1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Արեւային քաղաքի ճարտարապետը. նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն…

Արեւային քաղաքի ճարտարապետը. նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն…

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երբ առաջին անգամ Երեւանում հանդիպեցի հյուսիսից նոր եկած Ալեքսանդր Թամանյանին, նա ինձ վրա թողեց զարմանալի կիրթ եւ ներշնչված մարդու տպավորություն. խոշոր աչքեր, ուշիմ նայվածք, ճկուն իրան եւ մի աշխույժ քայլվածք, որ ունենում են բարի նպատակի ձգտող մարդիկ: Թամանյանն այդ ժամանակ 40-42 տարեկան էր, ուղիղ, միջինից քիչ բարձր հասակով: Հագին ուղտի բրդի մի վերարկու էր, որ ծնկներին անգամ չէր հասնում, որպիսին հագնում էին առաջներում ոտքով ճամփորդող տուրիստները, իսկ գլխին՝ մորթե գլխարկ, ինչը նրան նմանեցնում էր տեղացու: Բայց հայացքը արտակարգ էր, ընդգրկող ու ներշնչված: Մի՞թե ճարտարապետը կարող է այսպես ներշնչված լինել: Մինչ այդ իմ տեսած հայ ճարտարապետներից եւ ոչ մեկը չէր ունեցել այդպիսի ոգեշնչված արտահայտություն: Ես մտածեցի. սա երեւի թաքուն բանաստեղծություններ է գրում կամ երաժշտությամբ է զբաղվում: Չի կարող պատահել, որ այսպիսի ներշնչված մարդը միայն ճարտարապետ լինի: Բայց հետո պարզվեց, որ նա սոսկ ճարտարապետ չէր, այլ՝ բանաստեղծ-ճարտարապետ, մի անզուգական նրբաճաշակ արվեստագետ… Թամանյանի Կառավարական տունը մի սքանչելի, անկրկնելի պոեմ է՝ նրա թե ամբողջության, թե առանձին մասերի մեջ, նրա նուրբ կամարների, նրա կրկնասյուների, գեղաքանդակ խոյակների մեջ, նրա նրբերիզ պատուհանների եւ գեղեցիկ հատումով արված անկյունների մեջ կա եւ պոեզիա, եւ նկարչություն, եւ երաժշտություն…»:

Ստեփան ԶՈՐՅԱՆ

 

Հայոց 12-րդ մայրաքաղաք Երեւանը 20-րդ դարասկզբին ամենեւին էլ չի թողել քաղաքի տպավորություն՝ կավածեփ տներ, նեղլիկ ու փոշոտ փողոցներ, առավելապես միահարկ կամ երկհարկ անճաշակ շինություններ, հնությամբ շնչող մի բնօրրան, որը զուրկ էր դույզն-ինչ շքեղությունից ու պերճանքից: Կարճ՝ գավառական մի քաղաք, որը, բարեբախտաբար, ունենալու էր իրեն վերազարթոնք պարգեւող իր հանճարեղ ճարտարապետին՝ հանձին Ալեքսանդր Թամանյանի, եւ տասնամյակներ անց դասվելու էր աշխարհի ամենագեղեցիկ քաղաքների շարքը:

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թ., Եկատերինոդարում (այժմ՝ Կրասնոդար), սովորել է տեղի ռեալական ուսումնարանում, այնուհետեւ ընդունվել Պետերբուրգի կայսերական ակադեմիային կից գեղարվեստի բարձրագույն ուսումնարան եւ այն ավարտել նկարիչ-ճարտարապետի կոչումով: 1917 թ. եղել է ռուսաց հյուսիսային մայրաքաղաքի գեղարվեստի ակադեմիայի խորհրդի նախագահ՝ ակադեմիայի փոխնախագահի իրավունքներով: Երկար տարիներ ապրել եւ աշխատել է Ռուսաստանում, իսկ ստեղծագործական գործունեությունն սկսել է Պետերբուրգի Նեւսկի պողոտայում գտնվող 1771-1776 թթ. կառուցված Սուրբ Կատարինե հայկական եկեղեցու վերակառուցումով, որտեղ էլ 1908 թ. տեղի է ունեցել ճարտարապետի պսակադրության արարողությունը անգլիացի արդյունաբերողի դստեր՝ Կամիլլա Էդվարդսի հետ: Այդ ընթացքում Թամանյանն ստեղծում է իր նշանավոր կառույցներից կոմս Կոչուբեի առանձնատունը Ցարսկոյե Սելոյում (այժմ՝ Պուշկինո), ճարտարապետական մի քանի սքանչելի կառույցներ նույն քաղաքում, Մոսկվայում, նրա արվարձաններում: Ռուսաստանում արդեն մեծ հեղինակություն վայելող արվեստագետին 1914 թ. շնորհվում է գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոսի կոչում՝ «Գեղարվեստի ասպարեզում մեծ համբավ ձեռք բերելու համար»: Արժանանում է նաեւ Մոսկվայի քաղաքային վարչության Առաջին մրցանակի եւ Ոսկե մեդալի: Ռուսաստանում նա իրեն դրսեւորել է նաեւ որպես հմուտ քաղաքաշինարար… Սակայն, անկախ շռնդալից հաջողություններից, անկախ բաղձալի կենսապայմաններից, ազգանվեր ճարտարապետը 1919 թ. տեղափոխվում է Երեւան, երկու տարի անց՝ Իրան, Թավրիզ: Եվս երկու տարի օտարության մեջ, որին հաջորդելու էր հայրենի կառավարության կրկնակի հրավերը, եւ սկսվելու էր թամանյանական ճարտարապետության քարե սիմֆոնիայի համանվագը հարազատ ոստանում: Արարման արեւոտ այդ սիմֆոնիան շարունակվելու էր մի ողջ կյանք: Մարտիրոս Սարյանը, ում հետ մտերիմ հարաբերության մեջ էր ճարտարապետը, գերազանցապես ընկալելով թամանյանական հանճարը՝ Ավետիք Իսահակյանին գրելու էր. «Այդ շենքերը կլինեն ավելի գեղեցիկ ու հարմար, քան թե այն բոլոր շենքերը, որ հայ բուրժուազիան շինել է Թբիլիսիում, Բաքվում եւ մի շարք քաղաքներում՝ Հայաստանից դուրս…»:

Գալով Հայաստան՝ Ա. Թամանյանը նախագծում է մի շարք անհատական տներ ու հասարակական շինություններ, գործուն մասնակցություն ունենում քաղաքի կառուցապատման աշխատանքներին: Երեւանում իր գործունեության առաջին տարիներին նախագծում եւ կառուցում է իտալական վերածնության շրջանի ճարտարապետության ոճով մի քանի շենքեր՝ ազգային գրադարան, ֆիզիոթերապեւտիկ ինստիտուտ եւ այլն:

1924 թ. կառավարությունը հաստատում է ճարտարապետի ներկայացրած Երեւանի վերակառուցման ու զարգացման գլխավոր հատակագիծը, որի համաձայն՝ մայրաքաղաքը քաղաք-այգի էր լինելու՝ 150 հազար ազգաբնակչությամբ, կառուցապատված 3-4 հարկանի շենքերով եւ բաժանված առանձին գոտիների՝ վարչական, մշակութային, ուսանողական, արդյունաբերական եւ այլն: Այն ունենալու էր երկու կենտրոնական հրապարակ՝ Թատերական եւ Լենինի անվան: Հյուսիսային պողոտան միացնելու էր քաղաքի կարեւորագույն այս երկու հատվածը, եւ տեսարանն ավարտվելու էր Արարատի շքեղ հեռանկարով:

Թամանյանի նախագծած խոշորագույն կառույցներն են Կառավարական եւ Ժողտունը՝ օպերայի եւ բալետի պետական թատրոնը: Այս երկու նախագիծը նա մշտապես կատարելագործել է՝ ընդհուպ մինչեւ իր երկրային կյանքի վախճանը: Ցավոք, նրան բախտ չէր վիճակված այդ գլուխգործոցները տեսնել ավարտուն վիճակում: Իր մահից հետո դրանք կյանքի են կոչվել նրա որդու՝ ճարտարապետ Գեւորգ Թամանյանի վերահսկողությամբ: Եվ արժանացել են ամենաբարձր գնահատանքի 1937 թ. Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում: Ժողտան նախագիծը շահել է Մեծ ոսկե մեդալ, իսկ Կառավարական տունը՝ Ստալինյան մրցանակ՝ 1942-ին:

Ա. Թամանյանը, ուսումնասիրելով Զվարթնոցի, Անիի, պատմական այլ հուշարձաններ ու ժողովրդական ճարտարապետության այլ նմուշներ, գտել էր դրանց օգտագործման մեթոդը ժամանակակից պայմաններում. նա երբեք չի կրկնել հինը, բայց եւ չի մերժել այն՝ պատմական կամուրջ գցելով հայ ժողովրդի անցած շրջանի մշակույթի եւ նորի միջեւ: Հայաստանի առաջին հանրապետության օրոք մշակել է հայոց պետական զինանշանը, խորհրդային առաջին տարիներին զբաղվել նաեւ էներգետիկայի եւ ոռոգման հարցերով, նախագծել ու կառուցել ջրանցքներ, ջրհան եւ հիդրոէլեկտրակայաններ, իսկ Երեւանի հիդրոէլեկտրակայանի կառուցման համար արժանացել Ժողովրդական ճարտարապետի կոչման:

Ակադեմիկոս Ա. Թամանյանն աշխատել է ինչպես մայրաքաղաքի տասնյակից ավելի ճարտարապետական կառույցների՝ հիվանդանոցների, գրադարանների, թատրոնների, ինստիտուտների, վարչական շենքերի, այնպես էլ հանրապետության մի շարք քաղաքների քաղաքաշինական նախագծերի վրա՝ Վաղարշապատ, Նուբարաշեն, գյուղական համայնքների, ավանների նախագծեր:

«Նա մեր աչքերը բացեց, նա ուղի ցույց տվեց՝ լայն, մեծ, իսկական,- Թամանյան արվեստագետի մասին գրել է ոսկեձեռիկ Ռաֆայել Իսրայելյանը,- նա մեր քարերին ստիպեց խոսել հայերեն, ինչպես եղել է դարեր առաջ: Մի շենք է կառուցել, թե տասը, նշանակություն չունի: Նա քաղաք ստեղծեց: Երեւանը նրա անվան հետ է կապված: Թամանյանը ստեղծեց հայ ճարտարապետության նոր դպրոց…»:

Անմեռ ճարտարապետն ապրեց ընդամենը 60 տարի՝ դարերին թողնելով հավերժորեն հնչեղ քարե իր սիմֆոնիան…

 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]