Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ վերջին օրերի հարձակումները

Լրագրողական ՀԿ-ները դատապարտում են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ 
վերջին օրերի հարձակումները

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի լրագրողական 10 հասարակական կազմակերպություններ հայտարարությամբ դատապարտել են ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ վերջին օրերին արձանագրված հարձակումները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տարածած հայտարարության մեջ նշված է որ փետրվարի 23-ին, Երևանում ընդդիմադիր ուժերի բողոքի ակցիային հաջորդած երթի ժամանակ նպատակաուղղված հարձակում է իրականացվել իրադարձությունները լուսաբանող «Ազատություն» ռադիոկայանի աշխատակիցների վրա։ Նկատելով վերջիններիս, ցուցարարների մի խումբ վիրավորել և հայհոյել է նրանց, սպառնացել, որ ռադիոկայանը փակելու են։ Ապա այդ մարդիկ հարվածներ են հասցրել լրագրող Արտակ Խուլյանին ու օպերատոր Կարեն Չիլինգարյանին, վնասել տեսախցիկը։

Ըստ աղբյուրի՝ նույն օրը ցուցարարների նկատմամբ կիրառված ոստիկանական գործողությունների ընթացքում հարված է ստացել «Sputnik Արմենիա» կայքի օպերատոր Արամ Ներսիսյանը։ Ավելի վաղ՝ փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ, կրկին թիրախավորվել էր «Ազատություն» ռադիոկայանը։ Ընդդիմադիր ուժի ներկայացուցիչ Նարեկ Սամսոնյանը խոչընդոտել էր ԶԼՄ-ի աշխատանքը, իսկ երբ ռադիոկայանի թղթակիցը դիմել է այդտեղ գտնվող ոստիկաններին, վերջիններս անտարբերություն և անգործություն են ցուցաբերել։

«Վերջին ամիսների ընթացքում մենք արձանագրել ենք նաև մի շարք միջադեպեր, երբ իշխանության ներկայացուցիչներն ու նրանց համակիրներն են խտրական և վիրավորական վերաբերմունք ցուցաբերել լրագրողների նկատմամբ, թիրախավորել  ընդդիմադիր դաշտի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին»,- ասվում է հայտարարության մեջ։

Լրագրողական կազմակերպություններն անընդունելի և դատապարտելի համարելով փոխադարձ ատելություն տարածելը՝ համոզմունք են հայտնում, որ լրատվամիջոցների աշխատակիցների հանդեպ ագրեսիվ պահվածքի համար մեծապես պատասխանատու են ցույցերի և երթերի կազմակերպիչները, որոնք համակիրների շրջանում անհանդուրժողականություն են սերմանում «ոչ յուրային» ԶԼՄ-ների նկատմամբ։ Նշվում է, որ դրա վառ օրինակն է նաև «Ազատության» հետ կապված վերջին միջադեպը. ընդդիմությունը վաղուց իր հետևորդներին ներշնչել է՝ իբր այդ ռադիոկայանը գործում է ի շահ Փաշինյանի կառավարության։

«Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, արձանագրում ենք, որ այս ամենը չի նպաստում հասարակության համախմբմանը, ինչն այսօր չափազանց կարևոր է։ Եվ քանի որ զանգվածային բողոքի ակցիաները շարունակականության միտում ունեն, պահանջում ենք․

  • ՀՀ ոստիկանությունից՝ բացառել ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի ցանկացած խոչընդոտում, բացահայտել վերոհիշյալ միջադեպերի մասնակիցներին ու բռնություն իրականացնողներին և պատասխանատվության ենթարկել նրանց, ինչպես նաև՝ ծառայողական քննություն անցկացնել ձեռնարկված գործողությունների իրավաչափությունը գնահատելու համար,
  • ակցիաները կազմակերպող ընդդիմադիր քաղաքական ուժերից՝ հստակ ուղերձ հղել իրենց համակիրներին և հետևորդներին՝ լրատվամիջոցների նկատմամբ ագրեսիվության և անհանդուրժողականության անթույլատրելիության վերաբերյալ՝ անկախ դրանց քաղաքական ուղղվածությունից»,- նշված է հայտարարության մեջ։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am