Քաղաքականություն

Փաշինյանը որոշակի առաջընթաց է տեսնում գերիների վերադարձի հարցում

2 րոպեի ընթերցում

Փաշինյանը որոշակի առաջընթաց է տեսնում գերիների վերադարձի հարցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրանցված որոշակի առաջընթաց է տեսնում Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից գերեվարված անձանց վերադարձի կազմակերպման հարցում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց դեկտեմբերի 5-ին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում:

«Կարևորագույն խնդիր է մեր գերեվարված հայրենակիցների վերադարձը: Այստեղ որոշակի առաջընթաց ունենք և, ըստ էության, համաձայնեցված է սկզբունքը, որ բոլորը պետք է փոխանակվեն բոլորի հետ, ընդ որում` ոչ միայն պատերազմի ընթացքում գերեվարված, այլև պատերազմից առաջ հայկական և ադրբեջանական կողմերում հայտնված անձինք պետք է վերադարձվեն: Հիմա մեր խնդիրն է գործել այնպես, որ ոչ միայն վերադարձնենք նրանց, ում գերեվարված լինելու փաստն այս պահին հաստատված է պաշտոնապես, այլև մեխանիզմներ ստեղծենք, որ, եթե հետագայում կպարզվեն այլ անուններ ևս, նրանց վերադարձի հետ կապված խնդիրներ չծագեն»,- ասաց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս հարցում պետք է ցուցաբերել որոշակի համբերություն:

Դեկտեմբերի 4-ին Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահ ուժերի հրամանատար Ռուստամ Մուրադովի վարած բանակցությունների արդյունքում հնարավոր է դարձել Ադրբեջանից վերադարձնել գերեվարված երկու քաղաքացիական անձի։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում