Հայաստանի ֆուտբոլի ընտրանին հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և ենթախմբում գրավեց առաջին տեղը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայի C դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման մեկնարկային րոպեներին երկու թիմերը գրոհներ էին փոխանակում: Խաղակեսի վերջնամասում վիճակագրական առավելությունը Հյուսիսային Մակեդոնիայի կողմն էր: Նրանք գնդակին տիրում էին 66-34 տոկոս հարաբերակցությամբ: Առաջին 45 րոպեում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:
Երկրորդ կեսի 54-րդ րոպեին, ստանալով Վահան Բիչախչյանի ճշգրիտ փոխանցումը, Հովհաննես Համբարձումյանը գնդակն ուղարկեց մրցակցիդարպասը:
Բաց թողած գնդակից հետո Հյուսիսային Մակեդոնիայի թիմը մեծ ուժերով նետվեց գրոհների:Մեր Կամո Հովհաննիսյանը շատ լավ հնարավորություն ուներ կրկնապատկելու ընտրանու առավելությունը, սակայն չստացվեց:
Ի վերջո, Հայաստանի ընտրանին նվազագույն հաշվով հաղթեց Հյուսիսայի Մակեդոնիային և ենթախմբում զբաղեցրեց առաջին տեղը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը պատմության մեջ առաջին անգամ դարձավ խմբային փուլի հաղթող: Խոակին Կապառոսի գլխավորած թիմը ենթախմբում առաջինն է և իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայի B դիվիզիոնում:
ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի այս խաղարկությունում Հայաստանի ընտրանու 8 գոլերը խփել են 8 տարբեր ֆուտբոլիստներ: