Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   5 Մարտ

Կառավարությունը հեշտացնում է Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը վերադարձնելը

Կառավարությունը հեշտացնում է Ապօրինի ներխուժումը վերացնելը, սեփականությունը 
վերադարձնելը

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը փոփոխություն կատարեց «Ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» որոշման մեջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գործադիրը հաստատեց ֆիզիկական անձի ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով անշարժ գույքի օրինական տիրապետողի կողմից ոստիկանությանը լիազորելու, ֆիզիկական և իրավաբանական անձանց հողամասի, շենքի կամ շինության կամ այլ անշարժ գույքի տարածքում ապօրինաբար գտնվող ուրիշի շարժական գույքը հեռացնելու նպատակով ոստիկանությանը լիազորելու կարգն ու պայմանները:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս փոփոխությամբ վերանայվել է ֆիզիկական անձի կողմից առանց օրինական տիրապետողի թույլտվության անշարժ գույքի տարածք ներխուժելու դեպքում սեփականության իրավունքի պաշտպանության մեխանիզմները: «Մասնավորապես, խնդիր էր  առաջանում ներկայումս ոստիկանության կողմից այդ ներխուժումը վերացնելու լիազորության հետ կապված, որովհետեւ առաջանում էին փոխկապակցված այլ հարցեր: Հաճախ ներխուժումն ուղեկցվում էր նաև շարժական գույքի տեղադրմամբ եւ խնդիր էր առաջանում, թե ինչպես պետք է այդ հարցերը կարգավորվեն: Այս նախագծով մանրամասն կարգավորել ենք թե ոստիկանությանը դիմելու, թե լիազորելու կարգն ու պայմանները, թե մանրամասնել ենք իրավունքներն ու պարտականությունները ներխուժումը վերացնելիս:

Ի դիվս դրա կարգավորվել է նաև պետությանը ու համայնքին սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի տարածքում շարժական գույք տեղադրելու դեպքում  կրկին նման նեփականության իրավունքի խախտման վերացման մեխանիզմները կրկին ոստիկանության միջոցով»,- ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց այս որոշումը՝ ընդգծելով, որ այս ընթացքում բախվել են դեպքերի, երբ ուրիշին պատկանող սեփականության նկատմամբ կատարվել է ոտնձգություն: «Բոլորը սա ընդունում են, այսինքն` չկա բանավեճ, որ այդ սեփականությունը պատկանում է X մարդուն, բայց Y մարդը որոշակի ոտնձգություն է կատարել նրա նկատմամբ, բայց սեփականությունը վերադարձնելու հետ կապված առաջանում են բազմաթիվ ընթացակարգային խնդիրներ: Փաստացի ստացվում է, որ լուռ  համաձայնություն կա, որ ապօրինություն է տեղի ունեցել, բայց այդ ապօրինությունը վերացնելու համար կարող են երբեմն տարիներ պահանջվել՝ դատական ընթացակարգերով և այլն: Հիմա փորձում ենք հնարավորինս հեշտացնել հարցը, որ նման բարդություններ չծագեն»,- ասաց վարչապետը։








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ