Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   13 Մայիս

Հոգեբանական աջակցություն կտրվի պատերազմին մասնակցած անձանց և հանրությանը

Հոգեբանական աջակցություն կտրվի պատերազմին մասնակցած անձանց և 
հանրությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Գործադիրը հաստատել է Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների պլանը, որի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի կողմից 2020 թ. նոյեմբերի 18-ին հրապարակված ճանապարհային քարտեզի 9-րդ՝ «Կորոնավիրուսի համավարակի հաղթահարում և դրա հետևանքների վերացում» և 10-րդ՝ «Տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում» կետերի ապահովման պահանջից:  

Ինչպես նշել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ծրագրով սահմանվում են մինչև 2021 թվականի առաջին կիսամյակի ավարտը կառավարության հակաճգնաժամային արձագանքման առաջնահերթությունները, նպատակները և գործողությունների շրջանակը։ «Ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում կորոնավիրուսի համավարակն ու Ադրբեջանի կողմից Արցախի հանդեպ սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմը, բացի հանրային առողջության ու անվտանգության հետ կապված լրջագույն մարտահրավերներից, երկրի համար նշանակալի և բազմակի տնտեսական շոկի աղբյուր էին։ Արդեն հասանելի են պաշտոնական վիճակագրության օպերատիվ ցուցանիշները, որոնց համաձայն՝ 2020 թվականի տնտեսական անկումը գնահատվում է 7-8 տոկոսի շրջանակում։ Տնտեսական այլ հիմնական ցուցանիշներ նույնպես բացասական դինամիկա են դրսևորել։ Անցյալ տարի կառավարության տնտեսական մի շարք միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը»,- ասել է Տիգրան Ավինյանը։

Փոխվարչապետը նշել է, որ  ծրագիրը շեշտադրում է 3 հիմնական գերակայություն՝  տնտեսական ակտիվության վերականգնում, վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովում և միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորում։ «Ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր։ Նպատակային գործողությունների առանցքում են, օրինակ՝ գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը։ Այստեղ կարող եմ շատ կոնկրետ օրինակ բերել. դա արդյունաբերական կանեփն է, որի արտադրության դրական փորձ ունեն ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Չինաստանը։ Մենք նույնպես կարգավորումների առումով շատ արագ  այս դաշտը ստեղծելու ենք: Դրանք են նաև քաղաքաշինական մի շարք ծրագրերի ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, օրինակ, Երևանի 33-րդ թաղամասի, Կոնդի զարգացման, Հին Երևանի և այլ նմանատիպ ծրագրերը: Նախատեսված են նաև պետական գույքի արդյունավետ կառավարմանն ուղղված աշխատանքներ, մասնավորապես, ընտրված մի քանի պետական գույքի օտարման գործընթացի արագացված ապահովումը»,- ասել է փոխնախարարը։

Անդրադառնալով աջակցության ծրագրերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ  ծրագրում ներառված են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման մի քանի միջոցառումներ. կշարունակվեն գյուղատնտեսական ոլորտի սուբսիդավորման ծրագրերը:

«Եվ մի խոշոր բլոկ էլ կազմում է նոր ծրագիրը, որը նախատեսում է աջակցել մեր կողմից որդեգրած քաղաքականությանն այն առումով, որ Թուրքիայից որոշակի տեսակի բեռներ այլևս  հնարավոր չի լինելու ներմուծել։ Եվ մենք խրախուսելու ենք նմանատիպ արտադրանքի արտադրությունը Հայաստանում այս ծրագրերի միջոցով։ Սահմանվել է բարձր կատարողականի պահանջ կապիտալ ծրագրերի նկատմամբ՝ ներդնելով անհատական պատասխանատվություն և հստակ մոնիթորինգի և հաշվետվողականության մեխանիզմ։ Առհասարակ անհատական պատասխանատվությունն ու այս մեխանիզմները ներդրվել են բոլոր ծրագրերի նկատմամբ»,- ասել է փոխնախարարը։

Տիգրան Ավինյանի գնահատմամբ՝ ծրագրի  ընդհանուր նպատակը լինելու է բյուջեով պլանավորված ՀՆԱ-ի կանխատեսումից 1 տոկոսային կետով հավելյալ աճն ունենալը։

Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով   արդյունաբերական կանեփի մշակմանը, նշել է, որ այն բազմաթիվ շահարկումների տեղիք է տալու։ «Շատ կարևոր է, որ ծրագիրը ճիշտ և մանրամասն լուսաբանվի, որպեսզի հանրությունն ամբողջական տեղեկատվություն ունենա, թե խոսքն ինչի մասին է։ Ցավոք, կանեփ ասելով՝ այլ բան են հասկանում, մինչդեռ կանեփը շատ կարևոր արդյունաբերական հումք է։ Եվ տվյալ դեպքում խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, ռիսկեր ունի։ Եվ այդ ռիսկերի կառավարման հստակ մեխանիզմներ կան, որոնք արդեն փորձարկված են մի շարք երկրներում»,- ասել է կառավարության ղեկավարը:  

Տիգրան Ավինյանն էլ իր հերթին  նշել է, որ Էկոնոմիկայի նախարարությունը ուսումնասիրել է արտադրական կանեփի աճեցման դրական փորձը ԱՄՆ-ում, Ռուսաստանում ու Չինաստանում,  և արդեն կա մշակված նախնական հայեցակարգ։ «Եվ կարգավորումների մոտավոր պատկերացումները նույնպես ունենք։ Խոսքը միայն արտադրական կանեփի մասին է, ինչն էականորեն կակտիվացնի գյուղատնտեսության ոլորտում հողերի օգտագործումը։ Բավական մեծ ծավալի հողեր, գյուղատնտեսական նշանակության հողերի մոտ 40 տոկոսը, չեն օգտագործվում։ Խոսքը միայն կանեփի մասին չէ, կան այլ նմանատիպ մշակաբույսեր՝ բարձրարժեք արտադրանք տվող։ Այս քաղաքականությունն անպայման համարձակ առաջ ենք մղելու»,- ասել է փոխվարչապետը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև  պետական գույքերի մասնավորեցման ծրագրի իրականացումը. «Մենք ունենք ընթացակարգերը, առաջարկները բարելավելու և մեր առաջարկը ներդրողների համար առավել գրավիչ դարձնելու խնդիր: Դա նույնպես պետք է շատ հրատապ կերպով լուծել»: Անդրադառնալով հանքարդյունաբերությանը՝ գործադիրի ղեկավարն նշել է. «Կարևոր է արձանագրել, որ ինչքան էլ ուզենք, թե չուզենք հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար, այդ թվում անվտանգային համատեքստում: Այստեղ էլ մենք պետք է կայացնեք որոշումներ, ներդրումային որոշակի ծրագրերն առավել կառավարելի և ընդունելի դարձնենք Հայաստանի և Հայաստանի հանրության համար: Հույս ունեմ, որ կհաջողվի այդ որոշումները կայացնել, այդ թվում Ամուլսարի հայտնի ներդրումային ծրագրի շրջանակում: Ամեն դեպքում պետք է այս թեման քննարկվի և, ինչպես նախկինում ասել ենք, հաշվի առնելով Հայաստանի հավասարակշռված շահերը՝ պետք է փորձենք գտնել լուծումներ»:

Վարչապետն ընդգծել է նաև գյուղատնտեսության ոլորտում աջակցության ծրագրերն աուդիտի ենթարկելու կարևորությունը:  «Ծրագրերի թերակատարման փաստը մեզ համար պետք է ազդակ լինի, որ բովանդակության մեջ պետք է անպայման ինչ-որ բան շտկել, որպեսզի մեր նախանշած պլանները լիարժեք իրագործվեն և իրականացվեն: Այս մասին երեկ խոսել ենք,  և դա նույնպես շատ կարևոր ուղղություն է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Հանրակրթության բովանդակության ձևավորման հիմքում կներդրվի  կարողունակությունների վրա հիմնված մոտեցումը

Կառավարությունը փոփոխություններ է կատարել 2010 թ. ապրիլի 8-ի համապատասխան որոշման մեջ, որով հաստատված է ՀՀ-ում հանրակրթության բովանդակությունը կարգավորող Հանրակրթության պետական չափորոշիչը: Առաջարկվող փոփոխություններով փորձ է արվում արձագանքել առկա  խնդիրներին և ստեղծել համապատասխան հիմքեր ավելի ճկուն բովանդակություն կառուցելու համար: Մասնավորապես, Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանելու է հանրակրթական միջնակարգ կրթության հիմնական ծրագրի շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները (կոմպետենցիաներ)։ Առաջարկվում է նաև վերանայել շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները և դրանք կառուցել կարողունակությունների հիման վրա:

Նախատեսվում է Հանրակրթության պետական չափորոշչում հստակ սահմանել «ուսումնական բնագավառ» հասկացությունը, դրա հիմքում դնելով ոչ թե գոյություն ունեցող առարկաների խմբավորումը, այլ «հանրակրթության բովանդակություն» հասկացությունը: Առաջարկվում է հետևյալ սահմանումը՝ «Ուսումնական բնագավառը կրթության բովանդակության որոշակի տիրույթ է, որն առանձնանում է ուսումնասիրության օբյեկտով և ճանաչողության յուրահատուկ մեթոդներով»: Նման բաշխումը հնարավորություն կտա առարկաների ծրագրերը մշակելիս խուսափել անհարկի կրկնություններից, տարբեր դասագրքերում նույն երևույթի վերաբերյալ երբեմն հանդիպող տարբեր բացատրություններից, նույն մեծությունների տարբեր նշանակումներից, ինչը ծանրաբեռնում էր դասագիրքը և աշակերտի մոտ հակասություններ էր առաջացնում։

Ինչպես նշել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը,  հաշվի առնելով ուսումնական բնագավառի առաջարկվող սահմանումը՝ առաջարկվում է սահմանել  7 բնագավառ: Բնագավառներին հատկացված ժամաքանակները կներկայացվեն տոկոսային հարաբերակցությամբ, ինչը հանրակրթական ուսումնական հաստատություններին թույլ է տալու ձևավորել սեփական մոտեցումը՝ յուրաքանչյուր բնագավառին հատկացվող համամասնության և ժամաքանակների միջոցով՝ մեծացնելով նրանց ինքնավարությունը։

Որոշմամբ առաջարկվում է դպրոցներին տալ հնարավորություն հենքային ուսումնական պլանի հիման վրա մշակել դպրոցի ուսումնական պլան, որը գործող չափորոշչով իրականացվում է օրինակելի ուսումնական պլանի հիման վրա: Դա թույլ կտա մեծացնել դպրոցների կողմից մշակվող ուսումնական պլանների ճկունության աստիճանը: Դպրոցներին տրվող ճկունությամբ հանդերձ՝ պետական քաղաքականությունն ամրագրում է պարտադիր չորս առարկաները՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, հայոց պատմություն և օտար լեզու, որոնք նաև ի դեմս պետական պարտադիր բաղադրիչի՝ ունեն երաշխավորված ժամաքանակ բոլոր դպրոցներում։

Ըստ փոխնախարարի՝ միևնույն ժամանակ առաջարկվում է տարրական, միջին և ավագ դպրոցներում իջեցնել ծրագրերի նորմատիվային նվազագույնը (դասաժամ)՝ արդյունքում պակասեցնելով դասարանների շաբաթական ծանրաբեռնվածությունը։ Սա հնարավորություն կտա փոքրացնել մեկ օրվա ընթացքում ուսուցանվող նյութի ծավալն այնպես, որ աշակերտները կարողանան նյութը յուրացնել տարիքով և անհատական առանձնահատկություններով պայմանավորված ծանրաբեռնվածությամբ և արագությամբ։ «Սա հատկապես կարևոր է ամբողջ հանրապետությունում համընդհանուր ներառական կրթության անցման համատեքստում: Ավագ դպրոցում նվազագույն ժամաքանակները սահմանված են այնպես, որ ուսումնական պլանը ձևավորելիս ուսումնական հաստատությունը հնարավորություն ունենա ավելի շատ ժամեր տրամադրել պետական պարտադիր առարկաներին, աշակերտների ընտրած առարկաներին միևնույն ժամանակ ժամեր հատկացնել չափորոշչով սահմանված բոլոր բնագավառներին»,-ասել է Ժաննա Անդրեասյանը:

Տարրական դասարաններում ծանրաբեռնվածության ճիշտ բաշխման նպատակով երկու շաբաթով կրճատվել է նաև տարեկան նվազագույն ուսումնական շաբաթների թիվը 3-4-րդ դասարաններում, ինչը հնարավորություն կտա ունենալ գարնանային և աշնանային արձակուրդների ընդլայնված տևողություն այս դասարանների սովորողների համար։  Առաջարկվում է ուսումնական պլանում ներառել 3 բաղադրիչ՝ պետական, դպրոցական և անհատական: Ի տարբերություն գործող չափորոշչի՝ անհատական բաղադրիչը ավելացնելու անհրաժեշտությունը բխում է աշակերտների հետաքրքրությունների և կարիքներին արձագանքելու անհրաժեշտությունից: Անհատական բաղադրիչը աշակերտին հնարավորություն է տալիս ընտրել դպրոցի կողմից առաջարկվող այն նախագծերը կամ խմբակները, որոնց ցանկանում է մասնակցել։

Փոխնախարարը կարևոր փոփոխություններից է համարել յոթներորդ դասարանից սկսած նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, որը հնարավորություն կտա զարգացնել արդի իրականության մեջ սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։ Որոշմամբ  առաջարկվում է սովորողների միավորային գնահատումն իրականացնել սկսած 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից՝ էապես կարևորելով ուսուցանող (ձևավորող) գնահատումը: Տարրական դպրոցում ամփոփիչ գնահատումը կիրականացվի սովորողի ուսումնական ձեռքբերումների բնութագրման միջոցով: Միևնույն ժամանակ, նախատեսվում է չափորոշչով հստակ սահմանել գնահատման սկզբունքները, նպատակները և չափանիշները, իսկ գնահատման գործիքակազմը սահմանել առանձին միասնական կարգով։

Արձագանքելով վարչապետ Փաշինյանը նախ շնորհակալություն է հայտնել  այն ծավալուն աշխատանքի համար, որն արվել է շատ բարդ պայմաններում և մթնոլորտում:  «Ուզում եմ արձանագրել, որ միայն կրթությամբ հնարավոր չէ լուծել մեր բոլոր հարցերը, պրոբլեմները, բայց չկա որևէ հարց մեր օրակարգի, չկա որևէ մի պրոբլեմ, որի լուծումը հնարավոր է առանց կրթական բաղադրիչի: Եվ հետևաբար կրթական չափորոշիչի այս ընդունումը ես համարում եմ մեր ամենակարևորագույն ռեֆորմներից մեկը: Շատ կարևոր եմ համարում նաև, որ  ունեցել ենք կամք՝ այս պայմաններում այս ռեֆորմը հասցնել մինչև այս կետը և շատ կարևոր եմ համարում, որ շարունակենք այդ ռեֆորմի իրագործումը: Պարզ է, որ լինելու են բազմաթիվ քննադատություններ՝ ընդհուպ, թե ինչպես կարելի է գնահատման համակարգից հրաժարվել. բա չիմանանք՝ մեր երեխան 5 է ստացել, 4, 3, թե որևէ այլ բան: Բայց, այո՛, սա համափարփակ ծրագիր է և համապարփակ ծրագիրը պետք է իրականացնել, ընդորում՝ նաև ահռելի մեծ շեշտ դնելով աշակերտի կարիքների, նախասիրությունների վրա»-ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետն ընդգծել է նաև, որ կրթության ոլորտում իրկանացվող բարեփոխումներն անհրաժեշտության դեպքում կարող են փոփոխությունների ենթարկվել: «Կարծում եմ՝  հայեցակարգային հիմնական խնդիրը, որ մենք դնում ենք այն է, թե աշակերտը, երեխան դպրոցում ժամանակն ինչի վրա է օգտագործում: Ժամանակը, որ նա դպրոցում անցկացնում է՝ կոնկրետ ինչ գիտելիք և ինչ հմտություն զարգացնելու վրա է օգտագործվում, որովհետև դա որևէ կերպ արտահայտվում  է և արտահայտվելու է 15-20 տարի հետո մեր իրականության մեջ»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ պետք է կամք ցուցաբերել և սկզբունքային այս բարեփոխումները հետևողական, վճռական, համարձակ տանել մինչև վերջ:

 

Օրենսդրական նախաձեռնություն. նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցում կատարել ֆունկցիոնալության գնահատման մոդելի

Գործադիրը հավանություն է տվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին», «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին:

Մասնավորապես, «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն անհրաժեշտ իրավական հիմքեր կստեղծի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության, նրանց համար հավասար հնարավորությունների և մատչելի պայմանների ապահովման, hասարակական կյանքի բոլոր ոլորտներում նրանց իրավունքների իրացումն ապահովելու համար` բացառելով հաշմանդամության հիմքով խտրականությունը: Օրինագծով՝ հաշմանդամություն ունեցող անձանց` հասարակություն ներառելուն ուղղված քաղաքականությունը և օրենսդրությունը համապատասխանեցվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ընդունած կոնվենցիայի պահանջներին: Օրենքի նախագծում սահմանված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր և տարեկան ծրագրերի վերաբերյալ դրույթներ: Սահմանվել են դրույթներ հաշմանդամության հիմքով խտրականությունն արգելելու համար: Հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և հավասար պայմաններ ապահովելու նպատակով սահմանվել են դրույթներ ֆիզիկական միջավայրի, տեղեկատվության և հաղորդակցման ապահովման վերաբերյալ:  «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Գնահատումը կիրականացվի մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ ձևավորված գնահատող հանձնաժողովի կողմից: Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խորը: Նոր մոդելը կնպաստի օբյեկտիվ որոշումների կայացմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, անձի կարիքների բազմակողմանի գնահատման հիման վրա հասցեական ծառայությունների մատուցմանը:

Անդրադառնալով օրինագծերի փաթեթին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, դրանք միտված են, մասնավորապես, երկու խնդիրների լուծմանը. «Առաջինը՝ օգնենք հաշմանդամություն ունեցող անձանց, որպեսզի նրանք վերագնահատեն իրենց հնարավորությունները հանրության կյանքին  լիարժեք մասնակցելու՝ բոլորի հետ հավասար պայմաններով: Մյուս կողմից օգնենք, որպեսզի հանրությունը վերագնահատի հաշմանդամություն ունեցող անձանց ներուժը՝ նրանց ներգրավելու երկրի զարգացման գործում»:

 

Հոգեբանական աջակցություն կտրվի պատերազմին մասնակցած անձանց և հանրությանը

Կառավարությունը հաստատել է Ադրբեջանի Հանրապետության կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձանց և հանրության հոգեբանական վերականգնման կարգը, որը  բխում է 2020 թ. նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի 7-րդ կետից: Ինչպես նշել է Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը, ռազմական գործողությունների ավարտից հետո բնակչության 15-30 տոկոսի մոտ արտահայտվում է հետտրավմատիկսթրեսային խանգարում: Ըստ այդմ, հոգեբանական մթնոլորտի առողջացման համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք վերականգնողական միջոցառումներ, որոնց շնորհիվ հնարավոր կլինի թիրախավորել ինչպես պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց, այնպես էլ՝ ընդհանուր բնակչությանը:

Ծրագրով նախատեսված թիրախային խմբերն են՝անհայտ կորած անձանց կամ ռազմագերիների ծնողները, ընտանիքի անդամները, գերության մեջ գտնված անձինք, նրանց ընտանիքի անդամները, ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձինք, նրանց ընտանիքի անդամները, զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամները, ռազմական գործողություններին մասնակցած անձինք, այդ թվում՝զորահավաքային զորակոչով ներգրավվածները և կամավորականները, տեղահանվածները (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ), ուղղակի մասնակցություն չունեցող անձինք (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ): Ծրագիրը նախատեսված է իրականացնել ոչ միայն ՀՀ-ում, այլև Արցախում:

Կառավարությունը նախատեսում է հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում մասնագիտացած, վերջին 3 տարիների ընթացքում հոգեբանական խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում ծառայություններ մատուցած կազմակերպությունից ձեռք բերել ծառայություններ՝ իրականացնելու բնակչության, մասնավորապես՝ պատերազմական գործողություններին առնչակից քաղաքացիների հոգեբանական աջակցության կազմակերպման համակարգման եւ լոգիստիկ պլանավորման ծառայությունների կազմակերպումը:

 

Այլ որոշումներ.  միանվագ և ամսական դրամական աջակցություն կտրամադրվի Շուռնուխ և Որոտան բնակավայրերի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին

Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է ՀՀ Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում գտնվող և Ադրբեջանի վերահսկողության տակ անցած բնակելի անշարժ գույքի հասցեում հաշվառված կամ այդ հասցեում փաստացի բնակված, սակայն նույն բնակավայրի այլ հասցեում հաշվառված քաղաքացիների օգնության միջոցառումը:

Ըստ այդմ՝ կանոնակարգվում են քաղաքացիների աջակցություն նշանակելուն և վճարելուն առնչվող հարաբերությունները: Մասնավորապես՝ միանվագ և ամսական դրամական օգնությունը վճարելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Սյունիքի մարզպետարանից ստացված տվյալների հիման վրա՝ դրանք համադրելով բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններից ստացված՝ մահվան ակտերի գրացման վերաբերյալ տվյալների հետ: Միանվագ և ամսական դրամական օգնության գումարը վճարվում է անկանխիկ եղանակով՝ շահառուի (անչափահաս երեխայի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) բանկային հաշվին փոխանցելու միջոցով։ Միջոցառման իրականացման համար անհրաժեշտ է շուրջ 35 մլն դրամ, որը կհատկացվի ՀՀ 2021 թ. պետբյուջեով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների հաշվին։

Կառավարությունն ընդունել է «Էքսպրես-բեռների համար ապրանքային և ուղևորային մաքսային հայտարարագրերի թղթային տարբերակների կիրառման մասին» որոշում: Ըստ այդմ նախատեսվում է էքսպրես-բեռների համար ապրանքային մաքսային հայտարարագրի և էքսպրես-բեռների համար ուղևորային մաքսային հայտարարագրի  պարզեցված ձևերի թղթային տարբերակով կիրառման հնարավորություն՝ մինչև մաքսային մարմինների հայտարարագրման ավտոմատացված համակարգում համապատասխան ծրագրի ներդրումը և գործարկումը։

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ