Հասարակական

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

2 րոպեի ընթերցում

ԵԱՍՄ 51 հատուկ տեխնիկան և շուրջ 300 աշխատակից ներգրավվել են ձնամաքրման աշխատանքներում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում ողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացին ներգրավվել են «ԵԱՍՄ» 51 հատուկ տեխնիկա և շուրջ 300 աշխատակից:«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«12 վարչական շրջանում արդեն 19-րդ ժամն է, ինչ ընթանում են աշխատանքները, և մինչ լուսադեմ մենք շարունակելու ենք մաքրել քաղաքը, որպեսզի քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կարողանանք ապահովել: Հետո անցնելու ենք երկրորդական փողոցներին, ինչպես նաև մայթերի մշակմանը»,- նշում է «ԵԱՍՄ» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը:

Ամառային անվադողերով ավտոմեքենաները դժվարություններ են առաջացնում ձնամաքրող տեխնիկայի և մեքենաների երթևեկության համար։ Բացի այդ, աշխատանքներին խոչընդոտում են նաև փողոցներում երկկողմանի կայանած մեքենաները:

«Դժվարանցանելի ճանապարհներ, ինչքան որ մենք տեսնում ենք, չկան, բայց ամեն դեպքում դժվարություն կա: Կոչ ենք անում վարորդներին, դա նաև պահանջ է, որպեսզի պարտադիր երթևեկեն ձմեռային անվադողերով, որպեսզի վթարները համեմատաբար քիչ լինեն»,- նշում է ՃՈ առաջին սպայական գումարտակի երկրորդ սպայական դասակի տեսուչ Նաիրի Գաբրիելյանը:

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկն այս պահին սպասարկում է 10-ը վարչական շրջան: Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն իրականացնում է կապալառու ընկերությունը:

«Մենք դեռևս համալրում ենք հիմնարկի հատուկ տեխնիկան, ուստի Ավան և Նոր Նորք վարչական շրջանները սպասարկում է մրցույթը հաղթած կապալառու ընկերությունը: Հուսով եմ, որ մենք այս տարի կհամալրենք մեր պարկը և ամբողջ 12 վարչական շրջանները կմաքրի համայնքային կառույցը»,- ընդգծում է Արմեն Գրիգորյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում