետո Բաբայանն ասաց, որ քննարկման օրակարգում էր, մասնավորապես, ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացին Արցախի լիարժեք մասնակցության վերականգնման հարցը, ինչպես նաև հատուկ ուշադրություն է դարձվել Ադրբեջանում պահվող հայ գերիների և պատանդների վերադարձի խնդրին:

«Կարծում եմ, որ եթե մշտապես այդ հարցերը բարձրաձայնվեն և ԵԱՀԿ-ն ու այլ կառույցներ տեղյակ լինեն, միգուցե ինչ-որ առաջընթաց լինի»,- ասաց Բաբայանը:

Անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությունը, թե Ադրբեջանն, իր ստանձնած պարտավորություններին համապատասխան, բոլոր ռազմագերիներին փոխանցել է հայկական կողմին, Բաբայանն ասաց, որ Ադրբեջանը կոպիտ խախտում է միջազգային իրավունքը:

Արցախի ԱԳ նախարարը նշեց, որ Ադրբեջանում կան շատ ավելի շատ գերիներ և պատանդներ, քան Ադրբեջանը դրա մասին բարձրաձայնում է: «Ինչու են թաքցնում: Մենք գիտենք, չէ՞, որ կան ավելի շատ մարդիկ, որոնք գերության մեջ են: Տեսեք՝ անհայտ կորածների և գերիների բարեկամները, հարազատները ամեն օր ինչ վիճակում են: Իհարկե, այս հարցերը քննարկվել են, և մենք տեղյակ ենք պահել ԵԱՀԿ գործող նախագահին: Բնական է, որ այդ ամենը լսել է և գրառումներ կատարել: Թե ինչ տեղաշարժ կունենա այդ հարցը, ցույց կտա ժամանակը, բայց բոլորս պետք է միշտ աշխատենք այս ուղղությամբ և մեկ վայրկյան օրակարգից դուրս չթողնենք»,- ընդգծեց Բաբայանը:

Արցախի արտաքին գործերի նախարարը նաև կարևորեց ԼՂ հակամարտության կարգավորման գործում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի պահպանումը:

«Նախ և առաջ այդ ձևաչափը պետք է պահպանվի և պետք է այսպիսի հանդիպումներ լինեն: ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրանց եռանախագահության ձևաչափը, նրանց կարևորության մասին և նրանց պահպանման մասին խոսվել է բոլոր եռանախագահ երկրների ղեկավարների կողմից և հակամարտության բոլոր կողմերն են դրա մասին բարձրաձայնել, հետևաբար պետք է շարունակենք այս ձևաչափով աշխատանքները»,- շեշտեց Բաբայանը:

Հարցին, թե ինչու է Ադրբեջանը խախտում 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթը գերիների վերադարձի մասով, Բաբայանը պատասխանեց, որ Ադրբեջանում հայատյացությունը պետական քաղաքականություն է և դրանով փորձում են խարխլել ներքաղաքական իրավիճակը:

«Կարող են նաև այլ հանգամանքներ գոյություն ունենալ, ուղղակի դրանց մասին չենք ցանկանում խոսել»,- եզրափակեց Բաբայանը: 

Ըստ Արցախի ԱԳՆ-ի՝ հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը, ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը, պաշտոնատար այլ անձինք։

«Դավիթ Բաբայանը ԵԱՀԿ գործող նախագահին ներկայացրել է նաև Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական իրավիճակը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարը նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ վերադարձը հայրենիք անհետաձգելի խնդիր է։ Դավիթ Բաբայանն ընդգծել է քաղաքական առևտրում գերության մեջ գտնվող անձանց և նրանց հարազատների տառապանքների օգտագործման անթույլատրելիությունը։ Արցախի ԱԳՆ ղեկավարը ԵԱՀԿ Գործող նախագահին կոչ է արել գործադրել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ հասնելու Ադրբեջանի կողմից միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած իր պարտավորությունների անշեղ իրականացմանը։ Դավիթ Բաբայանը հույս է հայտնել, որ միջազգային հանրությունը կաջակցի Արցախին այնպիսի կենսական խնդիրների լուծման հարցում, ինչպիսիք են աջակցության տրամադրումը պատերազմի արդյունքում տեղահանված մարդկանց և հայկական մշակութային ժառանգության պահպանումն Ադրբեջանի կողմից զավթված տարածքներում»,-նշված է Արցախի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am