Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում հարկ չի գանձվի. օրինագիծն ընդունվեց
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանի ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում էր վերացնել Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերվող ապրանքների դեպքում առկա հարկային բոլոր վճարումները:
«Երբ քաղաքացին որևէ բարեգործական ապրանք է նվիրաբերում Հայաստանի Հանրապետությանը, ինքն ազատվում է մաքսավճարներից և հարկային այլ վճարներից, բացառությամբ մեկ վճարի, որն այս նախագծով էլ փորձում ենք ազատել: Խոսքը` պետական տուրքի մասին է, որը սահմանում է, որ տվյալ դեպքում յուրաքանչյուր տոննայի համար 1000 դրամ կվճարվի, մյուս տոննաժների համար` 0.3 գործակցով: Այս արտոնությամբ մենք վերացնում ենք բոլոր տեսակի վճարները»,- օրենքի նախագծի ներկայացման ընթացքում ասել էր Գաբրիելյանը:
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում օրենքի նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:
Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն` 80 «կողմ» ձայնով: