Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հունվար

Հանրապետությունում դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման

Հանրապետությունում դեկտեմբերի 7-ից դպրոցները կանցնեն առկա ուսուցման

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական գրությամբ դիմել է մարզպետարաններին և Երևանի քաղաքապետարանին՝ դեկտեմբերի 7-ից ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների սովորողների համար դասերն առկա կազմակերպելու վերաբերյալ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ համաձայն մինչ այդ տրված կարգավորման՝ առկա է կազմակերպվում 1-4-րդ դասարանների, ինչպես նաև ներհամայնքային տրանսպորտ չունեցող համայնքների բոլոր դասարանների ուսումնական գործընթացը: Շրջաբերականում նշվում է, որ որոշումը կայացվել է ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ։ Դասերն առկա եղանակով կազմակերպելիս հանրակրթական ուսումնական հաստատությունները պարտավոր են պահպանել ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 18-ի N 24-Ն հրամանով հաստատված պահանջները:

Միաժամանակ, ըստ շրջաբերականի, չեն գործում ուսումնական տարվա սկզբին հաստատված՝ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) պայմաններում հանրակրթական ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման» ուղեցույցի սահմանափակումները` բացառությամբ 20-ից ավելի սովորողներ ունեցող դասարանների խմբերի բաժանման դրույթի: Նույնը վերաբերում է նաև նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցներին, ինչպես նաև ոչ պետական ուսումնական հաստատություններին։

«Հավելենք, որ համաձայն առողջապահության նախարարի վերոնշյալ հրամանի՝ ուսումնական հաստատությունում անհրաժեշտ է ապահովել՝ դիմակների, ձեռքերի և մակերեսների մշակման համար նախատեսված հականեխիչ /ախտահանիչ միջոցների, ձեռքերի լվացման միջոցների առկայությունը, ձեռքերի լվացման հնարավորություն՝ հոսող ջրով՝ արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ ախտահանման հնարավորությամբ), թափոնների հեռացման համար փակվող «Օգտագործված դիմակներ» մակնշմամբ, կափարիչի ոտնակային կամ սենսորային կառավարման փակվող կափարիչով աղբամաններ, հեռահար ջերմաչափում։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ծանր զարգացման բարձր ռիսկի խմբի, 65 և բարձր տարիքի աշխատողները կարող են աշխատանքն իրականացնել «հեռավար» եղանակով իրենց գրավոր համաձայնության դեպքում»,-ասված է հաղորդագրությունում։

Ռիսկի խմբում գտնվող երեխաները կշարունակեն հեռավար ուսուցումը՝ կենտրոնացված հեռավար ուսուցման միջոցով: Յուրաքանչյուր դպրոցի համար կկիրառվի առանձին մոտեցում՝ կախված դպրոցում համավարակի դեպքերի թվից․ 10 տոկոսից ավելի վարակվածության ցուցանիշ ունենալու դեպքում, ըստ սահմանված առողջապահական կանոնների, դպրոցը կրկին կանցնի հեռավար ուսուցման:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ