Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են. ՊԲ
1 րոպեի ընթերցում
![Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը կասեցվել են. ՊԲ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1034105.jpg)
ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը մարտական գործողությունները շարունակվել են: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
«Շուշիի ուղղությամբ թշնամական գրոհային խմբերի բազմակի հարձակման փորձերը նույնպես կասեցվել են: Հակառակորդը լուրջ կորուստներ է կրել նաև հարավ-արևմտյան՝ Բերձորի հատվածում: Ամբողջ օրվա ընթացքում հակառակորդը հրթիռահետանային հարվածներ է հասցրել նաև Արցախի խաղաղ բնակավայրերին ու քաղաքացիական ենթակառուցվածքներին: Քաղաքացիական բնակչության շրջանում կան տուժածներ»,-ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ հարձակողական գործողությունները թշնամական ուժերի կողմից ճակատային գծի բոլոր ուղղություններում շարունակվում են: Բանակային ստորաբաժանումները լիարժեք կերպով վերահսկում են օպերատիվ-մարտավարական իրադրությունը և քայլեր են ձեռնարկում թշնամական ուժերի հետագա հայտնաբերման և կրակային խոցման ուղղությամբ: