Հասարակական

Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը

3 րոպեի ընթերցում

Միքայել Մելքումյանը շրջանառությունից հանեց առաջին ընթերցմամբ ընդունված իր նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում շրջանառությունից հանեց իր ներկայացրած նախագիծը, որն արդեն առաջին ընթերցմամբ ընդունվել էր լիագումար նիստում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով Մելքումյանն առաջարկում էր ընդլայնել միկրոձեռնարկատիրության դաշտում գործող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց շրջանակը, որոնք զբաղվում են որոշակի գործունեությամբ: «Հատկապես առաջարկում ենք ներառել այն գործունեության տեսակները, որոնք ներտնային աշխատանքին են առնչվում, օրինակ` մաքրողները, դայակները»,-ասաց պատգամավորը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը հիշեցրեց, որ ի սկզբանե կառավարությունը հավանություն չի տվել նախագծին, սակայն կառավարությունն առաջարկել է Մելքումյանի նախագծի քննարկման առիթն օգտագործել և 5000 դրամների կանոնը վերանայել և պասիվ եկամուտները դուրս բերել միկրոձեռնարկատիրության հարկման արտոնյալ համակարգից: «Ի սկզբանե համակարգի ներդրման փիլիսոփայությունը չէր նախատեսում պասիվ եկամուտների հարկումից ազատում և նախատեսում էր պարզունակ գործունեության տեսակներով զբաղվող և իրացման շրջանառության փոքր ծավալներ ունեցողների հարկումից ազատում»,-ասաց նա:

Սակայն Մելքումյանը դեմ արտահայտվեց առաջարկին, քանի որ կարծում է, որ իր ներկայացրած նախագծի հետ կապ չունի այդ առաջարկը: Նա առաջարկեց նոր նախագծով ներկայացնել այդ առաջարկները:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ պատգամավորները առաջին ընթերցմամբ քննարկմանը լիակատար կոնսենսուս չեն ունեցել նախագծի վերաբերյալ: Նրա խոսքով՝ պատգամավորներն իմացել են, որ կառավարության իրենց գործընկերների հետ ընդհանուր հայտարարի են եկել, որ այդ պահին նախագիծն ընդունեն այս տեսքով, երկրորդ ընթերցմամբ քննարկմանը փոփոխություններ անեն: «Հիմա ստացվում է, որ պայմանավորվածությունը խախտվում է»,-ասաց նա:

Մելքումյանը ներկայացրեց իր հիմնավորումները: Պատգամավորը նաև շեշտեց, որ ճգնաժամային իրավիճակում ընդհանրապես դեմ է որևէ հարկային ռեժիմի ծանրացման: «Իսկ եթե դուք չունեք կոնսենսուս, մի ունեցեք: Ես հենց հիմա կհանեմ այս օրենքի նախագիծը: Համարեք, որ ես պաշտոնապես հանում եմ այս նախագիծը»,-ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում