Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Հուլիսյան մարտերից հետո Տավուշում զարգացման նախաձեռնությունների պակաս չի զգացվում. նոր ԲԿ՝ Այգեձորում

Հուլիսյան մարտերից հետո Տավուշում զարգացման նախաձեռնությունների պակաս չի 
զգացվում. նոր ԲԿ՝ Այգեձորում

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տավուշի մարզի սահմանամերձ Այգեձոր համայնքը նոր ներդրումային ծրագրի շնորհիվ կունենա ժամանակակից բժշկական կենտրոն, որը կսպասարկի շրջակա գյուղերի բնակիչներին, կունենա նաև ռազմավարական կարևոր նշանակություն: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին պատմեց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը:

«Այս համագործակցությունը սկսվել է հուլիսյան դեպքերից հետո: Այդ ժամանակ տարբեր կազմակերպությունից բավականին մեծ հետաքրքրություն կար Տավուշում աջակցության զարգացման ծրագրեր իրականացնելու: Իմ մոտեցումն այն էր, որ այդ ծրագրերը լինեն իսկապես զարգացման ծրագրեր՝ շինարարություն, ենթակառուցվածքներ, կարևորագույն նշանակության շենքեր: Եվ մենք «Stone Development» շինարարական կազմակերպության կողմից ստացանք առաջարկ՝ շենքի կառուցման, և առաջարկեցինք Այգեձորի հիվանդանոցը»,-ասաց մարզպետը:

Այգեձորի հիվանդանոցի շենքն այսօր բավականին վատ վիճակում է, հին շենք է, որի պայմանները վերանորոգման հնարավորություն էլ չեն տալիս: «Ընտրվել է տարածքը, որտեղ կառուցված է ամբուլատորիայի շենքը, գտնվում է Այգեձոր և Չինարի գյուղերի արանքում: Ամբուլատորիայի շենքի տարածքին կից կառուցվելու է առանձին երկհարկանի շենք: Միաժամանակ կառուցվելու է նաև բավականին մեծ ապաստարանային հատված, որը անհրաժեշտություն է հատկապես սահմանամերձ տարածքում»,-ասաց Չոբանյանը:

Նրա խոսքով՝ գործընկերներն այս ընթացքում իրականացրել են ամբողջ նախագծային աշխատանքները: Երկու օր առաջ նաև տրամադրվել է շինարարական թույլտվությունը, և մի քանի օրից արդեն կսկսվեն շինաշխատանքները: Ֆինանսավորումն արվելու է բարերար կազմակերպության կողմից: Մարզպետը հույս հայտնեց, որ արդեն հաջորդ տարվա կեսին կավարտվեն աշխատանքները: «Եվ այդ կարևորագույն ռազմավարական վայրում կունենանք բարեկեցիկ և կարևոր ծառայություններ մատուցող առողջության կենտրոն»,-ասաց նա:

Հաշվի են առնվել առողջապահական օբյեկտների կառուցման բոլոր նորմատիվները: Մարզպետը նկատեց, որ ըստ էության կունենան տարածաշրջանում շատ լավ տիպային օրինակ՝ գյուղական առողջության կենտրոնի, և կփորձեն այդ աշխատանքները շարունակել մնացած վայրերում, որտեղ դրա անհրաժեշտությունը կա:

Այդ տարածքում՝ շրջակա գյուղերում այս պահի դրությամբ ապրում են 5000-ից ավելի բնակիչներ: Եվ առողջության կենտրոնը նախագծվել է՝ հաշվի առնելով հենց այդ ծավալները: Բուժանձնակազմի համալրման հարցերով ևս արդեն աշխատանքները սկսվել են: Չոբանյանի խոսքով՝ համագործակցում են կազմակերպությունների հետ, որոնք պատրաստ են մասնագետներ ուղարկել: Այսօր արդեն կան կոնկրետ առաջարկություններ: Տարբեր շրջաններից, արտերկրից մասնագետներ կան, որոնք պատրաստ են հատուկ ծրագրերի ներքո որոշակի ժամանակով աշխատելու մարզում: «Մենք նաև հատկապես վերջին 1.5 տարվա ընթացքում ինտենսիվ աշխատում ենք առողջապահական մասնագիտությունների գծով սովորող երիտասարդների հետ: Հայ օգնության ֆոնդի միջոցով ֆինանսավորում ենք նրանց կրթությունը՝ Բժշկակական համալսարանում և շահագրգռում ենք երիատասարդներին, որ գնան այն մասնագիտություններով, որոնց կարիքը մարզը, մասնավորապես սահմանամերձ տարածաշրջանների բուժհաստատություններն ունեն»,-ասաց մարզպետը:

Աննա Գրիգորյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]