Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   6 Մայիս

ԱԺ-ն քննարկում է անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները կրճատող նախագիծը

ԱԺ-ն քննարկում է անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները 
կրճատող նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է կրճատել անհայտ բացակայող, մահացած ճանաչելու գործող ժամկետները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Նախագծով կրճատում ենք անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործող ժամկետները, եթե դրանք պայմանավորված են եղել ռազմական գործողություններով»,-ասաց Բադասյանը:

Նա հիշեցրեց, որ գործող Քաղաքացիական օրենսգրքի 44-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների համաձայն՝ շահագրգիռ անձանց դիմումով դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե 1 տարվա ընթացքում նրա բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին: Ներկայացված նախագծով ժամկետը դարձվում է երեք ամիս: Նախագծով սահմանվում է. «Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղաքացու գտնվելու վայրի մասին»:

Նախարարի խոսքով՝ այսինքն, եթե անձի բնակության վայրում տեղեկություններ չկան նրա գտնվելու վայրի մասին 3 ամսվա ընթացքում, ապա շահագրգիռ անձանց դիմումով դատարանները կարող են անձին անհայտ բացակայող ճանաչել, և օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վրա դիմել հատուցման հիմնադրամին՝ հատուցում ստանալու համար:

Գործող քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն՝ ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից մահացած ճանաչվել ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից 2 տարի հետո: Ներկայացված նախագծով մահացած ճանաչելու ժամկետը 2 տարուց դառնում է 1տարի՝ ռազմական գործողությունների սկսելու պահից:

Կարգավորումները տարածվում են սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ