Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու ամիսներին. գյուղապետ

Շուշիի Լիսագոր գյուղի բնակիչներն ամբողջությամբ կվերադառնան առաջիկա երկու 
ամիսներին. գյուղապետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուշիի շրջանի Լիսագոր գյուղի բնակիչները մասամբ արդեն վերադարձել են, իսկ մյուսները, որոնք ժամանակավորապես բնակվում են Արցախի տարբեր բնակավայրերում, պատրաստվում են վերադառնալ գարնան սկզբին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը՝ հավելելով, որ Լիսագորում առաջիկայում նախատեսվում են գյուղի առանձնատների վերանորոգման ու գյուղատնտեսական ծրագրեր:

«Մեր գյուղն Արցախի ամենաբարձրադիր բնակավայրերից է: Ուստի ձմռան ամիսներին բնակչության կենսապայմանների ապահովման համար ջեռուցման խնդիրն առաջնահերթություններից է: Պատերազմի հետևանքով լիսագորցիներից ոչ բոլորին էր հաջողվել ձմեռվա համար անհրաժեշտ վառելափայտ մթերել, ինչպես նաև հետպատերազմյան սկզբնական ժամանակահատվածում բացակայում էին ջեռուցման համար անհրաժեշտ մյուս պայմանները: Մասամբ վնասվել են նաև գյուղի առանձնատները, որոնք վերստին բնակելի դարձնելու համար վերանորոգման կարիք ունեն:Այդ խնդրով դիմել ենք քաղաքաշինության նախարարությանը և մոտակա ժամանակահատվածում վնասված տների վերանորոգման ծրագիրը ընթացք կստանա»,-հայտնեց Լիսագորի գյուղապետը՝ հավելելով, որ գյուղում արդեն վերականգնվել են էլեկտրամատակարարումը, գազամատակարարումը, հեռախոսակապը: Գործում են գյուղապետարանն ու բուժկետը: Գյուղում ներկա դրությամբ բնակվողները Ստեփանակերտի հետ տրանսպորտային հաղորդակցության համար օգտվում են Գորիս-Ստեփանակերտ երթուղային ավտոբուսից, ինչպես նաև սեփական ավտոմեքենաներից: Լիսագորի համայնքապետի հաղորդմամբ՝ մասամբ գյուղ են վերադարձել նաև ուսուցիչներ ու աշակերտներ և ըստ հնարավորության՝ կազմակերպվում է նաև դասապրոցեսը:

«Այդուհանդերձ՝ դպրոցական բնականոն ուսումնական գործընթացը նախատեսում ենք կազմակերպել մյուս աշակերտների վերադառնալուց, դասարանների կոմպլեկտավորումից ու շինարարական վերանորոգման որոշ աշխատանքներից հետո»,-ասաց Նասիբյանը: Մինչև 44-օրյա պատերազմը՝ Լիսագորն ուներ 130 բնակիչ, և միջնակարգ դպրոց՝ 11 աշակերտով:

Լիսագորի գյուղապետի խոսքով՝ համայնքի զարգացման նպատակով նաև գյուղատնտեսական՝ մասնավորապես անասնապահությամբ զբաղվելու ծրագրեր են նախատեսվում:

«Նախատեսվում է գյուղացիներին տրամադրել որոշ գյուղատնտեսական կենդանիներ և պայմաններ ստեղծել անասնապահության զարգացման համար»,-ասաց Նասիբյանը:

«Վերջերս համացանցում՝ կեղծ սոցիալական էջով, անհիմն տեղեկություն էր տարածվել՝ թե իբր մեզ հանձնարարվել է երեք օրվա ընթացքում Լիսագորը թողնել, հեռանալ և այլն, ինչն իրականությանն ամենևին չի համապատասխանում և ապատեղեկատվություն է»,-շեշտեց համայնքի ղեկավարը՝ մանրամասնելով, որ ավելին՝ գյուղի զարգացման նպատակով շարունակում են ծրագրեր կազմվել:

Անձամբ համայնքի ղեկավար Գագիկ Նասիբյանը շարունակական կապ է պահպանում Արցախի տարբեր բնակավայրերում ժամանակավորապես հանգրվանած մյուս լիսագորցիների հետ և նշում է, որ բոլորը միանշանակ ու վճռական են տրամադրված՝ վերստին գյուղ վերադառնալու և այն շենացնելու հարցում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]