Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Մասնագետները պարզաբանել են Երևանում շինհրապարակների կազմակերպման պարտադիր պայմանները

Մասնագետները պարզաբանել են Երևանում շինհրապարակների կազմակերպման 
պարտադիր պայմանները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մայրաքաղաքում շինարարության նկատելի աշխուժացմանը զուգահեռ` շինհրապարակներ կազմակերպելու գործում այս գարնանից սկսած կգործեն նոր կանոններ: «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հիշեցնելով, որ բոլորովին վերջերս Երևանի ավագանին փոփոխություններ է կատարել շինհրապարակների կազմակերպման և սանիտարական նորմերի ապահովման պարտադիր պայմաններում. այսուհետև շինհրապարակներում կառուցապատողները հատուկ մոտեցում պետք է ցուցաբերեն հարակից կանաչ գոտիների պահպանմանը:

«Մենք փորձեցինք այս նոր որոշման մեջ արտացոլել աշխարհում ընդունված սկզբունքները, ավելին՝ այն ինչ ներկայացված է որոշման մեջ, Երևանում ունեցել ենք: Ինձ մոտ 1980-ական թվականների Երևանի քաղսովետի որոշումն է, և ուզում եմ ասել, որ մեր քաղաքն այս մշակույթն ունեցել է, և մենք պարտավոր ենք այն վերադարձնել ու ապահով պահել մեր կանաչ ֆոնդը»,- ասում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ փոխտնօրեն Քրիստինա Վարդանյանը:

Քաղաքապետարանից հայտնել են, որ ծառերի սաղարթից և թփերից մինչև 1,5 մետր հեռավորության վրա որևէ շինարարական նյութ չպետք է կուտակվի, արգելվում է նույն հեռավորությամբ ծանր տեխնիկայի կայանումը, բետոնի կամ այլ շաղախի պատրաստումը:

«Եթե մենք չունենք մեծ զանգված, ապա բնաբաժակի մասով պետք է պահենք ծառի բունը, որովհետև, եթե վնասվում է բունը, արդեն վարակ է ներթափանցում, և ժամանակի ընթացքում մենք ունենալու ենք հիվանդություններ և ծառի կյանքի կրճատում»,- ընդգծում է Քրիստինա Վարդանյանը:

Բնապահպանության փորձագետ Արսեն Գասպարյանի խոսքով՝  հատկապես շինարարություն սկսող տնտեսվարողները, միգուցե չցանկանալով, բայց իրենց գործունեության ընթացքում վնասում են ծառերը և ընդհանրապես կանաչապատ գոտիները: «Այդ տեսանկյունից առաջին հերթին մեր քաղաքային իշխանությունների՝ մարդկանց վերաբերմունքը փոխելու ձգտումը շատ կարևոր եմ համարում: Եթե այդպիսի ավանդույթ ձևավորենք և կարողացանք մարդկանց բացատրել, որ այդ ամենը ոչ թե հավելյալ բեռ է, այլ իրենց գործունեության տրամաբանական մաս, ապա շատ լավ արդյունք կստանանք»,- նշում է փորձագետը:

 Կովկասի բնության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արման Վերմիշյանի գնահատմամբ էլ՝ վերոնշայալ որոշումով նոր ավանդույթի հիմք է դրվում նաև շինարարության ժամանակ որոշակի բնապահպանական նորմերը ճիշտ պահպանելու տեսակետից: «Տեսնում էինք ջարդված ծառեր, պահեստի վերածված ծառեր, ընդ որում, այնպիսի նյութերի, որոնք ուղղակիորեն վնաս են տալիս ծառին»,- նկատում է Արման Վերմիշյանը:

Մեկ այլ որոշմամբ շինհրապարակի ժամանակավոր ցանկապատի համար Երևանի քաղաքապետարանը կառուցապատողներին նոր ձևավորում է առաջարկում: Այս նորմի պահպանումը ևս այսուհետ պարտադիր պահանջ է: «Տպագրության համար համապատասխան նիշքերը կառուցապատողները կարող են անվճար ներբեռնել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական՝ yerevan.am կայքի «Քաղաքաշինություն» բաժնից»,- հայտնում եբ Երևանի քաղաքապետարանից։

 «Շինարարական հրապարակները պետք է պարփակված լինեն բացառապես հաստատված պաստառով, իսկ դա չանելու դեպքում նույնիսկ կիրառվում են համապատասխան տույժեր: Պետք է խնդրենք մեր տնտեսվարողներին, որ այս պահից սկսած լինեն հետևողական և պաստառապատեն այն նյութերով, որոնք կտրամադրի Երևան համայնքը: Կուզեմ նշել, որ նյութը տրամադրվում է բացառապես անվճար մեր մեկ պատուհանի աշխատակիցների կողմից, նախագծերին կից՝ էլեկտրոնային տարբերակով: Նշեմ, որ այն տեղադրված է նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում, որը կարող են ներբեռնել անվճար»,- նշում է Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման ծրագրերի բաժնի պետի ժ/պ Անդրանիկ Սեդոյանը:

 Ըստ աղբյուրի՝ նոր պաստառի հեղինակը գրաֆիկական դիզայներ Սարգիս Անտոնյանն է։ Պաստառին մայրաքաղաքում պատմաճարտարապետական նշանակություն ունեցող շենքեր են, յուրովի ոճավորված մի դրվագ՝ երևանյան միջավայրից ու անցուդարձից: Քաղաքում, ի դեպ, արդեն ունենք ձևավորման այդպիսի օրինակ:

 Այս երկու նոր նորմերից բացի, Երևանի ավագանու որոշմամբ, դեռևս 2012թ. պարտադիր պայման է նաև կառուցվող շինության մասին ցուցանակի առկայությունը, հետիոտնի տեղաշարժի համար անհրաժեշտ անցուղիների տեղադրումը, սանիտարական վիճակի պահպանումը, ինչպես նաև տարածքի սահմանազատումը: Վարչական իրավախախտումների մասին օրենքը սահմանված նորմերը չպահպանելու դեպքում պատասխանատվություն է նախատեսում։

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 157-րդ հոդվածը նախատեսում է տուգանք՝ 70-100 հազար դրամ: Հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից 2020թ. ընթացքում շինհրապարակների առումով կազմվել է 147 արձանագրություն: Արձանագրություններ են կազմում նաև քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը և վարչական շրջանները: Նախազգուշական միջոցներ ենք ձեռնարկում, տնտեսվարողներին ուղարկում ծանուցումներ, նախնական փուլում նախազգուշացնում ենք. մեզ համար ավելի կարևոր է, որ խախտումը վերացվի, քան արձանագրություն կազմվի»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը:

 Արման Վերմիշյանը շատ է կարևորում ոչ միայն իրավունքի ուժով պատժելու հանգամանքը, այլև, որ քաղաքացին վարժվի նորմալ որոշումների, նորմալ միջավայրի, նորմալ նախաձեռնությունների: «Նայում, ուրախանում են և ասում՝ տեսե՛ք, սկսեցին տիրություն անել: Սա շատ կարևոր է, որը մեր քաղաքում, ցավոք սրտի, տարիներով բացակայել է»,- նկատում է նա:

Ըստ քաղաքապետարանի՝ շինարարությունը տնտեսության շարժիչ ուժերից մեկն է, և քաղաքային իշխանությունն իր հերթին է խթանում ոլորտի զարգացումը, սակայն ծավալուն շինարարությունը չպետք է անհարմարություն պատճառի բնակիչներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am