Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

2020թ մոտ 1500 քաղաքացի դեղեր է ձեռք բերել միջազգային փոստային փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով

2020թ մոտ 1500 քաղաքացի դեղեր է ձեռք բերել միջազգային փոստային 
փոխադրումներով կամ փոխադրողի միջոցով

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիներն արդեն շուրջ 6 ամիս կարողանում են անձնական օգտագործման նպատակով դեղ ներմուծել միջազգային փոստային փոխադրումներով և փոխադրողի միջոցով: 2020թ. օգոստոսի 17-ից ուժի մեջ մտած ՀՀ Կառավարության համապատասխան որոշմամբ` տեղափոխման համար թույլատրող փաստաթուղթ անհրաժեշտ չէ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

«Օգոստոսից մինչև տարեվերջ այս հնարավորությունից օգտվել է շուրջ 1500 քաղաքացի: Միայն 2021թ. հունվարին դեղ պարունակող 150 ծանրոց է ստացվել:

Նախկինում դեղերի ներմուծումը փոստային առաքանիներով առհասարակ արգելված էր: Ֆիզիկական անձինք կարող էին դեղ տեղափոխել միայն ուղեկցող ուղեբեռով: Արևմտյան մաքսատուն-վարչության պետ Գարիկ Մինասյանի գնահատմամբ` նոր հնարավորությունը մի քանի խնդիր լուծեց. «Փոփոխությունը ճիշտ ժամանակին կատարվեց, քանի որ Հայաստանում կորոնավիրուսի համավարակ էր, ճանապարհները փակ էին, և ֆիզիկական անձինք հնարավորություն ունեցան այլընտրանքային ճանապարհով ստանալու դեղորայք` սահմանված չափաքանակներով։ Բացի այդ, հնարավոր դարձավ ձեռք բերել Հայաստանում դեռ չգրանցված դեղերը»:

Օրացուցային տարվա ընթացքում թույլատրվում է ներմուծել մինչև 5 անվանում դեղ, յուրաքանչյուրից 3 սպառողական փաթեթ: Արտոնությունից կրկին օգտվելու համար կամ սահմանված քանակը գերազանցելու դեպքում քաղաքացիները պետք է դիմեն Առողջապահության նախարարություն:

Քաղաքացու և ներմուծված դեղորայքի վերաբերյալ տվյալներն արտացոլվում են էլեկտրոնային համակարգում, ինչը թույլ է տալիս կանխել անձնական օգտագործման փոխարեն առևտրային նպատակով դեղերի ներմուծումը։ Քաղաքացին նաև ծանուցում է ստանում, որ տվյալ օրացուցային տարվա ընթացքում այլևս չի կարող օգտվել արտոնությունից։

Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ փոստային առաքանիով հոգեմետ նյութեր պարունակող դեղեր ներմուծելն արգելված է: Նախորդ տարի օրենքի պահանջը խախտելու և փոստային առաքանիներով Հայաստան թմրամիջոց ու հոգեմետ նյութ տեղափոխելու 240 դեպք է բացահայտվել, ինչը թմրամիջոցների տեղափոխման ընդհանուր դեպքերի 82%-ն է»,- ասված է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am