Հասարակական

Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին

2 րոպեի ընթերցում

Պատերազմի ծանր օրերին կատարվեց հերոսական աշխատանք. Արսեն Թորոսյանը շնորհավորել է ռազմական բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է ռազմական բժիշկներին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, նախարարն իր երախտագիտությունն է հայտնել պատերազմական այս ծանր օրերին հերոսական աշխատանքի ու բազմաթիվ կյանքեր փրկելու համար:

«Անգնահատելի է ձեր անմիջական մասնակցությունն ու ներդրումը մեր զինվորների ֆիզիկական և հոգևոր առողջական վիճակի պահպանման գործում: Այս օրերին եզակի համախմբվածություն է ցուցաբերել բժշկական հանրությունը և համախմբելով ողջ ներուժը մեկ գաղափարի ներքո` փրկել հայ զինվորին, կամավորին, խաղաղ բնակչին: Միահամուռ ուժերով եղել եք առաջնագծում և դժվարին ճանապարհ անցել` անվերապահորեն կատարելով ձեր առաքելությունը:

Չառանձնացնելով որևէ մասնագիտական խումբ և օգտվելով առիթից` մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում բոլոր բուժաշխատողներին` թիկունքն ու առաջնագիծն ամուր պահելու, ոլորտում սխրանքներ գործելու համար:

Խոնարհվում եմ բոլոր զոհված բժիշկների հիշատակի առաջ, ովքեր Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի ընթացքում կյանքի գնով իրենց մասնագիտական պարտքն են կատարել, տոկունություն եմ մաղթում նրանց ընտանիքներին և հարազատներին: Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, իսկ բժիշկներին` քաջառողջություն: Ամո'ւր եղեք` շարունակելով ձեր վեհ առաքելությունը»,- ասված է նախարարի շնորհավորական խոսքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում