Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Ավինյանը և Իրանի դեսպանը քննարկել են «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի հարցեր

Ավինյանը և Իրանի դեսպանը քննարկել են «Պարսից ծոց–Սև ծով» միջազգային 
տրանսպորտային միջանցքի հարցեր

ԵՐԵՎԱՆ, 5 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փետրվարի 5-ին հանդիպել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին և քննարկել առևտրատնտեսական համագործակցության, ինչպես նաև՝ «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, ողջունելով հյուրին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ հայ-իրանական հարաբերություններն առանձնանում են դարավոր բարեկամությամբ՝ հիմնված փոխվստահության ու փոխադարձ հարգանքի վրա: Կողմերը համակարծիք էին, որ հայ-իրանական համագործակցությունն ունի ընդգրկուն օրակարգ, որը պետք է քայլ առ քայլ կյանքի կոչել:

Կայունությունը, խաղաղությունն ու կայուն զարգացումը դիտելով Հայաստանի և Իրանի ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում՝ Տիգրան Ավինյանն անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին: Փոխվարչապետը հատուկ ուշադրություն է հրավիրել գերիների փոխանակման հարցի վրա՝ որպես Հայաստանի համար առաջնային կարևորություն ներկայացնող խնդիր:

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության հարցերը: Դեսպան Զոհուրին կարևորել է համատեղ ջանքերը, որպեսզի տնտեսական հարաբերություններում առկա ներուժն առավելագույնս օգտագործվի:

Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համատեքստում Տիգրան Ավինյանն ընդգծել է Իրան-Հայաստան 400կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի ու «Նորավան» ենթակայանի կառուցման ծրագրի իրականացումը: Փոխվարչապետը նշել է նաև, որ համագործակցության ռազմավարական հիմնական ուղղություններից է «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը՝ կարևորելով համաձայնագրի ժամկետները երկարացնելու, ինչպես նաև գազի և էլեկտրաէներգիայի ծավալների մեծացման վերաբերյալ 2020թ. դեկտեմբերին ձեռք բերված պայմանավորվածությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքին վերաբերող հարցեր:

Փոխվարչապետը խոսել է նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին, այդ թվում՝ Եվրոպա-Հայաստան-Իրան-Կատար տարածաշրջանային հեռահաղորդակցության նախագծի շրջանակներում:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ