Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հունվար

Պատգամավորներն առաջարկում են փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջները

Պատգամավորներն առաջարկում են փոփոխել Հաշվեքննիչ պալատի անդամի 
թեկնածուին ներկայացվող պահանջները

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն ներկայացրեց «Հաշվեքննիչ պալատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նախագիծը հեղինակել են պատգամավորներ Եղիշե Սողոմոնյանը, Արտակ Մանուկյանը, Տիգրան Ուլիխանյանը, Վարդան Աթաբեկյանը, Համազասպ Դանիելյանը և Երջանիկ Հակոբյանը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Եղիշե Սողոմոնյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է փոփոխություն մտցնել Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածուին ներկայացվող պահանջներում:

«Գործող կարգավորմամբ` Հաշվեքննիչ պալատի անդամ կարող են հանդիսանալ այն անձինք, որոնք ունեն աուդիտորի որակավորում, այդ ոլորտում գործունեության 5 տարվա փորձ, ընդորում` 1 տարի աուդիտորական կազմակերպության ղեկավարի փորձ կամ Հաշվեքննիչ պալատի անդամի 3 տարվա փորձ, ինչպես նաև հանրային հատվածի ֆինանսական ոլորտում 10 տարվա փորձ, որից 5 տարին` ղեկավարի պաշտոնում: Առաջարկում ենք, որ անդամին ներկայացվող պահանջներում կատարվի փոփոխություն ու դիտարկվի ոչ միայն հանրային ֆինանսներում աշխատանքային փորձը, այլ նաև ընդհանրապես ֆինանսական հատվածում փորձի առկայությունը: Եթե անձն ունի ֆինանսական համակարգի 10 տարիների փորձ, որից 5 տարին` ղեկավար անձի փորձ, նաև աուդիտորի որակավորում, ապա հնարավորություն կունենա ներկայացված լինել, որպես Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածու»,- ասաց Սողոմոնյանը:

Օրենքի նախագիծն ընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգում:

Նորայր Շողիկյան





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ