ՀՌՀ-ն բաշխեց հանրապետական և մայրաքաղաքային սլոթերի համար դիմած հեռուստաընկերությունների միավորները
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամները բաշխեցին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման հանրապետական սփռման մրցույթին և հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման ձևավորման մայրաքաղաքային սփռման մրցույթին դիմած հեռուստաընկերությունների միավորները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը հայտնեց, որ հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7:
«Դեկտեմբերի 30-ին կնքվեց միջկառավարական պայմանագիր` Հայաստանի և Ռուսաստանի միջև, որի համաձայն` ռուսական մեկ հեռուստաալիք ստանում է հանրապետական ծածկույթ, և երկու հեռուստաալիք ստանում են մայրաքաղաքային սփռման արտոնագիր, այդ պայմանագրից հետո հանրապետական սլոթերի քանակը դարձել է 5, իսկ մայրաքաղաքային սլոթերինը` 7»,- ասաց Հակոբյանը:
Հանրապետական սփռման մրցույթին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել 12 հեռուստաընկերություն, որից 3-ը դիմել էին միայն հանրապետական սփռման մրցույթին, իսկ 9-ը` միաժամանակ հանրապետական և մայրաքաղաքային:
«Միայն մայրաքաղաքային սփռման մրցույթին մասնակցելու համար ներկայացվել էր 4 հայտ, սակայն հունվարի 8-ին «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊ ընկերությունը, իսկ հունվարի 13-ին «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությունները ներկայացրին իրենց դիմումները, որով նրանք հետ կանչեցին իրենց հայտերը, ուստի չեն մասնակցում այս մրցույթին»,- նշեց Տիգրան Հակոբյանը:
Հանձնաժողովը միավորները բաշխել է հետևյալ կերպ.
Հանրապետական ծածկույթ`
- «Արմենիա TV» ՓԲԸ- 713 միավոր
- «Հուսաբեր» ՓԲԸ (Երկիր Մեդիա)- 688
- «Շանթ» ՍՊԸ- 680
- «ATV» ՍՊԸ- 670
- «Մուլտիմեդիա կենտրոն TV» ՓԲԸ- 663
- «Շարք» ՍՊԸ-ն (5-րդ ալիք)- 657
- «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ- 626
- «Արմնյուզ» ՓԲԸ- 613
- «Մելտեքս» ՍՊԸ-ն (Ա1+)- 545
- «Freenews» ՍՊԸ- 531
Մայրաքաղաքային ծածկույթ`
- «Արփի մեդիա» ՍՊԸ- 542
- «Դար 21»- 492
- «Մո TV մեդիահոլդինգ» ՓԲԸ- 463
- «Շանթ սպորտ» ՍՊԸ- 216
«Ամենաբարձր թվանշանները հավաքած հեռուստաընկերությունները լրացնում են հանրապետական մուլտիպլեքսը, այն հեռուստաընկերությունները, որոնք ավելի քիչ միավոր են հավաքել, նրանք տեղ են զբաղեցնում մայրաքաղաքային մուլտիպլեքսում»,- նշեց Տիգրան Հակոբյանը: