Մարզային

Գեղարքունիքում թիկունքը գործում է հայրենանվիրության ոգով

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքում թիկունքը գործում է հայրենանվիրության ոգով

ԳԱՎԱՌ, 29 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզում, թուրանա-ադրբեջանական ուժերի կողմից սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր, թիկունքը գործում է հայրենանվիրության անսահման ոգով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզը ներկայացնող քաղաքացիները կամ կազմակերպությունները, արտերկրում ապրող մեր հայրենակիցները առաջնագծին օժանդակում են ամենատարբեր ձեռնարկներով՝ հատկացնելով դրամական ու նյութական միջոցներ, կամավորագրվելով հայրենիքի պաշտպանությանը։ Այս օրերին Գեղարքունիքի մարզի մի շարք հանրակրթական դպրոցների մանկավարժներ, դպրոցականներ եւ ծնողներ լծված են հայրենանվեր մի ձեռնարկի. միասնական ուժերով պատրաստում են տարբեր չափսերի քողարկիչ ցանցեր՝ սահման ուղարկելու: Աշխատանքներն ավարտել եւ Գեղարքունիքի մարզպետարան են ներկայացրել Գավառի Պ. Ղանդիլյանի անվան թիվ 2, Նորատուսի թիվ 1, Դդմաշենի, Զովաբերի միջնակարգ եւ Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցները: Պատրաստված քողարկիչ ցանցերը առաջնագիծ կուղարկվեն ըստ անհրաժեշտության եւ պահանջարկի:

«Մարզի հանրակրթական այլ դպրոցներում եւս այս պահին իրականացվում են նման աշխատանքներ: Նման նախաձեռնություն է հանդես բերվել նաեւ Վարդենիսի «Աստղավարդ» հաշմանդամ երեխաների ծնողներ» ՀԿ կողմից: Վարդենիսցի բազմաթիվ ընտանիքներ տրամադրել են հումք, իսկ ՀԿ-ում անդամագրված կամավորները պատրաստում են քողարկիչ ցանցեր: ՀԿ-ի կողմից նախաձեռնությունը կրում է շարունակական բնույթ: Առաջնագծի զինվորներին տաք հագուստ հասցնելու նպատակով բարեգործական նախաձեռնությամբ են հանդես եկել նաեւ Կարմիրգյուղի բուժամբուլատորիայի բուժաշխատողները: Նրանք աշխատանքին զուգահեռ հասցրել են տաք գուլպաներ գործել՝ դրանք փաթեթավորելով սահմանը պահող զինվորին ուղղված ջերմ խոսքերով ու քաղցրավենիքով»,- ներկայացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում