Արցախ

«Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ-ն նպատակ ունի Արցախում իրականացնել զարգացման ծրագրեր

2 րոպեի ընթերցում

«Եռանկյուն մարդասիրական սերունդ» ՀԿ-ն նպատակ ունի Արցախում իրականացնել զարգացման ծրագրեր

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռանկյուն մարդասիրական սերունդ» (Triangle génération humanitaire) հասարակական կազմակերպությունը նպատակ ունի Արցախում վերակառուցման, զարգացման ծրագրեր իրականացնել՝ ինչպես ռազմական գործողություններից տուժած տարբեր երկրներում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀԿ-ի տնօրեն Պատրիկ Վերբրուգեն այս մասին հայտնել է դեկտեմբերի 23-ին Արցախի աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանի հետ հանդիպմանը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ ներկայացնելով կազմակերպության գործունեության հիմնական շրջանակը՝ այն է վերակառուցման և զարգացման ծրագրերի իրականացումը ռազմական գործողություններից տուժած տարբեր երկրներում՝ Վերբրուգենն ընդգծել է, որ հստակ նպատակ ունեն Արցախում ևս իրականացնելու նման ծրագրեր՝ դրանք համապատասխանեցնելով տեղական պաշտոնյաների կողմից բարձրացվող առկա խնդիրների շրջանակին:

Ողջունելով հյուրին՝ Թանդիլյանն իր խոսքում նշել է, որ բոլոր այն ծրագրերը, որոնք իրականացվում են կազմակերպության կողմից, կիրառելի են Արցախում ևս, որովհետև հետպատերազմական բոլոր տեսակի ազդեցություններն այսօր ակնհայտորեն իր վրա կրում է Արցախում ապրող ժողովուրդը: Նախարարը հույս է հայտնել, որ հանդիպման ընթացքում կմշակվեն գերատեսչության և կազմակերպության միջև համագործակցության եզրերն ու կընտրվեն այն ոլորտները, որտեղ իսկապես առկա է նման աշխատանքների անհրաժեշտություն: Այդ համատեքստում Մանե Թանդիլյանն ընդգծել է երեխաների համար իրականացվող օժանդակության ծրագրերն ՝ առանձնացնելով հատկապես սոցիալ-հոգեբանական աջակցության անհրաժեշտությունն ու կազմակերպության ունեցած մասնագիտական ներուժի կիրառումն այդ բնագավառում:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել անհրաժեշտ տեղեկատվության փոխանակումից անմիջապես հետո սկսել գործնականում կիրառելի համատեղ ծրագրերի իրականացումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում