Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   18 Հունվար

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ակնկալվում է իրավախախտումների բացահայտումը դարձնել ավելի արդյունավետ

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ ակնկալվում է իրավախախտումների 
բացահայտումը դարձնել ավելի արդյունավետ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և հարակից մի շարք օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ նախագծի հիմնավորման, դրա ընդունմամբ ակնկալվում է ՀՀ-ում կոռուպցիոն իրավախախտումների բացահայտումը, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը դարձնել ավելի արդյունավետ՝ այն մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի միջոցով իրականացնելու եղանակով: 

Մասնավորապես, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, ինչպես նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագիրը և Հակակոռուպցիոն ռազմավարությունը, առաջարկվում է ստեղծել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները քննող մասնագիտացված մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե: Կոմիտեն, որը ստեղծվելու է որպես քննչական մարմին, կազմակերպելու և իրականացնելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների մինչդատական քրեական վարույթը։

 Նախատեսվում է, որ Կոմիտեն քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ-հետախուզական գործունեություն։ Այս լիազորությունների ամբողջությունը հնարավորություն է տալու Կոմիտեին իրականացնել կոռուպցիոն հանցագործությունների ամբողջական և արդյունավետ քննություն: Կոմիտեն կազմված է լինելու կառուցվածքային մասնագիտական ստորաբաժանումներից (այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներից) և աջակցող ստորաբաժանումներից: 

Կոմիտեի կազմում գործելու են օպերատիվ-հետախուզական գործառույթներ իրականացնող ստորաբաժանումներ։ Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները կատարվելու է մրցութային կարգով: Խորհրդի կազմում խորհրդակցական ձայնի իրավունքով ներգրավվում է նաև երեք միջազգային փորձագետ։ Որպես միջազգային փորձագետ կարող են ներգրավվել հակակոռուպցիոն ոլորտում առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն ունեցող անձինք: Միջազգային փորձագետների ներգրավման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: Խորհրդի գործունեության թափանցիկությունը ապահովելու համար նիստերը կանցկացվեն բաց. քաղաքացիական հասարակության, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել նիստերին: Խորհրդի նիստերը կտեսաձայնագրվեն: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում կհրապարակվի յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ