Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դատավորի թեկնածուներին չընտրելով՝ «Իմ քայլը» քաղաքական արձագանք է տալիս ԲԴԽ նախագահի հայտարարությանը

Դատավորի թեկնածուներին չընտրելով՝ «Իմ քայլը» քաղաքական արձագանք է տալիս 
ԲԴԽ նախագահի հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին չընտրելու որոշմամբ արտահայտում է իր քաղաքական արձագանքը՝ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի ավելի վաղ արած հայտարարությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով թեկնածուներին չընտրելու իրենց որոշմանը:

Մակունցը նաև նշեց, որ երեք օրվա ընթացքում դատավորի ընտրության հարցի քննարկումների նպատակն է եղել թե հանրության, թե իրենց հասկանալի դարձնել 2020-ի նոյեմբերի 15-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի կողմից արված հայտարարությա մոտիվները, նպատակը և թե ինչի է հանգեցրել այդ հայտարարությունը:

«Մեր գնահատականը ոչ միայն շարունակում է մնալ այն, որ այդ հայտարարությունը դիտարկում ենք որպես քաղաքական, այլև այն արձագանքը, որ պարոն Վարդազարյանը հնչեցնում էր ի պատասխան պատգամավորների հարցերի, խորանում է մտահոգություններն առ այն, որ դրանք կարող են լինել շարունակական»,- նշեց Մակունցը:

Նա հիշեցրեց, որ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավորների կողմից հնչեցվել են նաև այլ մտահոգություններ՝ մասնավորապես Վարդազարյանի այլ գործունեությունների վերաբերյալ՝ պայմանավորված թե կարգապահական վարույթներով, գործերով, թե մի շարք այլ հանգամանքներով: «Իմ քայլը» խմբակցությունը ևս մեկ անգամ ընդգծում է, որ այս քայլով չի արտահայտում իր վերաբերմունքը թեկնածուների նկատմամբ: Խորին ակնածանք ունենք թե Հայկյանցի, թե Մկրտչյանի նկատմամբ: Սրանով մենք արտահայտում ենք քաղաքական արձագանք՝ պարոն Վարդազարյանի արած հայտարարությանը և այս ընթացքում նրա ծավալած գործունեությանը»,- վստահեցրեց Մակունցը:

Խմբակցության ղեկավարը նաև հայտնել էր, որ քրեական ենթամշակույթին առնչվող անձինք միջնորդավորված կապ են հաստատել ԱԺ պատգամավորների հետ՝ ի պաշտպանության ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի: Լրագրողների հետ զրույցում Մակունցը շեշտեց, որ այդ հանգամանքը ևս ամրապնդել է իրենց դիրքորոշումը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դա ա՞յն հարցն է, որի քննարկման համար կարելի էր երեք օր ժամանակ ծախսել՝ Մակունցն ասաց, որ ԱԺ-ի հարթակը, պատգամավորների գործիքակազմը նաև նրա համար է, որ հանրության համար անհասկանալի հարցերը, որոնք մեկնաբանությունների տեղիք են տալիս,  ակնհայտ դարձնեն, պարզաբանումներ ստանան: Կոնկրետ այս դեպքում դատական իշխանության ներկայացուցիչները գործի բնույթով պայմանավորված՝ ուղղակի շփման մեջ չեն քաղաքացիների հետ:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշեց, որ այդպիսով իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ: Թեկնածուներն են Արմեն Հայկյանցը և Արսեն Մկրտչյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am