Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման լաբորատորիա

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում կհիմնվի պրոթեզավորման 
լաբորատորիա

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնը շուտով կունենա քայլվածքի և պրոթեզավորման գերժամանակակից գերմանա-հոլանդական լաբորատորիա, որը ծառայելու է հայրենիքի համար իրենց կյանքը չխնայած խիզախ հայորդիների առողջության վերականգմանը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին «Հայաստան» հիմնադրամից:

Ներկայումս կենտրոնում բուժում է ստանում 120 զինվոր:

Այս համատեղ նախաձեռնությունը կյանքի է կոչվել Հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի շրջանակներում Նիդեռլանդների հայ համայնքի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործընկեր «Vereniging Armeniëfonds Nederland»-ի ֆինանսավորմամբ:

«Սա առաջին նմանատիպ լաբորատորիան է Հայաստանում: Այն մեզ թույլ կտա ապահովել գերժամանակակից պրոթեզավորում, որը ոչ միայն առավելագույնի կհասցնի յուրաքանչյուր հիվանդի ֆունկցիոնալությունը, այլ նաև հնարավորություն կտա խուսափել հետագա բարդացումներից և վիրահատություններից: Մենք շնորհակալ ենք բոլոր այն հայերին, որոնք «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով աջակցեցին այս կենսական ծրագրի իրականացմանը»,– ասել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը:

Նոր լաբորատորիան ապահովելու է ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների ֆունկցիոնալ պրոթեզավորում: Քայլվածքի 360 աստիճան 3D վերլուծության լաբորատորիան կբարձրացնի կենտրոնի գործառությունը` տրամադրելով հիվանդների հատուկ կարիքների խորը վերլուծություն, իսկ պրոթեզավորման լաբորատորիան կստեղծի ժամանակակից և յուրաքանչյուր հիվանդի կարիքներին համապատասխան պրոթեզներ: Այս ծրագիրը ներառելու է նաև վերապատրաստման բաղադրիչ, ինչի շնորհիվ հայ բժիշկները և պրոթեզավորման մասնագետները կմասնակցեն եվրոպական վերապատրաստման ծրագրերին՝ վերականգնողական կենտրոնի հիվանդների խնամքն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Մեր վիրավոր երիտասարդների բուժումն ու խնամքը գերակա նշանակություն ունեն Հիմնադրամի, ինչպես նաև հայ ազգի համար: Սա առաջին ծրագիրն է գալիք բազմաթիվ նախաձեռնությունների շարքում,  որոնք մշակվել են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված մեր զինվորների անձնվեր գործը գնահատելու և իրենց ֆիզիկական կարիքները հոգալու համար: Ներկայումս մշակվում են նաև մի շարք ծրագրեր ինչպես հայրենիքի պաշտպաններին, այնպես էլ իրենց ընտանիքներին աջակցելու համար:

Աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերիս պարտքն է մեր երախտագիտությունը հայտնել մեր քաջորդիներին իրենց անձնազոհ ծառայության համար: Հիմնադրամը շարունակելու է աջակցել նրանց, որպեսզի պատերազմի հետևանքները չհանգեցնեն իրենց կյանքի որակի անկման։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]