Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Rolling Stone ամսագիրն անդրադարձել է SOAD-ի` Արցախյան գոյապայքարին նվիրված նոր երգերին

Rolling Stone ամսագիրն անդրադարձել է SOAD-ի` Արցախյան գոյապայքարին նվիրված 
նոր երգերին

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեղինակավոր Rolling Stone ամսագիրը ծավալուն հոդված է հրապարակել System of a Down ռոք խմբի երկու նոր երգերի մասին, որոնք նվիրված են Արցախյան գոյապայքարին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ամսագիրը նշում է, որ «Protect The Land» և «Genocidal Humanoidz» երգերը խմբի համար առաջինն են 15 տարվա երկար դադարից հետո:

«Տեսնելով, որ Ադրբեջանը սեպտեմբեր ամսին պատերազմ է սկսել Հայաստանի նկատմամբ` հայկական արմատներ ունեցող երաժիշտները վերադարձել են ստուդիա, որպեսզի երկու նոր երգեր ձայնագրեն և դրանով ուշադրություն հրավիրեն իրենց պատմական հայրենիքում ընթացող իրադարձությունների վրա»,- նշում է Rolling Stone-ը:

Հեղինակավոր ամսագիրը նշում է, որ 2005 թվականից հետո խմբի ներսում մշակութային տարաձայնություններ են առաջացել, որից հետո խմբի անդամներն այլևս նոր երգեր չեն ներկայացրել, սակայն շարունակել են իրենց շրջագայությունները: Բայց մեկ ամիս առաջ սկսված պատերազմը դարձյալ միավորել է խմբի 4 անդամներին:

Հոդվածում Rolling Stone-ն անդրադառնալով Լեռնային Ղարաբաղին՝ նշում է, որ այնտեղ մեծ մասամբ բնակվում են էթնիկ հայեր և իրենց հայրենիքն անվանում են Արցախ:

«Այն լեռնային բնակավայր է և ունի երկար արյունալի պատմություն, որը սպի է թողել այնտեղ ապրող մարդկանց հոգիների վրա: Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին պատերազմն ավարտվել է 1994թ., որի արդյունքում հաստատվել է հրադադար, իսկ տարածքն անցել է հայկական կողմի վերահսկողության տակ: Սեպտեմբերին Ադրբեջանը նոր պատերազմ է սկսել:

Հոդվածում նշվում է նաև, որ Ադրբեջանը պատերազմի ընթացքում բազմաթիվ պատերազմական հանցագործություններ է իրականացրել և աջակցություն է ստացել 1915թ. Հայոց ցեղասպանությունն իրականացրած Թուրքիայի կողմից:

Խմբի անդամները նշում են, որ իրենք զինվորներ չեն, սակայն երաժշտության միջոցով են փորձում մղել իրենց բաժին գոյության պայքարը:

SOAD-ի մենակատար Սերժ Թանկյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Այս երկու երգերը պատմում են սարսափելի և լուրջ պատերազմի մասին, որը սանձազերծվել է մեր հայրենիքի՝ Արցախի և Հայաստանի նկատմամբ: Ադրբեջանում Ալիևի և Թուրքիայում Էրդողանի կոռումպացված ռեժիմները ոչ միայն ցանկանում են Արցախն ու Հայաստանը հռչակել իրենցը, այլև անպատիժ իրականացնում են ցեղասպան գործողություններ մարդկության նկատմամբ՝ իրենց նպատակին հասնելու համար: Նրանք անում են դա հիմա՝ մտածելով, որ աշխարհը բավական զբաղված է կորոնավիրուսի համավարակով, ընտրություններով և քաղաքացիական անհնազանդություններով, որպեսզի արձագանքի իրենց վայրագություններին:

Ռոք երաժիշտը նշել է, որ երգերը կարելի է գնել այստեղ, իսկ գումարը կուղղվի պատերազմից տուժածներին օգնության տրամադրմանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]