Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագրով սեր կխոստովանեն հայ զինվորներին՝ գիրք նվիրելով

«Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագրով սեր կխոստովանեն հայ զինվորներին՝ 
գիրք նվիրելով

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդների բարեխոս Սուրբ Սարգսի տոնին «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմն առաջարկում են միանալ «Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագրին՝ գրքեր նվիրելով սեր խոստովանելով հայ զինվորներին, որոնք անձնվիրաբար պաշտպանում են մեր երկիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հետաքրքրվողները հունվարի 20-30-ը իրականացվող նախաձեռնության շրջանակում կարող են այցելել «Բուկինիստ» գրախանութի  ցանկացած մասնաճյուղ, ընտրել գիրք, հատուկ էջանշանի վրա գրել սրտի զինվորի տվյալները՝ անուն-ազգանունը, զորամասի հասցեն և այլն, կամ նշել, որ ցանկանում են գիրքը նվիրել անծանոթ զինվորին: Գրախանութը գիրքը կհասցնի հասցեատիրոջը: Գրքերի վաճառքից ստացված հասույթի 20 տոկոսը տրամադրվելու է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին:

Սուրբ Սարգսի տոնի օրը՝ հունվարի 30-ին «Բուկինիստ»-ի և Արարատյան Հայրապետական թեմի ներկայացուցիչները կհանդիպեն կենտրոնում բուժվող զինծառայողներին: Կլինեն քննարկումներ և, իհարկե, նվեր գրքեր:

Հունվարի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը «Բուկինիստ» ընկերության տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ նախկինում այս նախաձեռնությունն իրականացնում էր «Բուկինիստ» գրախանութը՝ համագործակցելով Արարատյան Հայրապետական թեմի հետ, իսկ այս տարի ծրագրին միացել են Արմավիրի, Մասիսի, Գորիսի «Բուկինիստ» գրախանութները, «Գամմա» գրատունը, «Սյուն» գրախանութների ցանցը, Ստեփանակերտի «Գրքեր» խանութը, ՄՀՄ գրատունը, ինչպես նաև երկրի խոշորագույն՝ «Անտարես», «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Գրատուն», «ՄՀՄ գրատուն», «Նյու Մեգ», «Դարակ» հրատարակչությունները: «Արձագանքել է նաև Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես Էմինը՝ տրամադրելով  Գևորգ Էմինի ստեղծագործությունները, նրա հրատարակած գրքերը, թարգմանությունները, հրապարակախոսությունը»,- հայտնեց Խաչիկ Վարդանյանն ու հստակեցրեց, որ մարզերում ապրող գրքասերները կարող են այցելել վերոնշյալ գրախանութներ ու նույն սկզբունքով գիրք նվիրել զինվորներին:

Վարդանյանը հիշեցրեց, որ 2020-ին հայ զինվորը ճանաչվել է տարվա մարդ, որովհետև հայ զինվորը մեր պաշտպանն է, հերոսացել է, և դեռ լեգենդներ կգրվեն զինվորների մասին:

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող Տեր Եսայի քահանա Արթենյանի խոսքով՝ երբ մտածում էին տոնի շրջանակում անցկացվող միջոցառումների մասին, բացառել են համերգները, բայց «Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագիրը շատ են կարևորել: «Եթե խոսքը վերաբերում է զինվորին, գրքին, ուրեմն պետք է անել ամեն բան: Ծրագրի կենտրոնում հայ զինվորն է: Մենք շատ ենք առիթ ունենում անդրադառնալու Սուրբ Սարգսի տոնի խորհրդին, բայց մոռանում ենք մի կարևոր բան, որ տոնի հիմքում աստվածային սերն է, որը համախմբում է բոլորին: Այսօր աստվածային և առհասարակ սիրո մասին խոսելու կարիք ունենք: Մենք պետք է սիրով պարուրենք զինվորներին»,- ընդգծեց նա:

Տեր Եսայի քահանա Արթենյանը նշեց՝ «Իմ գաղտնի գրքասեր, իմ սրտի զինվոր» ծրագիրը ևս մեկ առիթ է զինվորներին գիրք նվիրելու, որը պարզապես նյութ չէ, այլ հոգևոր արժեք, որով մեկս մյուսիս կարող ենք սեր խոստավանել:

Նախաձեռնությունն իրականացնում են «Բուկինիստ» ընկերությունը և Արարատյան Հայրապետական թեմը: Գործընկերներն են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը, «Աջակցություն վիրավոր զինվորներին» կազմակերպությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am