1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կինոարվեստը որպես փրկօղակ. «Ծիրանի ծառ» փառատոնն առցանց ցուցադրություններ կիրականացնի

Կինոարվեստը որպես փրկօղակ. «Ծիրանի ծառ» փառատոնն առցանց 
ցուցադրություններ կիրականացնի

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս ծանր օրերին մշակույթը շարունակում է փրկօղակ լինել: Հայաստանում կազմակերպվում են փառատոններ, որոնք  մարդկանց հնարավորություն են տալիս մի փոքր շեղվել ծանր առօրյայից և առաջ նայել:

«Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի 6-րդ միջազգային փառատոնը, որը մեկնարկել է սեպտեմբերի 14-ին Արագածոտնի մարզի Ուջան գյուղում, նպատակ ունի արվեստասերներին ծանոթացնել աշխարհի մեծ և փոքր ժողովուրդների սովորույթներին և ավանդույթներին, ժողովրդական արվեստին ու արհեստներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կինոփառատոնի շրջանակում ցուցադրություններ կկազմակերպվեն նաև առցանց հարթակում: Նոյեմբերի 23-30-ը ժամը 20։30-ին կինոարվեստի երկրպագուները կարող են atieff.org կայքում հայերեն թարգմանությամբ դիտել գաղափարական ու գեղարվեստական բարձր արժեք ունեցող 15 լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Բոլոր ցուցադրություններն ուղեկցվելու են քննարկումներով ու հեղինակների հետ հարցազրույցներով։

Մեզ հետ զրույցում փառատոնի ծրագրերի տնօրեն Արթուր Վարդիկյանն ասաց, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2020-ին բացօթյա ցուցադրություններ են կազմակերպել Ուջան գյուղի զբոսայգում: «Այս տարի չէինք կարող հյուրընկալել արտասահմանցի հյուրերի: Հայաստան ժամանած ռեժիսորները, սցենարիստները, պրոդյուսերները սովորաբար հյուրընկալվում են ուջանցիների տներում, և յուրահատուկ մթնոլորտ է ստեղծվում, քանի որ նրանք հնարավորություն են ունենում հաղոդակցվելու գյուղացիների հետ, ճանաչելու նրանց նիստուկացը, հետաքրքիր քննարկումներ ունենալու: Այս անգամ այդ բաղադրիչը չկա, բայց գյուղը ցուցադրությունների ժամանակ շատ ակտիվ էր. բոլորը երեկոյան հավաքվում էին Ուջանի զբոսայգում»,- պատմեց նա:

Վարդիկյանի խոսքով՝ չնայած «Ծիրանի ծառ»-ը վավերագրական ֆիլմերի փառատոն է, կազմակերպիչներն իրենց չեն սահմանափակում, և եթե առաջին տարիներին շեշտը դրվում էր ազգագրական վավերագրական ֆիլմերի վրա, ապա հիմա միակ չափորոշիչը  ֆիլմի բարձր գեղարվեստական արժեքն է, հետևաբար պարտադիր չէ, որ  այն ազգագրական լինի, կարող են նաև փորձարարական լինել՝ խաղարկային ֆիլմի տարրերով և այլն:

Փառատոնի ծրագրերի տնօրենը տեղեկացրեց, որ 2020-ին ստացել են շուրջ 500 ֆիլմի հայտ, որոնցից ընդամենը 15 ֆիլմ են ընտրել՝ 8-ը կարճամետրաժ, 7-ը՝ լիամետրաժ: Ներկայացվել են կինոնկարներ Ռուսաստանից, Ավստրալիայից, Լեհաստանից, Բելառուսից, Ճապոնիայից, Գերմանիայից և այլ երկրներից: Երկու ֆիլմ ընտրվել է Հայաստանից: Մեկը Հովհաննես Իշխանյանի «Էլի կգաս, պապ» կամ «Ո՞վ է այդ պապը» ֆիլմն է, մյուսը՝ Կարինե Արոյանի և Նարե Նավասարդյանի «Անցումը»:

Արթուր Վարդիկյանը շատ կարևորեց կինոփառատոնի շրջանակում Ուջանում կինոդպրոց հիմնելու փաստը, որտեղ դպրացականների հետ փառատոնի ընթացքում իրենք աշխատում են: «Լուրջ տեխնիկական հնարավորություններ չկան, բայց հեռախոսների օգնությամբ կարողանում ենք ստեղծագործել: Որոշում ենք թեմաներն ու իրականացնում գաղափարները: Արդեն երկու կարճամետրաժ ֆիլմ ենք նկարահանել, որոնք տեղադրել ենք մեր կայքում և ներկայացրել բացօթյա ցուցադրությունների վերջին օրը՝ սեպտեմբերի 20-ին: Նախաձեռնությունը շարունակական է լինելու, քանի որ երեխաների հետ աշխատանքը էական  նշանակություն ունի մեզ համար»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով այս օրերին փառատոնի իրականացման կարևորությանը՝ Վարդիկյանը շեշտեց, որ գուցե շատերը հարց տան, թե փառատոն անցկացնելու, ֆիլմեր դիտելու ի՞նչ ժամանակն է հիմա: «Մենք քննարկել ենք այդ հարցն ու եկել այն եզրակացության, որ մշակույթին միշտ է պետք ժամանակ հատկացնել. չի՛ կարող լինել մի պահ, որ մի կողմ թողնվի արվեստը, քանի որ հենց արվեստի միջոցով մենք կարող ենք վերաիմաստավորել այն, ինչ կատարվել է մեզ հետ ոչ միայն այս տարի, այլև անցած 30 տարվա ընթացքում: Հենց սա է մեզ ուժ տալու հաղթահարելու այս ամենը և անելու այնպես, որ ապագայում ողբերգություններ այլևս չլինեն: Մենք վստահ ենք՝ ցուցադրվող ֆիլմերը մարդասիրական, բարձր գեղարվեստական արժեք ունեն, այլապես չէինք ներկայացնի»,- եզրափակեց Արթուր Վարդիկյանը:

Անժելա Համբարձումյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]