Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   23 Հունվար

Կապանում կազատվեն մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրած անվտանգության գոտուց հատվածներ. Գևորգ Փարսյան

Կապանում կազատվեն մինչև նոյեմբերի 9-ը զբաղեցրած անվտանգության գոտուց 
հատվածներ. Գևորգ Փարսյան

ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ մինչև դեկտեմբերի 18-ը՝ ժամը 17:00-ն, իրենց ուղղությամբ դիրքեր պետք է ազատեն:

«Խոսքն այն տարածքների մասին է, որոնք մենք զբաղեցրել էինք մինչև նոյեմբերի 9-ը, անվտանգության գոտու ապահովման համար: Այդ մասին մեզ ասել են զինվորականները: Սա շատ ցավալի իրողություն է, նորից ու նորից ահազանգում ենք անվտանգության հետ կապված: Փաստորեն Կապանից երկու ուղղությամբ գյուղեր տանող ճանապարհների որոշ հատվածներ ընկնում են թշնամու տարածքում»,-ասաց համայնքի ղեկավարը:

Նա տեղեկացրեց , որ անվտանգության ապահովման համար առաջարկվում է ռուս սահմանապահների հերթապահություն: Գևորգ Փարսյանի խոսքով, կան համայնքներ, որոնք փաստորեն չունեն այլընտրանքային ճանապարհ և դրա անհրաժեշտությունը խիստ օրակարգային է դառնում:

«Կապանը շատ լուրջ անվտանգության խնդրի առաջ է կանգնում, ինչպես նշեցի՝ ճանապարհների հարցը: Դրանից բացի, սահմանային հատվածը ստացվում է Կապանի բնակելի հատվածից 1 կմ հեռավորության վրա, օդանավակայանից, Կապան քաղաքի արտադրական հատվածից մոտ 200 մետր հեռավորություն, այսինքն՝ լուրջ անվտանգության հարց է առաջանում: Ներդրումների խնդիր կլինի,  զբոսաշրջության մասին էլ չեմ մտածում»,-հավելեց համայնքի ղեկավարը:

Կապանցիները, քաջարանցիներն այսօր փակել են Մ2 մայրուղին՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու այս հարցերի հետ կապված: Գևորգ Փարսյանը նշեց, որ այն դեռ շարունակում է փակ մնալ: Բնակիչներին մոտեցել է Սյունիքի նորանշանակ մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և լսել նրանց խնդիրները:

Դեկտեմբերի 17-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն աշխատանքային այցով մեկնել է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում իրականացվող ամրաշինական, մարտական հենակետերի կառուցման աշխատանքներին, ինչպես նաև հետևելու մարտական հերթապահության կրման ընթացքին։ Գևորգ Փարսյանը նշեց, որ նախարարը Կապան չի այցելել, նրանք չեն հանդիպել:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ