Սահմանամերձ համայնքների բնակիչներն ավանդների փոխհատուցումը կստանան արտահերթ
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկված բնակավայրերի բնակիչներին ավանդների փոխհատուցումը կտրվի արտահերթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը:
«Կառավարության որոշման համաձայն մինչև 1993 թվականը ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի: Ներկայում մինչև 1938 թվականը ծնված քաղաքացիների ավանդների փոխհատուցումը ամբողջությամբ կատարվում է պետության կողմից: Ասեմ, որ սահմանամերձ բնակավայրերում բնակիչների փոխհատուցումը չունի ծննդյան թվի սահմանափակում: Այսինքն՝ նույնիսկ, եթե քաղաքացին, ասենք, 1956 թվականի ծնված է ու ունեցել է բանկում ավանդ, ապա արտահերթ կտրվի փոխհատուցում»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:
ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցումը կշարունակվի։ Կառավարության որոշմամբ՝ այսուհետ ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1938 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին։ Նախկին կարգավորումներով՝ ավանդների փոխհատուցման համար կարող էին դիմել մինչև 1936 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիները։