Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   16 Հոկտեմբեր

Երևանի պետական համալսարանի ևս երկու լսարան անվանակոչվել են պատերազմում զոհված ուսանողների անունով

Երևանի պետական համալսարանի  ևս երկու լսարան անվանակոչվել են պատերազմում 
զոհված ուսանողների անունով

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի պետական համալսարանի  աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի 2 լսարաններ անվանակոչվել են Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայողներ՝ Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անուններով:

Մասնավորապես՝ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի օգտակար հանածոների կաբինետը (324 լսարան) անվանակոչվել է նույն ֆակուլտետի շրջանավարտ, Արցախյան երկրորդ պատերազմում զոհված զինծառայող  Ալեքսան Ռազմիկի Սիմոնյանի անվամբ:  Զոհված զինծառայող, մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող Սուրեն Վարդանի Մելիքբեկյանի անվամբ է կոչվել՝ համանուն ֆակուլտետի քարտեզագրության և գեոինֆորմատիկայի անվան լաբորատորիան (420ա լսարան):

Լսարանների անվանակոչումը նախաձեռնել է ֆակուլտետի դասախոսական անձնակազմն ու աշխատակիցները:  Չափազանց հոգատար, ուշադիր, պատվական տղա էր Սուրենը։  Ծնվել է  Բերդ քաղաքում։  Պատմեց ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը:

«Նրա զոհվելուց հետո երկար ժամանակ աճյունը չէին գտնում: Ուստի՝ դասախոսներով չկարողացանք ժամանակին տեղեկանալ և մասնակցել նրա հուղարկավորությանը: Խոնարհվում եմ նրա ծնողների առաջ: Հպարտ եմ,որ Սուրենի նման ուսանող ենք ունեցել: Նա  հայրենասիրական բանաստեղծություններ էր գրում և ՝ որպես հայրենիքի զինվորի՝ նրան կարելի է հասկանալ՝ ընթերցելով ու հաղորդակցվելով այդ բանաստեղծությունների հաղորդած զգացողությունների հետ:

Ալեքսանը համակրելի էր, տաղանդաշատ ու խելացի: Մշտապես ասպետական հայացքով ու մեղմ ժպիտով:Ես զարմանում էի նրա հանգստության վրա: Անչափ մեծ էր նրա հոգում նվիրումն ու սերն  առ հայրենիք: Մեր ուսանողներ՝ Ալեքսանն ու Սուրենը գնացին իմացյալ մահվան ճանապարհով: Համոզված եմ՝ նրանք  չէին  մտածում մահվան  կամ ապրելու մասին,այլ միայն՝ հաղթելու: Մենք չէինք կարող չիրականացնել լսարանները՝ Սուրենի և Ալեքսանի անուններով  անվանակոչելու մտահղացումը:Սա ամենալավ դասախոսությունն ու խոսքն է,որը պետք է դաստիարակի եկող սերնդին:Հակառակ դեպքում բոլոր խոսքերը դատարկ կլինեին:

Մոտ 9 ամիս էր մնացել, որպեսզի զորացրվեր ՊԲ զինծառայող Ալեքսան Սիմոնյանը: Մայրը՝Գոհար Սիմոնյանը պատմեց, որ բնավորությամբ կենսասեր ու կենսուրախ էր Ալեքսանը: Վերջին անգամ՝հոկտեմբերի 30-ին, բավականին երկար են խոսել:

«Տրամադրությունը բարձր էր,ինչպես՝միշտ:Հայտնեց,որ տեղափոխել են Մարտունու Ճարտար քաղաք և որ հարմար դիրքեր են զբաղեցրել:Ասաց՝ առաջնագծում  ճարտարցիներն են,որոնք իրենց տունն են պաշտպանում,իսկ իրենք երկրորդ գծում են:Պայքարել են՝ով ինչպես կարողացել է: Զոհվել է  անօդաչուի հարվածի հետևանքով՝պատերազմի սկսվելուց 34 օր անց:

Սուրենի մայրը հուզմունքից դժվարացավ խոսել որդու մասին:

Նրա  ուսանողական ընկերոջ   Հայաստանի Զինված ուժերի լեյտենանտ Արսեն Զաքարյանի  ամենատպավորիչ հիշողությունը վերջին զրույցն է  ընկերոջ հետ,  պատերազմի նախօրեին՝սեպտեմբերի 26-ին:Այնուհետև Սուրենի հետ կապ չի եղել:

«Վերջում ասաց՝ լավ, դուրս եմ գալիս արդեն: Դու ինձնից լավ գիտես, թե՝ ուր: Ուսանողական կյանքում Սուրենն աչքի էր ընկնում հենց սկզբից: Բացառիկ էր, տարբերվող ու խելացի: Նրա հետ ակտիվ մասնակցում էինք բոլոր ինտելեկտուալ մրցույթներին և անպայման որևէ պատվավոր հորիզոնական զբաղեցնում: Նաև բանաստեղծություններ էր գրում՝մեծամասամբ հայրենասիրական թեմայով:Նաև ասմունքում էր,որոնց մի մասը ձայնագրել էր»,-պատմեց զոհված զինվորի ընկերը:

ԵՊՀ  աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի՝ զոհված զինծառայողների անունը  կրող 2 լսարաններում ստեղծվել են նաև անկյուններ,որտեղ իրենց մշտական տեղն ունեն Սուրենի ու Ալեքսանի մեծադիր լուսանկարները, անձնական իրերը, ուսանողական ու զինվորական, բանաստեղծական  տետրեր ու օրագրեր:

ԵՊՀ 2-րդ մասնաշենքի` 3-րդ և 4-րդ  հարկերում տեղակայված լսարաններում, զոհված զինծառայողների անունով լսարանների անվանակոչման արարողությանը ներկա էին՝ծնողները,հարազատները, դասախոսներն ու ուսանողական ընկերներ:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի







youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]