Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Առաջին քանդակագործ հայուհին. ճակատագիրը հետապնդում էր նրան…

Առաջին քանդակագործ հայուհին. ճակատագիրը հետապնդում էր նրան…

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համոզված եմ՝ տաղանդավոր, ես կասեի՝ ոսկեձեռիկ այս արվեստագետին քչերը կճանաչեն: Կճանաչեն հատկապես այն նույն բնագավառի մարդիկ, որի առինքնող դեմքերից մեկն էր ինքը: Կճանաչեն նրանք, ովքեր քաջատեղյակ են հայոց քանդակագործության պատմությանը, հայ կերպարվեստին, նրա երեւելի դեմքերին:

Այծեմնիկ Ուրարտու. ծնվել է 1899 թվականին հայոց երբեմնի մայրաքաղաք Կարսում: Առաջին աշխարհամարտի տարիներին մանկավարժների նրանց ընտանիքը տեղափոխվում է Ստավրոպոլ, որտեղ մինչեւ 8-րդ դասարան ուսանում է քաղաքային գիմնազիայում: Երիտասարդ տարիքում էր՝ 1921-ին, երբ հայերի ձեռամբ քաղաք դարձած ու ընդամենը մի քանի տարի առաջ այդ նույն հայերի արյամբ հեղեղված Բաքվում բացվում են բարձրագույն արվեստի արվեստանոցներ՝ այն ժամանակներում ճանաչված քանդակագործ Ստեփան Էրզոյանի նախաձեռնությամբ: Այծեմնիկը մասնակցում է չորս տարի տեւողությամբ այդ դասընթացներին, զուգահեռաբար ստեղծագործում:

Երկիրը արդեն միութենական էր, այսինքն՝ հավասար իրավունքներով ազգերի ընտանիք: 1926 թվականին միության մայրաքաղաքում բացվում է քանդակագործական աշխատանքների ցուցահանդես՝ ժամանակի ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների մասնակցությամբ: Արվեստում ինքնահաստատման վստահելի քայլերն արդեն կատարած երիտասարդ հայուհին հեղինակավոր այդ ցուցահանդեսին է ներկայացնում պլաստիկ ու ճկուն արվեստով կյանքի կոչած երկու աշխատանք՝ «Հանգիստ» եւ «Անապաստանը»: Երկուսն էլ արժանանում են ամենաբարձր գնահատականի:

1926 թ. Այծեմնիկ Ուրարտուն վերջնականապես հաստատվում է Երեւանում: Սկսվում է ստեղծագործական նոր ու արգասաբեր մի շրջան: Մեկուկես տասնամյակի ընթացքում ստեղծում է քանդակների ամբողջական մի շարք, որոնք ներկայացնում էին հայրենիքում հայտնի դեմքերի ու գործիչների քանդակ-պատկերներ, կոմպոզիցիաներ, բարելյեֆներ՝ «Ավետիք Իսահակյան», «Մարտիրոս Սարյան», «Առաջ», «Դեռահասը», «Անուշ», «Մրգերով աղջիկը», Հովհաննես Թումանյանի արձանի կոմպոզիցիոն մակետ: Ուշագրավ են նրա անդրադարձները հայոց էպոսին՝ «Մսրա Մելիք եւ Սասունցի Դավիթ», «Սասունցի Դավիթ»:

Ազնվական, համարձակ կերպարների վեհացման, փառավորման շեշտադրումն է ակնհայտ առաջին հայ կին քանդակագործի այս շարքի ու նրա գրեթե մյուս բոլոր գործերում: Թումանյանական քանդակների շարքը, մասնագետների բնութագրմամբ՝ լիրիկական նոր գծի ներդրում էր հայ պլաստիկ քանդակագործության մեջ: Դրանցում արվեստագետի համար խիստ շահեկանորեն բացահայտվում է Ուրարտու քանդակագործի անհատականությունը՝ ոճային ինքնատիպություն, ծավալների փափուկ մոդելավորում, լույսի եւ ստվերի սահուն անցումներ, երգեցիկ ուրվագծեր…

Անկախ այն իրողությունից, որ ստեղծագործական հաջողություններն ու նվաճումներն ակնբախ էին, սակայն կարծես ինչ-որ չար ճակատագիր էր հետապնդում նրան. 1937թ. Մոսկվա ուղարկած մեծարժեք կոմպոզիցիոն աշխատանքը տեղ է հասնում աղետալի վնասվածքներով, որն այլեւս անհնարին էր վերականգնել: Նույն թվականին բանտարկվում, ապա աքսորվում է Աշոտ Հովհաննիսյանը՝ տղամարդ, ում սիրում էր Ուրարտուն, հաշվի նստում նրա կարծիքի հետ եւ ում հետ ընտանիք էր կազմելու: Հետագա իրադարձություններն այնպես են ընթանում, որ շփոթության են հասցնում արվեստագետին: Ճարահատյալ՝ նամակ է ուղարկում Մոսկվա՝ իշխանությունում բարձր պաշտոն զբաղեցնող Անաստաս Միկոյանին, խնդրելով բացատրել, թե ինչ դրդապատճառներով իր գործերն այլեւս չեն ցուցադրվում, անտեսվում են մրցույթներին ուղարկված իր ստեղծագործությունները… Զուր հույսեր ու զուր ջանքեր:

Այսուհանդերձ, արարման ոգին անհնարին էր կոտրել. ուժ գտնելով իր մեջ, շարունակում է աշխատել: Պատերազմական ու հետպատերազմյան տարիներին Ա. Ուրարտուն ստեղծում է մասշտաբային «ժամանակակիցների դիմապատկերներ» շարքը՝ «Ջութակահարը», «Վիրաբույժ Քեչիկ», այլ գործեր: Արվեստանոցը, որտեղ արարվում էին այդ գործերը, ծառայում էր նաեւ որպես բնակարան, քանի որ իր տունը հատկացրել էր փախստականներին:

Մինչ զբաղված էր իր մեծարժեք ժառանգության ստեղծումով, կույր ճակատագիրը հերթական պատուհասն է բերում՝ 1947-ին փլվում է արվեստանոցի առաստաղը՝ ոչնչացնելով շուրջ 40 էսքիզ եւ այլ աշխատանքներ: Դրանք նույնպես անդառնալի կորուստներ էին: Իսկ որքան ծանր ու հոգեմաշ օրեր, ամիսներ էր անցկացնելու, մինչեւ մեկ տարի անց կվերականգնվեր արվեստանոցը, ու ինքը նորից կտրվեր ստեղծագործ առօրյային: Քսան տարի աշխատում է քերթողահոր՝ Մովսես Խորենացու հիրավի շքեղ քանդակի վրա: Կատարյալ մի ստեղծագործություն, որը այսօր զարդարում է Մատենադարանի սրահներից մեկը՝ հիացում պարգեւելով դիտողին:

Բարեբախտաբար, գնահատվել է արվեստագետի վաստակը. 1956 թ. արժանացել է ԽՍՀՄ արվեստի վաստակավոր գործչի կոչման, իսկ 1960-ին՝ Հայաստանի ժողովրդական նկարչի:

Այծեմնիկ Ուրարտուն՝ Այծեմնիկ Խաչատրյանը, տասնչորս տարի էր ապրելու վերջին կոչումն ստանալուց հետո՝ որպես ժառանգություն մեզ թողնելով պատկառելի մնայուն վաստակ: Սակայն ճակատագրի սեւ ուրվականը ասես վախճանից հետո էլ է շարունակում հետապնդել նրան. մոռացվել է տաղանդավոր հայուհին, մոռացության փոշում են նրա սքանչելի աշխատանքները, ասես չենք էլ ունեցել առաջին կին քանդակագործին: Նրան, ով չուներ սեփական զավակներ եւ մատնված է մոռացության, ինչպես նրա կռնատված-մոռացված «Կուժով աղջիկը»՝ մայրաքաղաքի Աբովյան պուրակում…

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]